Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օժիտը՝ անցյալում

Սեպտեմբեր 17,2009 00:00

Օժիտ հասկացությունը մեզանում աստիճանաբար վերանում է: Ներկայումս այնքան էլ հիվանդագին չեն մոտենում այդ հարցին, ինչպես շա՜տ տարիներ առաջ էր:

Իսկ նախկինում ի՞նչ էր իրենից ներկայացնում օժիտը

Հայկական գյուղերում (եւ ոչ միայն…) ընդունված կարգ էր՝ «գլխագնի» դիմաց աղջկա ծնողները պարտավոր էին օժիտ տալ իրենց աղջկան. այն անկողին էր՝ ամենաքիչը երեք օրինակից (երեք ձեռք), աղջկա ներքնազգեստների հավաքածու՝ մինչեւ կյանքի վերջ հագնելու համար, դետալներ կահ-կարասիներից, հողատարածք եւ այլն… Օժիտի քանակն ուղիղ համեմատական էր աղջկա համար ստանալիք գլխագնին: Պետք է նշենք նաեւ, որ օժիտի ցուցադրման արարողությունը եւս պակաս կարեւոր երեւույթ չէր. հավաքվում էին բոլոր ազգականները եւ սկսում հաշվել-թվարկել բաժակների, ափսեների, վերնաշապիկների եւ այլնի քանակը, այդ հարսի օժիտը համեմատել նախորդների հետ: «Օժիտային» պատմությունները ողջ գյուղին ուղեկցում էր՝ մինչեւ հաջորդ հարսանիք: Այս ամենը, կարծես, անցյալում է մնացել, եւ անհամատեղելի է մեր օրերի հետ: Հիմա աղջկա հայրը գրպանից հանում է մեկ բանալի՝ տան կամ ավտոմեքենայի, երբեմն էլ՝ երկուսը միասին, եթե փեսայի բախտը, իրոք, այդչափ բերի, ու նվիրում նորապսակներին:

Տրամաբանական շարունակություն

Նախկինում եկեղեցական արարողակարգից հետո հարսին տանում էին հորանց տուն: Հարսին փեսայի տուն էին բերում հաջորդ օրը, որը հիմնականում կիրակի էր լինում: Հայրն աղջկա ձեռքից բռնած բերում-հանձնում էր փեսային եւ ասում. «Քեզ եմ փոխանցում իմ բարիքը, օգտագործի՛ր երջանկությամբ»: Փեսան, իր հերթին, խոստանում էր աչքի լույսի պես պահել «բարիքը», համենայնդեպս՝ սկզբում նա հավատարիմ էր մնում իր խոստմանը: Հետո երեք անգամ օջախի (տան) շուրջը պտույտ էին անում (իսկ մեր օրերում այդ պտույտը տեղափոխվել է Հանրապետության հրապարակ): Տնից դուրս գալուց հարսնեղբայրը մուտքի մոտ կանգնում էր եւ ոչ ոքի չէր թողնում դուրս գալ՝ մինչեւ որոշակի գումար չստանար: Հնում այդ գումարը կարող էր փակել հարսանիքի ողջ ծախսը, իսկ այժմ դա միայն ուրախացնում է հարսնեղբորը եւ նրա ընկերներին: Մինչեւ հարսանքավորների գալը, փեսայի տուն էին ուղարկում «աղվես» կոչվող մեկին, որը տեղեկացնում էր նրանց ժամանման մասին: Սկեսուրը «աղվեսին» էր տալիս նրա ամենասիրած ուտելիքը՝ հավ: Փեսայի տանը՝ հենց մուտքի մոտ, գառ կամ աքլոր էին մատաղ անում՝ կախված գրպանի պարունակությունից, տան կտուրից նրանց վրա էին լցնում չորացած միրգ, ցորեն, կոնֆետ, մանրադրամ, մի խոսքով՝ այն ամենը, ինչը բարեկեցիկ կյանք է խորհրդանշում:

Երաժիշտները հարսանիքների անբաժան մասն էին կազմում. հատուկ նրանց համար հորինված էր «շաբաշ» հասկացությունը: Առանձնահատուկ եռանդով կատարած երգի համար նրանք ստանում էին բավական կլորիկ գումար (այժմ այդ երեւույթին ավելի հաճախ հանդիպում ենք գիշերային ակումբներում՝ պարերի ժամանակ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել