Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է

Սեպտեմբեր 18,2009 00:00

Երեկ այս մեղադրանքը բազմիցս հնչեց ԱԺ նիստերի դահլիճում, բայց կոալիցիայի պատգամավորներից եւ ոչ մեկը փորձ չարեց պաշտպանել նախկին նախագահին:

\"\"
Քննարկման ընթացքում. ՀՀԿ եւ ՀՅԴ անդամները՝
«Ժառանգության» շարքում

«Երշիկային» նոր տեսություն

Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին երեկ եւս 60 րոպե տրամադրվեց՝ ի հավելումն ավելի վաղ տրված 90 րոպեի՝ ներկայացնելու իրենց վերջնական եզրակացությունը: Եվ նա մասնավորապես հայտարարեց. «Հանձնաժողովը խիստ անընդունելի է համարում զանգվածային միջոցառման կազմակերպիչներից Լեւոն Զուրաբյանի վարքագիծը, որով վերջինս փաստորեն ձախողեց ոստիկանության ու միջոցառման կազմակերպիչներից Դավիթ Շահնազարյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը` միջոցառումը այլ տեղ շարունակելու վերաբերյալ: Հանձնաժողովը գտնում է, որ այդ պայմանավորվածության իրագործման դեպքում գուցե հնարավոր կլիներ խուսափել իրադարձությունների նման զարգացումներից»: Եզրակացության այս հատվածը ներկայացնելով՝ Սամվել Նիկոյանը կանխատեսեց. «Ես գիտեմ՝ սա շատ-շատերի դուրը չի գալու եւ էլի վայրահաչոց է լինելու»: Անդրադարձավ նաեւ այն փաստին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ, ու դիմելով պատգամավորներին՝ առաջարկեց տալ որեւէ այլ մարդու անուն, որը կարող էր հանդարտեցնել ցուցարարներին: «Կաթողիկոսը»,- տեղից առաջարկեց Զարուհի Փոստանջյանը: Առաջ անցնելով նշենք, որ նրա հետ համակարծիք էր նաեւ հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը, որը ելույթում հայտարարեց, թե կատարվածը կարող էր կանխել Ամենայն հայոց կաթողիկոսը:

Սակայն առավել մանրամասն Սամվել Նիկոյանը երեկ խոսեց ոչ թե կատարվածի պատասխանատուների, այլ պատճառների մասին՝ հիմնականը դիտելով սոցիալ-տնտեսական խնդիրները: Դրանց հանգամանալից անդրադարձ կա եզրակացության այն բաժնում, որտեղ ներկայացված են հանձնաժողովի առաջարկությունները նման իրադարձությունները բացառելու կամ կանխելու վերաբերյալ: Այստեղ, ասենք, հիշատակված է, որ նվազագույն սպառողական զամբյուղով հաշվարկելու դեպքում՝ աղքատությունը եղել է 39.8%. «Սոցիալական լարվածության այլ դրսեւորում է եկամուտների բաշխման անհավասարությունը, որը Ջինիի գործակցով բնութագրելու դեպքում՝ ըստ կայուն զարգացման ծրագրի, 2006-ին կազմում էր 0.359, իսկ 20% ամենաաղքատ բնակչության եկամուտների հարաբերակցությունը 20% ամենահարուստ բնակչության եկամուտների նկատմամբ՝ 7.6»:

Ըստ Սամվել Նիկոյանի՝ այս խնդիրներին հարկ է ուշադրություն դարձնել, եթե չենք ցանկանում, որ կրկնվի «մարտի 1»-ը, քանի որ միշտ էլ կգտնվի մի ուժ, որը կշահարկի սոցիալական խնդիրները. «Ինչը եւ տեղի է ունեցել»:

Արմեն Մարտիրոսյանն այս կապակցությամբ նկատեց, թե գորբաչովյան «երշիկի տեսության» ժամանակներն անցել են՝ նա էլ 1988-ին էր կարծում, որ եթե Երեւանի խանութները երշիկով լցված լինեին՝ շարժումը չէր սկսվի:

Պատասխանատուների հստակեցում

Եզրակացության վերաբերյալ հնչեց 25 ելույթ. կոալիցիայի ներկայացուցիչները գովերգում էին հանձնաժողովի կատարած աշխատանքը, իսկ «Ժառանգության» անդամները՝ մատնանշում բացթողումները: «Այս եզրակացությունը կարծես գրված է դատախազությունում եւ խմբագրված՝ նախագահականում»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: Հետո ամփոփիչ ելույթում Սամվել Նիկոյանը հեգնանքով հետաքրքրվեց, թե այդ տեղեկությունը նրան հայտնել են «Նիգ Ապարանո՞ւմ»:

Ստյոպա Սաֆարյանն անհամաձայնություն հայտնեց հանձնաժողովի այն եզրակացությանը, թե իրավապահները մարտի 1-ին գործել են անկազմակերպ ու տարերայնորեն: Ըստ նրա՝ բոլոր օղակները գործել են համակարգված՝ «Ուղղորդված եւ խիստ հեռահար նպատակով: Մարտի 1-ին տեղի ունեցածը միայն մի գնահատական կարող է ունենալ՝ դա փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրությունների արդյունքները հասարակությանը պարտադրելու բազմաարար ողբերգություն էր: Եվ այդ ողբերգության բոլոր արարներն իրար փոխկապակցված էին՝ մարտի 1-ի վաղ առավոտից մինչեւ արտակարգ դրության հայտարարում եւ այդ պայմաններում ՍԴ որոշումը»:

Ելույթների առանցքում նաեւ մարտի 1-ի համար պատասխանատուների հարցն էր: Արամ Հարությունյանի կարծիքով՝ «Մարտի 1-ը ոչ լեգիտիմ ընդդիմության գործողությունների հետեւանք է»: Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե մարտի 1-ի «ճարտարապետը», հոգեւոր ու ֆիզիկական հայրը Ռոբերտ Քոչարյանն է. «Նա՛ է պատասխանատվություն կրում մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների համար»: Իսկ «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթում Արմեն Մարտիրոսյանը պահանջեց պատասխանատվության ենթարկել «Ռոբերտ Քոչարյանին՝ որպես պետության գլուխ՝ պետության եւ քաղաքացիների անվտանգության երաշխավորի պարտականությունները չկատարելու համար: Հայկ Հարությունյանին՝ ոստիկանության ղեկավարության անհամաչափ ու անիրավաչափ գործունեության համար: Միքայել Հարությունյանին եւ Յուրի Խաչատուրովին՝ բանակը հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու համար: Աղվան Հովսեփյանին՝ սպանությունները չբացահայտելու եւ իրադարձությունների իրական պատկերը չբացահայտելու համար: Անդրանիկ Միրզոյանին՝ իր ղեկավարած գերատեսչության լիազորությունները խեղաթյուրելու եւ քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար: Բոլոր այն դատավորներին, որոնք կատարել են քաղաքական պատվեր եւ իրականացրել քաղաքական դատավարություններ»:

Նրանից հետո ելույթ ունեցող ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդամենը նկատեց, թե ցանկի ոչ բոլոր անուններին է համաձայն: Ո՛չ նա, ո՛չ էլ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի դիրքորոշումները հայտնողները փորձ անգամ չարեցին պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին այս մեղադրանքներից: Փոխարենը Վահան Հովհաննիսյանը դժգոհեց, թե ինչու այդ ցանկում չկար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ Սամվել Նիկոյանն էլ հետո հակադարձելով այն մեղադրանքներին, թե ինչու հանձնաժողովը չի նշել, որ Ռոբերտ Քոչարյանն է ամեն ինչի մեղավորը՝ ընդամենն ասաց, թե դա շատ հեշտ կլիներ, բայց դրանով ոչ մի խնդիր չէր լուծվի. «Շատ հեշտ է գնացած մարդու հետեւից խոսել ու հետո հերոսի կեցվածքով ման գալ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 2008-ին հայտարարել էր. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հայրենիքի դավաճան է: Եթե այդ հանրահավաքները շարունակվեին, եւ Ազատության հրապարակում բարձրացվեր թուրքական դրոշ՝ ես չէի զարմանա»: Սրա համեմատ՝ նա երեկ ավելի մեղմ ելույթ ունեցավ. «Մարտի 1-ը դա ձեռագիր էր՝ հիշեք Մասիսի դեպքերը, կայարանի դեպքերը, ՀԱԲ-ի դեպքերը, 1996 թվականի դեպքերը: Սրանք մի մասով նորից իշխանության զավթման կամ իշխանության ամրապնդման փորձեր էին: Մարտի 1-ը ծառայում էր հենց դրան»: Նաեւ հավելեց. «Իհարկե, այն կարծիքին չեմ, թե որեւէ հայ կա, որ զոհերի համար չի ցավում եւ վշտացած չի, բայց մարտի 2-ին պարզ դարձավ, որ «կոշտ» ընդդիմությանը ձեռնտու էին այդ զոհերը՝ դա ճանապարհ էր իրենց համար»:

Ի տարբերություն Հայաստանի 2-րդ նախագահի՝ ՀՀ 1-ին նախագահին պաշտպանողներ եղան: Ստյոպա Սաֆարյանը զարմանալի համարեց հանձնաժողովի այն եզրակացությունը, թե այդ ամենը կարող էր կանխվել, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դա ցանկանար. «Եթե մենք խոստովանում ենք, որ այդ օրերին ազգային անվտանգությունը եւ հասարակական կարգը պիտի ապահովվեր բացառապես մի անձի կողմից, որը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ապա դրանով արձանագրվում է, որ ՀՀ նախագահն այդ օրերին նա էր»:

Մոնիտորինգային խո՞ւմբ կստեղծվի

Ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է, թե գտնում են, որ ներկայացված առաջնահերթությունների իրացումը կարիք ունի մշտադիտարկման՝ մոնիտորինգի. «Իսկ դրանց իրականացման յուրաքանչյուր փուլի ու ձեռքբերումների մասին հանրությունը կարիք ունի մշտական տեղեկատվության»: ՀՅԴ-ն մտադիր է ներկայացնել ԱԺ որոշման նախագիծ, թե այս նպատակով պիտի ստեղծվի դիտարկման խումբ: «Մենք, որպես ԱԺ՝ պետք է հանձնարարական տանք, որ կատարվեն այս բոլոր պահանջները՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլն: Սա պետք է շարունակություն ունենա: Եվ ո՞վ պետք է հետեւի, որ այդ շարունակությունը տեղի ունենա: Սա պետք է անի ԱԺ-ն»,- ասաց Վահան Հովհաննիսյանը եւ արդեն իսկ առաջարկեց, որ այդ խումբը ղեկավարի ընդդիմադիր պատգամավոր:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում մշտադիտարկում իրականացնելու առաջարկը համարեց ուշագրավ: Նա նաեւ հայտարարեց. «Մեր երկրի ժողովրդավարական ապագայի համար իրապես կարեւոր է պատվով եւ արժանապատվորեն շրջել մարտի 1-ի էջը»:

Իսկ Սամվել Նիկոյանն ամփոփիչ ելույթում համոզմունք հայտնեց, որ մարտի 1-ի էջը փակվել է նրանց համար, ովքեր չեն ցանկանում դրա կրկնությունը. «Բայց ոչ նրանց համար, ովքեր ամեն ձեւով ձգտելու են հասնել այդ իրավիճակի կրկնմանը»:

Հ. Գ. Ի դեպ՝ Սամվել Նիկոյանը երեկ ամբիոնից արձագանքեց մեր արած այն դիտարկմանը, որ թեեւ եզրակացությունում մեջբերել են գրեթե բոլոր այն որակումները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանն արել էր իշխանության հասցեին` չեն մեջբերել հեռուստաընկերություններով հաղորդվող «քոռ շուն» եւ այդ կարգի վիրավորանքները: «Ես ներողություն եմ խնդրում, որ դա մոռացել եմ: Անկեղծ ասած՝ դա շատ կեղտոտ արտահայտություն է,- ասաց նա:- Ես համաձայն եմ, որ թեեւ կեղտոտ արտահայտություն է, բայց պետք էր դնել: Եթե հնարավոր լինի, որ այս արտահայտությունը եւս մտցվի այս արձանագրության հավելված՝ դա կանենք»: Առաջարկում ենք այնտեղ ներգրավել նաեւ Գալուստ Սահակյանի վերոհիշյալ պնդումը: Կարող էինք հիշեցնել նաեւ շա՜տ այլ պիտակներ՝ թուրքական ու մասոնական թեմաներով եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել