Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՆ ՄԵԾԸ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Ռուսա Մեծ արքան, իր բազմաթիվ տիրապետումների ընթացքում, երբ գրավեց խեթերի երկիրը, եւ երբ նրան արդեն ենթակա Սուբլիմաս թագավորի թոռ Թութխալիսը իր պալատում մեծամեծ պատիվներ էր տալիս Արարատի Ռուսա Մեծ թագավորին, տարօրինակ բան տեղի ունեցավ՝ լաց լինելով հանդիսության դահլիճ մտավ յոթ տարեկան մի երեխա, եւ հայր թագավորը հանդիմանեց նաժիշտներին ու գոռաց իր զավակի վրա, որ նա դադարեցնի լացը.

– Մի՛ սաստիր երեխային,- ասաց Ռուսա թագավորը,- քանի որ մարդու հիշողությունը կարճ է, իսկ վերհուշը՝ ցավագին, միեւնույն է, նա մեր լեզուն չի հասկանալու: Չգիտի՝ ինչո՞ւ ենք մենք այստեղ եւ ի՞նչ ենք անում, թերեւս մենք պիտի լսենք իրեն, իսկ ում լսում են, նա է մեծը, արքա՛: Ու այսօր մեզանից ոչ մեկը չգիտի, երբ նա մի օր մեծանա, արքա՞ կդառնա, թե՞ արքայասպան ավազակ: Այնպես որ, արքա՛, այս պահին դու եւ ես կանգնած ենք անհայտի առջեւ, իսկ անհայտը տիրական է, ավելին է, քան իմ եւ քո հզորությունը: Այո՛, եւ այս լաց լինող երեխան է, որ մի օր մեծանալու է ու բերելու է կա՛մ քո փառքը, կա՛մ իմ մահը, որ քեզ ստրկացրել եմ: Այնպես որ, թող միասին լսենք իր լացը:

– Լսի՛ր ինձ, արքա,- շարունակեց Ռուսա Մեծը,- եւ մի՛ նեղացիր ինձանից, եթե ես վիրավորում եմ քեզ, քո յոթամյա լացող զավակին արդեն թագավոր հռչակելով, եւ մի՛ մոռացիր, որ դու ինձ խաբել ես՝ դրժելով հավատարմությունդ, ուստի, եւ գրավել եմ քո երկիրը, ինչպես որ ես չնեղացա այն անսանձ հրաշալի նժույգից, որին վարժեցնելու ընթացքում առաջին օրն ինձ քացահարեց եւ խփեց ուղիղ իմ բերանին: Երբ ես գրեթե քո տղայի տարիքին էի, եւ իմ ատամներից մեկը թռավ դուրս, հիշում եմ, լաց էի լինում ցավից, բայց երբ տեսա հորս՝ արքային, ամաչեցի լաց լինելուց: Հիմա իմ բոլոր ատամներն իրենց տեղում են, բացի մեկից, եւ գուցե ձիու այդ հարվածն էր պատճառը, որ իմ բոլոր ատամներն այս տարիքում տեղում են. այդպես էլ կյանքն է, արքա՛, եւ ես այսօր իմ նժույգից շնորհակալ եմ:

– Կյանքը, արքա՛,- շարունակեց Ռուսա Մեծը,- այնպես է կառուցված, որ հաճախ մեզ թվում է, թե մենք աստվածներ ենք անմահ եւ աշխարհում մենք ենք տեր ու տնօրեն եւ մենք ենք ղեկավարում, այնինչ դա բոլորովին էլ այդպես չէ, քանի որ պետությունները ղեկավարում են ոչ թե թագավորները, այլ նրանց զավակները, ինչպես քո լացող տղան, ում համար էլ դու թագավոր ես դարձել… Եվ հիմա թող լռեն բոլոր բամբիռները, եւ թող պարուհիները խոնարհվեն, որովհետեւ մենք դիմավորում ենք խեթերի վաղվա թագավորին, որը լացով մտավ արքայական դահլիճ եւ, ինչպես բոլոր արքաները, լացով էլ հեռանալու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել