Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱԺԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵ՞ՐԸ

Սեպտեմբեր 18,2009 00:00

\"\"Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումից սկսած մինչ օրս՝ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների քննարկումների համատեքստում, բոլոր տեսակի վերլուծություններում խոսվում է ազատագրված տարածքները վերադարձնելու պատրաստակամության, անհրաժեշտության կամ պարտադրանքի մասին:

Պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից, գուցե, այդ տարածքները սակարկման առարկա են, սակայն չմոռանանք, որ այդտեղ մարդիկ են բնակվում. ոչ պաշտոնական տվյալներով՝ 7-8 հազար մարդ: Այդ տարածքների հետագա տնօրինման հեռանկարից կախված են կոնկրետ մարդկային ճակատագրեր: Տեղյա՞կ են տեղի բնակիչները այս քաղաքական թոհուբոհերից, ի՞նչ են մտածում, ինչպե՞ս են վերաբերվում հնարավոր զարգացումներին: «Առավոտի» հետ զրույցում Քաշաթաղի բնակիչ, ԳԽ պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը նշված հարցերին այսպիսի պատասխան տվեց. «Կոնկրետ Քաշաթաղի բնակիչները անմասն չեն այս ամենից. ինֆորմացիայի աղբյուրները մի քիչ սուղ են, բայց մարդիկ տեղեկանում են: Կա անհանգստություն եւ այս ամբողջ գործընթացի նկատմամբ մերժողական վերաբերմունք: Երբ առաջարկեցիք հարցախույզ անցկացնել այդ թեմայով, մի փոքր անհեթեթ թվաց: Եթե մարդուն գնաս- հարցնես՝ ո՞նց եք վերաբերվում նրան, որ ձեզ տնից պիտի զրկեն, պարզ չէ՞, որ նա էլ պիտի պատասխանի՝ գլուխը կկոտրեմ նրա, ով պատրաստվում է նման բան անել»: Մեր զրուցակցի համոզմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂՀ հարցի կարգավորումը զուգահեռ գործընթացներ են, հետեւաբար՝ նա մերժում է նաեւ այդ կարգավորումը. «Նախապայմաններ արձանագրություններում կան, եւ դրանք միայն թուրքական կողմից են առաջադրված: Հայկական կողմը նախապայմաններ չի առաջադրել: Սահմանը եթե բացում էին՝ թող բացեին, իրենք են եղել փակողը, իրենք էլ պարտավոր էին բացել: Մինչդեռ հիմա սահմանի բացումը Թուրքիայի կողմից ներկայացվում է գրեթե մեզ արված Աստծու շնորհ»:

Տիգրան Կյուրեղյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար Հայաստանի կողմից ցեղասպանությունը ճանաչելու նախապայման պետք է լիներ, քանի որ դրա չկրկնման միակ երաշխիքը Թուրքիայի կողմից այն ճանաչելն է: Օրինակ էլ կա՝ Գերմանիան. «Ոչ մի երկիր հիմա Գերմանիայից չի վախենում՝ այն պարզ պատճառով, որ ընդունել են իրենց մեղքը եւ զղջացել, նույնիսկ մինչ օրս որոշակի կոնպենսացիաներ են տրվում: Մեր պարագայում դա ոչ միայն չի արվում, այլ հենց ցեղասպանության հետեւանքով սահմանների առումով ստեղծված այս աբսուրդ իրավիճակը, փաստորեն, ֆիքսվում է: Մեր իշխանություններն այս կապիտուլյացիոն ոգով գնում են այդ արձանագրությունների ստորագրմանը, որը առնվազն անհեթեթություն է, եթե չասեմ՝ դավաճանություն»: Ընդհանրապես, մեր զրուցակիցը գտնում է, որ հայերի ներկայիս ոչ միասնականության պատճառը պատմական դաժան անցյալի հետեւանքն է. «Բագրատունիներից սկսած մինչ օրս՝ մենք քայքայվում ենք: Որպեսզի կարողանանք կայանալ որպես ազգ՝ պետք է հզոր եւ մաքուր պահենք մեր պետությունը: Մեզ ոչ եվրաինտեգրացիա է պետք, ոչ թուրքերի հետ ճանապարհի բացում, մեզ պետք է ավթարգիա, տնտեսական առումով՝ սեփական ինքնաբավության ապահովում եւ աշխարհի մակարդակով՝ ներհայկական ինտեգրացիոն գործընթացներ: Եթե մինչեւ ազգային ինտեգրացիան մտնենք այլ ինտեգրացիոն գործընթացների մեջ՝ միգուցեեւ կտարրալուծվենք եւ կվերանանք, կդառնանք պատմական հուշ: Այդ առումով մեր մեկուսացումը շատ օգտակար կլինի, թեեւ դաժան փորձությունների միջոցով, բայց կհասնենք ներազգային ներդաշնակ գոյության: Բայց երբ պետությունը դարձնենք «պրախադնոյ դվոռ», մեզ ուղղակի կխանգարեն ինքնահաստատման համար»:

Արդեն երեք շաբաթ ընթացող հասարակական քննարկումների արդյունքում նկատելի՞ են հայ հանրության մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ՝ «Առավոտի» հարցին էլ պատասխանեց. «Եթե առեւտրականներին դիտարկենք, միգուցեեւ ուրախանում են, բայց պետականությամբ մտահոգ մարդիկ հաստատ դեմ են: Մեր պետականության կայացումը չի կարող լինել Թուրքիայի հետ ինտեգրացման ճանապարհով»:

Անդրադառնալով ՀՅԴ-ի ներկայիս պահվածքին՝ պարոն Կյուրեղյանը նշեց. «Ուրախ եմ, որ Դաշնակցությունը փորձում է ինչ-որ մի բան անել, ողջունելի է այդ փաստը, շատ ավելի լավ կլիներ՝ ավելի կազմակերպված անեին: Ես եղել եմ ամսի 2-ի հանրահավաքին, տխուր էր, որ քիչ մարդ կար: Ինչ վերաբերում է հացադուլին՝ գոնե 3-4 օրով նստեին»:- «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ կեցվածքի մասին ասաց ԳԽ պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը: Անդրադառնալով մեղադրանքներին, թե այսպիսով ՀՅԴ-ն փորձում է իր դեմքը փրկել, նա հավելեց. «Լավ է, որ ուզում է դեմքը փրկել. շատ ավելի վատ կլիներ, եթե այլեւս չուզենար, դա արդեն վերջը կլիներ: Ուրախալի է, որ ազգային արժեք ներկայացնող ուժը փորձում է վերադառնալ ճիշտ ուղի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել