Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում անդրադարձել է ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների լայն շրջանակի՝ «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի հրապարակած զեկույցից մինչեւ հայ-թուրքական եւ հայ-վրացական հարաբերություններ: Այս վերջինի առնչությամբ նա մտահոգություն է հայտնել՝ արձանագրելով, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած լարվածությունը ՀՀ-ի համար լրջագույն խնդիր է, որովհետեւ «մեզ համար Վրաստանի հետ հարաբերությունները կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեն. Վրաստանը Հայաստանը սնուցող երկու ուղիներից մեկն է»: «Hetq.am»-ի մատուցմամբ, նա նկատել է, որ «եթե այս իրավիճակում իշխանությունները չեն կարողանում վերջ տալ այդ լարվածությանը, կարծում եմ՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի ընդդիմությունը լուրջ անելիք ու պատասխանատվություն ունի այդ հարցում»: Բանախոսի ասելով, երկու երկրներն էլ ունեն աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր, եւ կա մի ոլորտ, որտեղ նրանք կարող են շատ լրջորեն համագործակցել: Դա, ըստ Շահնազարյանի, «Նաբուկո» ծրագիրն է, եւ Եվրոպան լուրջ սխալ է գործում, երբ «գազային» հարցերում առանցքային դեր է վերապահում Թուրքիային կամ շրջանցում է Հայաստանը: «Թուրքիայով պետք է անցնի Ռուսաստանից եկող գազը, նաեւ, ինչպես առայժմ նախագծվում է, «Նաբուկոն»: Այսինքն՝ Թուրքիան ձեռք է բերում շատ կարեւոր նշանակություն եւ Եվրոպայի վրա գազային ճնշում գործադրելու շատ լուրջ լծակ»,- ըստ աղբյուրի, ասել է Դ. Շահնազարյանը՝ տարակուսանք հայտնելով, որ Եվրոպան դա հաշվի չի առնում: Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին ՌԴ-ն Եվրոպայի գազամատակարարման հետ կապված բարդություններ է ստեղծել, եւ բոլոր հիմքերը կան մտածելու, որ Թուրքիան կանի նույն բանը, գուցե՝ ավելի ուժգնությամբ. «Կարծում եմ, Հայաստանն ու Վրաստանը շատ լրջորեն պետք է մտածեն եւ համատեղ քայլեր իրականացնեն, որպեսզի «Նաբուկոն» Թուրքիայով չանցնի: Ինձ համար ակնհայտ է, որ առանց իրանական գազի այդ ծրագիրն իրականացնելը ուղղակի անհնար է: Դա թվաբանություն է, ոչ թե քաղաքականություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել