Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՏԻՊ ԵՎ ԱՐՏԱՌՈՑ

Սեպտեմբեր 17,2009 00:00

\"\"Այսպիսին են Ասիայի եւ Աֆրիկայի որոշ երկրների ավանդույթները

Ներկայումս շատ է խոսվում աշխարհով մեկ տեղի ունեցող գլոբալիզացիոն երեւույթների մասին: Որոշ մշակութաբաններ հաճախ այդ ֆենոմենն անվանում են մաքդոնալդացում՝ այն կապելով «Մաքդոնալդ» կոչվող արագ սննդի պատրաստման ցանցի հետ, որի կետերը գոյություն ունեն աշխարհի երկրների մեծամասնությունում: Մշակութաբանների մի հատված էլ ահազանգ է հնչեցնում, թե գլոբալիզացիոն երեւույթների սրման արդյունքում ողջ աշխարհում տիրապետելու է մեկ ընդհանուր մշակույթ, եւ մշակութային միատարրության պայմաններում ազգերն ու ժողովուրդներն այլեւս չեն կարողանալու խոսել ազգային, մշակութային ինքնության մասին: Այս համատեքստում ավելի ու ավելի են կարեւորվում ազգային ավանդույթները, որոնք ներկայումս ժամանակի ընթացքում կամ մոռացվում են, կամ էլ փոխակերպվում այլ երեւույթների՝ դառնալով սովորության նման մի բան: Սակայն ազգային, մշակութային առանձնահատկություններն ավելի վառ արտահայտվում են հատկապես այն դեպքում, երբ կողք կողքի են հայտնվում երկրագնդի տարբեր կիսագնդերում, տարբեր աշխարհագրական հորիզոնականներում բնակվող մարդիկ: Օրինակ՝ հայն ու աֆրիկացին, Ավստրալիայում եւ Ամերիկայում բնակվող անձինք: Վերջերս մի առիթով Գերմանիայում գրեթե մեկ ամիս շարունակ շփվելով աշխարհի 20 երկրների ներկայացուցիչների հետ, առավելապես զգացի՝ ինչ ասել է մշակութային բազմազանություն, կրոնների եւ արժեքների հակադրություն: Նրանցից հետաքրքրվում էի հատկապես ազգային ավանդույթների մասին: Հաճախ այդ ավանդույթներն այնքան ծիծաղելի են թվում, երբեմն էլ չափից ավելի տրամաբանական, մեկ ուրիշ դեպքում զգացվում է տվյալ երկրի զարգացածության ցածր մակարդակը, տվյալ ազգի ներկայացուցիչների նախապաշարումներն ու սնահավատությունը:

Մեր առաջին զրուցակիցը Ֆիլիպինների Հանրապետությունը ներկայացնող Պաուլ Ջոն Քանան էր: Հարավարեւելյան Ասիայում գտնվող այս երկիրն ընդգրկում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածի 7107 կղզիներ: Ֆիլիպիններում բնակչությունը հասնում է 92 միլիոնի, այդ պատճառով էլ այս երկիրն աշխարհում 12-րդն է՝ բնակչության մեծ թվով: Ֆիլիպինների բնակչության 90%-ը քրիստոնյա է, որից 80%-ը դավանում է կաթոլիկ ուղղությանը, մյուս 10%-ը՝ քրիստոնեական այլ ուղղությունների: Ֆիլիպինցի Պաուլ Ջոնի հետ զրույցում պարզ դարձավ, որ ֆիլիպինցիները երբեմն հավատում են հրաշքների: Դա է վկայում այն, որ նա իրենց ազգային ավանդույթներից առանձնացրեց հատկապես այն, որը կապված է Նոր տարվա հետ: Նա պատմեց. «Նոր տարվա գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, մենք երեխաներին ասում ենք, որ անընդհատ, որքան հնարավոր է բարձր թռչկոտեն, որպեսզի տարվա ընթացքում բարձունքներ նվաճեն: Հետո բաց ենք պահում բոլոր պատուհանները, որպեսզի հաջողությունը ներս գա: Այդ գիշեր մենք ծակոտկեն շորեր ենք հագնում, որպեսզի մետաղադրամներին «գրավենք»: Գուցե մեզ մի փոքր խենթի տեղ դնեք, բայց Նոր տարվա գիշերը ընտանիքի անդամներով, ընկերներով գոռում-գոչում ենք, որպեսզի հեռացնենք չար ոգիներին: Որպեսզի Նոր տարում հաջողություններն ուղեկցեն, ամանորի սեղանին պետք է պարտադիր դրված լինեն 13 տեսակի կլոր մրգեր, իսկ գրպանումդ լինեն մետաղադրամներ»:

Գանան Արեւմտյան Աֆրիկայի հանրապետություններից է: 18 միլիոն բնակչություն ունեցող այս երկիրը հայտնի է ոսկու, փայտանյութի եւ կակաոյի արտահանմամբ: Բնական պաշարներով հարուստ այս երկիրը ընդհանուր մակարդակի եւ հատկապես կենցաղի քաղաքակիրթ լինելու առումով այնքան էլ զարգացած չէ: Այդ փաստը «Առավոտի» հետ զրույցում չթաքցրեց Գանայի ներկայացուցիչ Ջոզեֆ Ափիյա Դոլֆինը: Խոսելով ավանդույթների մասին՝ նա ասաց. «Ընդհանրապես մեր ազգային ավանդույթների ձեւավորման հարցում մեծ դերակատարություն է ունեցել այն փաստը, որ Գանան երկար ժամանակ եղել է Անգլիայի գաղութը: Մինչեւ այժմ էլ իմ հայրենակիցների շրջանում շարունակում են տիրապետել այնպիսի ավանդույթներ, որոնք կարող են առաջին հայացքից չափազանց հետամնաց թվալ: Օրինակ՝ ական կոչվող ցեղատեսակի ներկայացուցիչների շրջանում տարածված ավանդույթի համաձայն՝ տվյալ համայնքի ղեկավարը իրավունք չունի խոսելու, այսպես կոչված, սովորական մարդկանց հետ: Կամ մենք ունենք ավանդական մի կերակրատեսակ, որը կոչվում է «Քսքս ապուր», որն անպայման պետք է ձեռքով ուտենք»:

Քենիան գտնվում է Արեւելյան Աֆրիկայում՝ Տանզանիայի, Սոմալիի, Եթովպիայի հարեւանությամբ: Այս երկիրը հայտնի է վայրի բնության բազմաթիվ արգելոցներով, որտեղ ապրում են հազարավոր կենդանատեսակներ, որոնցից շատերին կարելի է հանդիպել միայն այստեղ: Ինչպես քենիացիներն են կատակով պատմում, երբ իրենց հարցնում են, թե որ երկրից են, իրենք փոխանակ արտասանեն Քենիա բառը, արտաբերում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունը, քանի որ նա արմատներով սերում է Քենիայից եւ այժմ դարձել է քենիացիների պարծանքը: «Առավոտը» զրուցեց քենիացի Հելլեն Միսեդայի հետ: Երբ նրան խնդրեցինք մի հետաքրքիր քենիական ավանդույթ ներկայացնել, նա ծիծաղով պատմեց մինչեւ այժմ Քենիայի որոշ ցեղատեսակների շրջանում գործող ավանդույթի մասին, որին բազում ամուսնացած երիտասարդ կանայք երանի կտային: Հելենը պատմեց. «Օրինակ՝ Քենիայում ապրող քամբա ցեղատեսակին պատկանող մարդկանց շրջանում ընդունված է, որ նորապսակները առաջին իսկ ամուսնական օրվանից տղայի եւ աղջկա ծնողներից առանձին ապրեն: Ավելին, երբ տղայի մայրը այցելում է իր որդու տուն, նա իրավունք չունի օգտվելու նրանց զուգարանից կամ լոգարանից, չի կարող նաեւ անհրաժեշտության դեպքում գիշերել նրանց տանը: Այո, կարծում եմ՝ ծիծաղելի է, բայց սա մեր երկրում համարվում է մարդկանց մասնավոր կյանքի գաղտնիության պահպանման մի ձեւ: Կամ եթե երիտասարդ կինը երեխաներ չի կարողանում ունենալ, այլ կին է գալիս եւ ապրում նրանց տանը, որը զավակներ է ծնում ընտանիքի համար: Դրանում մենք որեւէ տարօրինակ բան չենք տեսնում, ինչպես դա ընկալում են եվրոպացիները»:

Բենինը Արեւմտյան Աֆրիկայի հանրապետություններից է՝ Նիգերիայի հարեւանությամբ: Այս երկիրը ողջ աշխարհում հայտնի է բամբակի արտադրությամբ: Հաճախ այն անվանում են սեւ մոգության երկիր, այդ պատճառով էլ առաջին հայացքից մի տեսակ վախ ես զգում այդ երկրի ներկայացուցիչների հետ շփվելիս՝ քեզ թվում է, թե նրանք ուր որ է քեզ կկախարդեն: Սակայն Թոբի Ահլոնսուին «Առավոտին» բացատրեց սեւ մոգության ողջ իմաստը. «Դա կրոնի նման մի բան է, այսպես ասած՝ դա մեր հավատն է: Սեւ մոգություն ասվածն այն է, որ մենք օգտագործում ենք բնության ուժը, օրինակ՝ երբեմն փորձում ենք լսել կայծակի ձայնը եւ դրանում երաժշտություն զգալ, որն օգնում է մեզ մի տեսակ վեր բարձրանալ երկրից եւ ոգու բավարարվածություն զգալ: Ամեն տարի հունվարի 10-ին մեր երկրում տեղի է ունենում վուդուի փառատոն, որը վերածվում է իսկական տոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել