Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայերին Ժաննա դ՚Ա՞րկ է պետք

Սեպտեմբեր 17,2009 00:00

Հայոց խնդիրների ու հայ-թուրքական սահմանի բացումը՝ ըստ մտավորականների

\"\"
Ըստ Տ. Խզմալյանի, սահմանի բացումը քաղաքական շահարկումների առարկա է դարձել:

Երեկ հայ-թուրքական հարաբերությունների թեմայի շուրջ «Հայելի» ակումբում իրենց կարծիքներն արտահայտեցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Վերջինս հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ 2 տեսակետ ունի. մի կողմից սահմանը պետք է բաց լինի, քանի որ «այդ տարածքում թողել ենք մեծ մշակույթ, եւ պետք է մեր հարեւանի հետ ճանապարհները բացենք, որպեսզի կարողանանք ուսումնասիրել թողածը, թե չէ մեր հարեւանները կարծում են, որ դա իրենց ազգն է ստեղծել»: Մյուս կողմից՝ պատկերասրահի տնօրենը կարծում է, որ զգույշ պետք է լինել. «Չի կարելի միանգամից դռները բացել ու ասել՝ մենք եղբայրներ ենք»:

Տիգրան Խզմալյանը հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ չէ, ավելին՝ գտնում է, որ այն նույնիսկ քննարկման առարկա չպետք է լիներ, սակայն, նրա խոսքով՝ սահմանի բացումը քաղաքականության մեջ յուրահատուկ կեղծ թիրախ է ծառայում եւ ներկա հասարակարգի օրոք կործանարար է լինելու. «Ամբողջ հայ հասարակությունը եռանդով քննարկում է՝ սահմանը բացե՞լ, թե՞ ոչ, գնա՞լ, թե՞ չգնալ ֆուտբոլ դիտելու, մինչդեռ դա ոչ կարեւոր ու մակերեսային խնդիր է: Ամեն երկրորդ հայը եղել է Ստամբուլում, Անթալիայում, Արարատի գագաթ է բարձրացել, սահմանը փակ չէ՝ վճարում ես 10 կամ 15 դոլար, Վրաստանով մտնում ես Թուրքիա: Սահմանը փակ է տնտեսակա՞ն գործունեության համար, բայց այստեղ խնդիրն այլ է. դա մի քանի օլիգարխների գործն է, որոնք ստիպում են մեր հասարակությանը ներքաշվել շատ վտանգավոր խաղերի մեջ, որը ներկայացվում է իբրեւ սահմանի բացվել-չբացվելու հարց»: Խնդիրներից մեկը, ըստ կինոռեժիսորի, այն է, որ փոխվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը, Արեւմուտքը մուտք է ունենում դեպի Կովկաս եւ այնտեղից՝ Միջին Ասիա, փոխվում են Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի շահերը, ինչը, ռեժիսորի բնորոշմամբ. «Լուրջ փոփոխություն է: Այս հարցն ընդհանրապես չի քննարկվում… Մի քանի մարդ՝ կասկածելի մտավոր հնարավորություններով եւ փորձով, պատմական որոշում են ուզում ընդունել, որը լուրջ շրջադարձ է լինելու եւ մեզ համար անցավ չի անցնելու»: Բանախոսը գտնում է՝ սահմանի բացումից գները չեն փոխվելու եւ դա սովորական աշխատավոր մարդուն ոչ մի լավ բան էլ չի բերելու: «10 տարի ասում էին՝ լավ չեք ապրի մինչեւ Արցախի հարցը չլուծվի, որը սուտ էր: Հիմա էլ պնդում են, թե լավ չենք ապրի, եթե սահմանը չբացվի, դա էլ է կեղծիք: Մենք լավ չենք ապրի, մինչեւ այս օլիգարխական, մոնոպոլիստական համակարգը չփոխվի… Ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ սոցիալական բեւեռացումը հարյուր հազարների է հասնում, էլիտար շենք կառուցող բանվորի վաստակն այնքան է, որ իր տարեկան աշխատավարձով իր կառուցած շենքի մեկ քառակուսի մետրն անգամ չի կարող գնել: Տապալվելու է գյուղատնտեսությունը, որովհետեւ թուրքականը շատ ավելի հզոր է եւ էժան: Օլիգարխների կառուցած շենքերը դատարկ են մնացել, սկսելու են ծառայել թուրքերին, խնդրելու են, որ թուրքերը գան ու բնակվեն, մեզ էլ հետներն են տանելու… Նրանց կողմից արված ցանկացած «բարեփոխման» քայլ պարտության է տանում»,- վստահ է Խզմալյանը:

Երկու բանախոսներն էլ՝ առանց ցեղասպանության ճանաչման նախապայմանի, կողմ չեն հայ-թուրքական որեւէ հարաբերության: Փ. Միրզոյանն էլ հավելեց. «Գերմանացի բարեկամներ ունեմ, որ ինձ միշտ ասում են՝ եթե սահմանը չբացվի, դա մեր (հայերի- Լ. Խ.) օգուտն է, որովհետեւ Գերմանիան տեսնում է, թե ինչ է կատարում իր երկրում թուրքերի ձեռքը»: Խզմալյանը վստահ է, որ Հայաստանը չէ, որ առանց նախապայմանների դիվանագիտության է գնում, այլ. «Անօրինական ձեւով իշխանության եկած խմբավորումը, որ միայն իր տնտեսական շահերն է պաշտպանում: Լեւոն-Տեր Պետրոսյանից հետո, մինչ այսօր այդ դասակարգն է իշխում Հայաստանում»: Բանախոսները անընդունելի են համարում, որ հաշվի չի առնվում նաեւ Սփյուռքի կարծիքը. «Ո՞վ է դրսում ապրող 7 մլն հայերին հարցրել ու իրավունք ստացել»: Սակայն Տ. Խզմալյանը չի գտնում, որ ամեն ինչ կորած է, որովհետեւ հայերն իրենց ազգ են համարում, դուրս կգան ու կպայքարեն: Հարցին՝ ինչո՞ւ Դաշնակցության հետեւից չգնացին, ռեժիսորն ասաց. «Պատճառն այն է, որ չեն վստահում, որովհետեւ ՀՅԴ-ն մի ժամանակ նույն իշխանության մեջ էր… Մենք առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վահան Հովհաննիսյանի չե՞նք կարող կողմնորոշվել, մարտի 1-ից հետո քաղաքական դաշտում մարդ չի մնացել: Բայց կգան նորերը, որովհետեւ, երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչ միշտ էլ կհայտնվի… Հնարավոր է աղջիկ լինի՝ Ժաննա դ՛ Արկը ո՞նց եկավ… կամ Ժիրայր Սեֆիլյանը կգա, ես էլ հետեւից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել