Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐԻ ՄԵՋ ՄԻ ՔԻՉ ՅԱԳՈ ԿԱ

Սեպտեմբեր 17,2009 00:00

Շեքսպիրյան հերոսը՝ նորօրյա մեկնաբանությամբ

\"\"Սեպտեմբերի 15-ին Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվեց «Կույրը» մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսի: Դերակատարը Արթուր Կարապետյանն էր, բեմադրիչը՝ Սարգիս Հարությունյանը: Ներկայացման հիմքում Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության՝ Յագոյի կերպարի նոր մեկնաբանությունն է, ավելի ճիշտ՝ իրողությունները Յագոյի տեսանկյունից: Հոգեվերլուծության յուրօրինակ փորձի միջոցով հերոսը բացահայտում է մարդկային արատների էությունը, որոնք հաճախ արդարացվում են՝ ինչ-ինչ դրդապատճառների քողի տակ: Անձամբ ինձ Արթուր Կարապետյանի խաղը դուր եկավ, չնայած, գործընկերուհուս կարծիքով՝ նա փորձում էր անհաջող կրկնօրինակել Ալ Պաչինոյի մարմնավորած կույր հերոսին՝ հայտնի «Կնոջ բույրը» ֆիլմից:

Իմ կարծիքով, ուղղակի ասելիքը շատ էր ու բուռն, իսկ ժամանակը՝ քիչ, մոնոներկայացումն էլ մի քիչ քմահաճ ժանր է… Ամեն դեպքում, Արթուր Կարապետյանը աշխատում էր ասելիքը տեղ հասցնել. յուրաքանչյուրի մեջ էլ մի քիչ Յագո կա…

Բեմում գիշեր է, մի փողոցային լապտեր, հին նստարան ու էլ ավելի հին վերարկուով կույր հերոսը՝ ձեռնափայտը ձեռքին: Ասում է՝ ժամանակները փոխվել են եւ ինքը պիտի ասի ողջ ճշմարտությունը իր՝ «Գերազնիվ Յագոյի մասին»: Մանավանդ, հերոսի խոսքով, հիմա, հեղինակային իրավունքին զուգահեռ, ոչ այնքան գործում, ինչքան օգտագործվում է մոդայիկ դարձած «մարդու իրավունքներ» կոչվածը… Իսկ ո՞վ կասի, որ կերպարը մարդ չէ: Եվ Արթուր-Յագոն սկսում է պաշտպանել իր իրավունքները. «Ձեզ լավ ծանոթ Դեզդեմոնայից եւ Օթելլոյից բացի, ստիպված եք նաեւ ինձ լսել: Խոսքս չի լինի ոչ մեղադրական եւ ոչ էլ պաշտպանական: Ընդամենը բոլորիդ քաջածանոթ պատմությունը կներկայացնեմ ի՜մ տեսանկյունով»:

Նա հայտարարում է, թե բարքերն այնպիսին են, որ «Սիրիր մերձավորիդ» պատվիրանը շարունակ եւ ամենուր ջախջախիչ պարտություն է կրում, ու «գողանաս, թե չգողանաս՝ գող ես, այնպես որ՝ առանց խղճի խայթի կարող ես… ատել մերձավորիդ»: Ուրեմն, ինչպե՞ս Յագոն սիրի Օթելլոյին, որն ազնվական այր է, Վենետիկի պետության պաշտոնյա, իսկ ինքն ընդամենը նրա դրոշակիրը, ծառան: Բացի այս ամենից, Յագոն ավելի լուրջ պատճառ ունի, ինքն էլ էր սիրում Դեզդեմոնային: «Ոմանք ինձ մեղադրում են, թե կասկածի որդը ես եմ արթնացրել նրա (Օթելլոյի- Գ. Հ.) սեւ մարմնի մութ հոգում: Էշությո՜ւն… Ինձնից առաջ Դեզդեմոնայի հայրը՝ ազնիվ Բրաբանցիոն, հարսանեկան նվերի փոխարեն լա՛վ խրատ տվեց իր փեսային՝ /Աչք պահիր վրան, եթե աչք ունիս տեսնելու համար: /Իր հորը խաբեց, քեզ էլ կխաբի/… Ես ընդամենը զարգացրի նրա միտքը»: Հերոսը համոզված է, որ արդեն 400 տարի ոչինչ չի փոխվել, բոլորն էլ ինտրիգներ են հյուսում ու դավում՝ մարդն ավելի ստոր է դարձել, քան Շեքսպիրի ժամանակներում:

Յագոն արդարացնում է ինքն իրեն եւ բոլորովին չի զղջում. «Այս պատմության գլխավոր հերոսը, ոմանց կարծիքով, թաշկինակն է: Դուք է՞լ այդ կարծիքին եք: Սո՛ւրբ միամտություն… Եթե Դեզդեմոնան թաշկինակը ցույց տար Օթելլոյին, նրանք կապրեին սիրո՞վ, համերա՞շխ՝ աշխարհ բերելով մի դյուժին ոսկեմազ խափշիկներ… Ուրեմն ինչ արեց-չարեց՝ լաթի կտո՞րն արեց… հա՛-հա՛-հա՛… Եթե Դեզդեմոնան որպես ապացույց ելակի նախշով տասը թաշկինակ բերեր՝ ոչինչ չէր փոխվի: Օթելլոն Դեզդեմոնային կխեղդեր տասն անգամ՝ ըստ թաշկինակների թվի… Ես չլինեի, մի ուրիշ Յագո մի այլ առիթով ակնարկ կնետեր, եւ նույն Օթելլոն խեղդվողի համառությամբ կկառչեր այդ ակնարկից՝ Դեզդեմոնային խեղդելու համար: Ցինիկ չեմ: Ոչ էլ արդարանալու պահանջ ունեմ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել