Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 17,2009 00:00

\"\"Պատմության խմբագրման փորձ

Հոգեւոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը,

ահա, խեղդում է մեզ: Այսօր մեր կյանքի որ կողմն էլ վերցնենք,

գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի,

մտածումի փոխարեն՝ հույզի, ձեւի փոխարեն՝ քաոսի,

կազմակերպության փոխարեն՝ անկանոնության:

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ

Օգոստոսի 31-ին «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» (հետագայում՝ Ա1), «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» (հետագայում՝ Ա2) արձանագրությունների եւ «Ճանապարհային քարտեզի» հրապարակումը եւս մեկ անգամ հաստատեց, որ գրեթե մեկ դար առաջ գրված այս խոսքերն այսօր ավելի քան արդիական են: Բախտորոշ փաստաթղթերի բովանդակային քննարկման փոխարեն շահարկվում է այն հարցը, թե Հայաստանին պե՞տք են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններն ու այդ երկրի հաղորդակցության ուղիները, որի պատասխանը յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար միանշանակ է: Մինչդեռ լիովին անտեսվում է այն հանգամանքը, առանց որի՝ այդ հարցադրումը դառնում է կեղծ ու անիմաստ. առկա խնդիրներն ի՞նչ գնով ու սկզբունքներով է առաջարկվում լուծել, քանզի այդ հարաբերությունների ու հնարավորությունների կայունությունն ու հուսալիությունը մեծապես կախված են այն բանից, թե ինչ հիմքով են ստեղծվում ու կարգավորվում այդ հարաբերություններն ու հաղորդակցությունը:

Խնդիրը եւ նախապայմանները

Փաստաթղթերը հիմնովին եւ լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ է եւս մեկ անգամ արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում առկա հիմնական խնդիրները, փաստաթղթերում դրանց առնչվող դրույթները եւ խնդիրների ու այդ դրույթների համարժեքությունը: Խնդիրները երեքն են.

1. Թուրքիան, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի մի շարք նորմեր, 1993թ.-ից մասնակցում է Հայաստանի շրջափակմանը,

2. հայության զգալի հատվածը իր բնօրրանն է համարում Արեւմտյան Հայաստանը եւ չի հաշտվում հայրենիքի մեծ մասի կորստի հետ՝ որպես հետեւանք Ցեղասպանության,

3. hայությունը հետամուտ է, որ 1894-1923թ.թ. տեղի ունեցած Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի, Թուրքիան ոչ միայն ժխտում է դա, այլեւ մեծ ջանքեր է գործադրում այլ երկրներում ճանաչման գործընթացը կանխելու համար:

Անգամ նրանք (մասնավորապես՝ ԱՄՆ-ը), ովքեր հետեւողականորեն շրջանցում են Ցեղասպանություն բառի օգտագործումը, բազմիցս ընդունել են, որ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացվել են եղեռն, զանգվածային ջարդեր եւ տեղահանություն: Հետեւաբար ակնհայտ է, որ երեք խնդիրներն էլ առաջացել են Թուրքիայի գործողությունների հետեւանքով, որոնց արդյունքում Հայաստանը եւ հայությունը կրել են հսկայական նյութական, քաղաքական եւ բարոյական վնասներ: Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել առանց նախապայմանների միջպետական հարաբերություններ հաստատելու օգտին, Թուրքիան առաջադրել է երեք նախապայման (Տ. Թորոսյան. Հարավային Կովկասը օգոստոսյան պատերազմից հետո, 2009թ., էջ 52): Նախապայմաններից մեկը՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցումը, մեկ տարի է, ինչ փաստացիորեն իրականացվել է՝ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլի մեկնարկից՝ Թուրքիայի նախագահ Գյուլի երեւանյան այցից հետո: Երկրորդի՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ կա կարգավորման սկզբունքների շրջանակային համաձայնագրի նախագիծ («Մադրիդյան սկզբունքներ»), որը ներառում է Թուրքիայի պահանջը: Երրորդ նախապայմանը՝ հայ-թուրքական սահմանի մասին, ընդգրկված է նախաստորագրված Արձանագրությունների մեջ՝ որպես համաձայնության կետ: Այս պարագայում, երբ երեք նախապայմաններց մեկը Հայաստանի կողմից փաստացիորեն կատարվում է, իսկ մյուս երկուսը ներառված են փաստաթղթերում, պարզապես երեսպաշտություն է հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ընթանում է առանց նախապայմանների:

Ինչու չէր հրապարակվում «Ճանապարհային քարտեզը»

«Ճանապարհային քարտեզը» հրապարակված փաստաթղթերի մեջ միակն է, որ հիշատակվում էր ապրիլի 23-ի հայտարարության մեջ, հետեւաբար պահանջում է հետահայաց անդրադարձ. ինչո՞ւ այն հրապարակվեց համաձայնեցումից չորս ամիս անց: Փաստաթուղթն ունի հինգ կետ, որոնցից երեքը զուտ տեխնիկական բնույթ ունեն եւ չէին կարող ուշ հրապարակման պատճառ լինել: Առաջին կետը եւ վերջին կետի յոթերորդ ենթակետը երկուստեք խնդրահարույց են: Թուրքիայի ղեկավարությունը կարիք ուներ բացատրելու, թե ինչու է վերացնում 16-ամյա շրջափակումը, Հայաստանի ղեկավարությունը՝ ինչու է համաձայնել (ստորեւ փաստերով կհաստատվի, որ Ցեղասպանության խնդրի) քննարկման ենթահանձնաժողով ստեղծելու առաջարկին: Հայկական կողմի համար մինչ բոլոր փաստաթղթերի համաձայնեցումը, «Ճանապարհային քարտեզի» չհրապարակումը կարող էր պայմանավորված լինել միայն այդ կետի առկայությամբ, քանի որ արձանագրությունների վերաբերյալ վերջնական համաձայնության չհասնելու դեպքում անիմաստ կլիներ բացահայտել, որ Հայաստանը համաձայնել է փաստաթղթում ներառել այդպիսի կետ:

Երկրորդ հանգամանքը, որն ազդել է ուշ հրապարակման վրա, այն է, որ, ամենայն հավանականությամբ, Արձանագրություններն այն ժամանակ դեռեւս լիովին համաձայնեցված չեն եղել: Ընդ որում, վերջին ամիսներին Արձանագրություններում սրբագրումներ անելու համար ջանքեր է գործադրել Թուրքիան, քանի որ հրապարակման նախօրյակին Ս. Սարգսյանը BBC-ին տված հարցազրույցում («Կապիտալ», սեպտեմբերի 1) դժգոհում էր, որ Թուրքիայի կողմից «պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում» չի տեսնում: Հետեւաբար պետք է ենթադրել, որ Թուրքիան Արձանագրություններում ուժեղացրել է իր դիրքերը:

Արձանագրությունների վտանգները

Վերոհիշյալ երեք խնդիրներին առնչվում են Արձանագրությունների հետեւյալ դրույթները:

Ա1.- «Համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը (առաջին խնդիր):

Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ… … իրականացնելու համար երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար» (երրորդ խնդիր):

Ա2.- «Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով (երկրորդ խնդիր):

Կարեւորելով իրենց որոշումը՝ բացելու ընդհանուր սահմանը» (առաջին խնդիր):

Անհրաժեշտ է պարզել, թե Արձանագրություններով սահմանված այս քայլերը՝ որպես լուծում, որքանով են համարժեք առկա երեք խնդիրներին եւ արդյոք կարո՞ղ են ապահովել «բարիդրացիական հարաբերությունների հաստատում» ու «երկկողմ համագործակցության զարգացում», ինչը հռչակված է նախաստորագրված Ա2 փաստաթղթով:

Առաջին խնդրին՝ Հայաստանի 16-ամյա շրջափակմանը վերաբերող դրույթներ կան երկու Արձանագրություններում էլ, ըստ որոնց, երկու կողմերը որոշել են «բացել ընդհանուր սահմանը»: Շրջափակումը, որի մասին երբեմն խոսում են նաեւ Հայաստանի իշխանությունները, միջազգային իրավունքի նորմերով դատապարտելի գործողություն է, որն իրականացրել է Թուրքիան՝ Հայաստանին պատճառելով զգալի չափերի դժվարություններ ու կորուստներ, Հայաստանի ժողովրդին՝ նյութական ու բարոյական մեծ վնաս, տառապանքներ: Արձանագրություններում ներառելով «կողմերը համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը» արտահայտությունը, կոպտորեն նենգափոխվում է 16 տարվա իրողությունը՝ ձեւակերպման միանշանակ հետեւությունն է, որ սահմանը փակել էին երկու կողմերը եւ այժմ համաձայնել են բացել: Անկախ այն բանից, այս փաստաթղթի կազմմանը մասնակցած հայ պաշտոնյաները դա հասկացել են, թե ոչ, այդ դրույթով Թուրքիային արվել է հսկայական զիջում՝ սրբագրելով այդ ժամանակահատվածի հայ-թուրքական հարաբերությունները: Սա չափազանց մեծ ու չփոխհատուցված զիջում է Հայաստանի կողմից՝ հօգուտ Թուրքիայի, վերջինիս ազատելով միջազգային իրավունքի նորմերով դատապարտելի արարքի համար պատասխանատվությունից: Մինչդեռ սա այն կարեւոր գործոններից մեկն էր, որը Հայաստանի Հանրապետությունը կարող էր եւ պետք է օգտագործեր Թուրքիայի վրա ճնշումները մեծացնելու նպատակով: Ցավոք, ինչպես ղարաբաղյան խնդրի պարագայում, հայ-թուրքական հարաբերություններում եւս Հայաստանի ներկայացուցիչները աչքի են ընկնում իրավական գիտելիքների ու դիվանագիտական հմտությունների տկարությամբ:

Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին՝ երկու երկրների միջեւ սահմանին կամ Արեւմտյան Հայաստանի խնդրին, ապա խնդրահարույց են Ա2 արձանագրության նախաբանի հետեւյալ երկու դրույթները՝ «վերահաստատելով… տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները», «վերահաստատելով երկու երկրների միջեւ սահմանների փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան համաձայնագրերով»: Նախ, հարց է ծագում, ինչո՞ւ է պետք վերահաստատել, օրինակ, տարածքային ամբողջականության կամ սահմանների անխախտելիության սկզբունքները, եթե արձանագրությունում արդեն մատնանշված են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, որոնցում այդ սկզբունքները ներառված են: Ընդ որում, այդ փաստաթղթերից առանձնացված են միայն այն հարցերը, որոնք Թուրքիային են ցանկալի: Այն դեպքում, երբ, օրինակ, Արձանագրություններում հարեւան երկրի շրջափակումը դատապարտող դրույթ չկա: Այլ երկրների պարագայում ճիշտ հակառակն է. եթե պատմական որեւէ շրջանում կնքվել են պայմանագրեր (օրինակ, Մոլոտով-Ռիբենտրոպի պայմանագիրը, որին համարժեք պետք է դիտարկել Մոսկվայի 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը, դրա հետեւանք Կարսի պայմանագիրն ու այսօր գոյություն ունեցող սահմանները) կամ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց արդյունքների վերանայում տվյալ ժամանակահատվածում հնարավոր չէ, ապա խնդիրն այդ հարթությունում չի ներկայացվում, սակայն երկիրն իր քաղաքական ուժերի ու ղեկավարների շուրթերով հաստատաբար նշում է այդ իրողությունների անընդունելի լինելը: Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները երբեք չեն խոսում այդ պայմանագրերի ապօրինի հիմքերի մասին, ինչն արդեն մեծ զիջում է: Միանգամայն բավարար պետք է լիներ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վկայակոչումը՝ որպես միջպետական հարաբերությունները լիարժեքորեն կարգավորող միջազգային փաստաթղթեր: Դրանց առանձին դրույթների «վերահաստատումը» բացարձակապես անտեղի է եւ չի համապատասխանում միջպետական հարաբերությունների հաստատման պրակտիկային: Հետեւաբար ակնհայտ է, որ Ա2 արձանագրությունում երկրորդ խնդրին առնչվող դրույթների ձեւակերպման ժամանակ եւս Հայաստանի ներկայացուցիչները վերոհիշյալ պատճառներով տեղի են տվել Թուրքիայի ցանկություններին:

Երրորդ խնդրին՝ Ցեղասպանության ճանաչմանը, անդրադառնում է Ա1 արձանագրությունը: Այդ դրույթի մի փոքր պարզաբանում է պարունակում «Ճանապարհային քարտեզը», որտեղ նշվում է, որ ենթահանձնաժողովում գիտական ուսումնասիրություններն իրականացվելու են «հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»: Այս խնդրի հետ կապված իշխանության ներկայացուցիչներն ու նրանց սպասարկու անձինք հայտարարում են, որ այդ ենթահանձնաժողովը չի քննարկելու այն հարցը, թե Ցեղասպանություն եղե՞լ է, թե՝ ոչ: Սակայն մի՞թե ակնհայտ չէ, թե պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետները այդ ո՞ր գոյություն ունեցող խնդիրների հստակեցում ու առաջարկների ձեւակերպում պետք է անեն: Ինչպես վերը նշվեց, հայ-թուրքական հարաբերություններում կա սոսկ երկու պատմական խնդիր՝ Ցեղասպանության եւ դրա հետեւանքով Արեւմտյան Հայաստանից հայության դուրսմղման: Ավելին, ինչպես վերը նշվեց, «Ճանապարհային քարտեզում» առկա ձեւակերպումներից Հայաստանի համար հենց այդ կետն է խնդրահարույց եւ այդ պատճառով այն հրապարակվեց ավելի քան չորս ամիս անց: Հետեւաբար իշխանությունները հիանալի հասկանում են, որ խնդրո առարկան լինելու է Ցեղասպանությունը եւ թե ինչ հետեւանքներ է ունենալու այդ կետը: Գիտական քննարկումների տեղը միջպետական հանձնաժողովները չեն: Դրա համար կան ամսագրեր, գրքեր, սիմպոզիումներ, գիտաժողովներ, համապատասխան միջազգային կազմակերպություններ, որոնք, ի գիտություն հայաստանյան իշխանավորների, վաղուց քննարկել ու եզրակացություն տվել են: Ակնհայտ է, որ այդ ենթահանձնաժողովը որեւէ արդյունքի չի հասնելու, եթե, իհարկե, հայկական կողմն այստեղ էլ մեծահոգի երեւալու մարմաջով, հանուն մեծ տերությունների ու միջազգային կազմակերպությունների քաջալերանքի, «հանուն Հայաստանի ապագայի», հանուն «լիարժեք» բարիդրացիական հարաբերությունների՝ վերջին զիջումը չանի: Իհարկե, կա նաեւ այլ՝ ավելի հավանական «լուծում»: Այդ ենթահանձնաժողովն ունենալու է ընդամենը մեկ նպատակ՝ հնարավորինս ձգձգել աշխատանքները: Նման «ենթահանձնաժողովի» գոյությունը Թուրքիան միայն կարող է երազել, քանի որ այդ ընթացքում լիովին շրջափակվելու է Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, իսկ Հայաստանի իշխանությունն էլ հպարտանալու է, որ հանձնաժողովում «հերոսաբար» պաշտպանում է Հայ դատը՝ թույլ չտալով Ցեղասպանության մերժումը: Եվ գայլերը կուշտ կլինեն, եւ ոչխարները՝ ողջ: Առայժմ:

Այսպիսով, հայ-թուրքական հարաբերություններում ունենալով երեք խնդիր, որոնցից յուրաքանչյուրի առնչությամբ Հայաստանի միակողմանի կորուստները բացարձակապես անժխտելի են՝ որպես հետեւանք Թուրքիայի ապօրինի ու միջազգային իրավունքի տեսակետից դատապարտելի գործունեության, հայաստանյան պաշտոնյաները կարողացել են «հասնել» նրան, որ Արձանագրություններում բոլոր երեք խնդիրներին առնչվող ձեւակերպումները միակողմանիորեն Թուրքիայի օգտին են ու թուրքական խմբագրմամբ են ներկայացնում վերջին հարյուրամյակում հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած իրադարձությունները: Ի պատասխան՝ Թուրքիան խոստանում է անել այն, ինչն առանց որեւէ փոխհատուցման պարտավոր էր անել: Բայց, միգուցե Հայաստանի իշխանություններն ա՞յլ կերպ են պատկերացնում այդ Արձանագրությունների արդյունքները:

Հայաստանի պաշտոնական տեսակետը

Սեպտեմբերի 1-ին արտգործնախարարությունում հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը հայտարարել է, որ «Արձանագրությունները արտացոլում են երեք առանցքային իրականություն.

1. ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որեւէ այլ խնդրի հետ կապված որեւէ նախապայման,

2. ինչպես եւ պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով,

3. առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարեւորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները» («Հայաստանի Հանրապետություն», սեպտեմբերի 2):

Դիտարկենք այս երեք «ձեռքբերումներն» առանձին-առանձին:

Թեեւ ձեւական առումով առաջին հաստատումը ճիշտ է՝ Արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ուղիղ հիշատակում չկա, սակայն նման մոտեցումը բարդ քաղաքական հարցերին՝ ակնհայտորեն պարզունակ է: Բավական է կարդալ թուրք, ռուս, ամերիկացի փորձագետների մեկնաբանությունները, համոզվելու համար, որ ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումներն ունեն խորքային ամուր եւ բացահայտ կապ՝ որպես տարածաշրջանային զարգացումներում կարեւոր գործընթացներ, որոնց շահառուներն ու փաստացի կողմերը ճշգրտորեն նույնն են: Եվ բացարձակապես ցանկալի, իսկ հաճախ էլ՝ ընդունելի չէ, որ երկկողմ հարաբերությունները կարգավորող փաստաթղթերում այլ երկրների հետ առնչություններն ու պայմանավորվածություններն արտահայտվեն: Հետեւաբար Լեռնային Ղարաբաղի բացակայությունը Արձանագրություններում ոչ թե հայկական կողմի ձեռքբերումն է, առավել եւս՝ զիջում Հայաստանին, այլ միջազգային պայմանագրերի կնքման տարրական կանոնների ու պրակտիկայի հետեւանք:

Ս. Սարգսյանի երկրորդ հաստատման հետ կապված հարկ է նկատել, որ «հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցեր» ձեւակերպումը հայաստանյան իշխանությունների բառապաշարում հայտնվեց փաստաթղթերը հրապարակելուց հետո: Ավելին, նախագահի «ինչպես եւ պնդում էինք» արտահայտությունը վերաբերում է ոչ վաղ անցյալի այն հայտարարություններին, որոնք ուղղակիորեն վերաբերում էին Ցեղասպանության խնդրի քննարկմանը: Հետեւաբար այս հաստատումը վկայում է, որ նրանք, ովքեր փորձում են լեզվական տարատեսակ աճպարարություններով «հայ- թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը» ներկայացնել որպես այլ բան, քան «Ցեղասպանությանն առնչվող հարցեր», զբաղվում են պարզունակ երեսպաշտությամբ: Ակնհայտ է նաեւ, որ այդ «իրականությունն» ակնհայտորեն կաղում է: Նշվում է, որ դա լինելու է ոչ թե պատմաբանների հանձնաժողով, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողով: Անաչառ մոտեցման դեպքում հեշտ է նկատել, որ հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի տարբերությունը տվյալ դեպքում բացարձակապես էական չէ: Ավելին, մի՞թե կգտնվի գեթ մեկ ողջամիտ մարդ, որը կարծում է, որ «պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով» «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի» անդամները գիտնականներ (մասնավորապես՝ պատմաբաններ) չեն լինելու: Դժվար թե ողջ աշխարհում գտնեք երկրորդ միջկառավարական կառույց, որի անդամները փորձագետներ են, ովքեր «պատմական փաստաթղթերի ու արխիվների» գիտական ուսումնասիրությամբ են զբաղված: Եվ վերջինը, ի՞նչ նպատակ է հետապնդում հայկական կողմը՝ այս ենթահանձնաժողովի ստեղծումով: Որ Թուրքիան միջպետական ենթահանձնաժողովի կազմում կընդգրկի «անկողմնակալ գիտական ուսումնասիրության» ընդունակ որեւէ թուրք գիտնականի՞: Թե՞ հայկական կողմը կընտրի հայ «գիտնականների», ովքեր հանուն «երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնման»՝ մեծահոգաբար, խոշոր տերությունների քաջալերանքի ու ծափահարությունների ներքո կբավարարվեն «ջարդեր», «եղեռն» կամ նմանատիպ այլ ձեւակերպմամբ: Չնայած, Արձանագրությունների հետ կապված «քննարկումների» «պետպատվերի» իրականացման ընթացքը վկայում է, որ նման «գիտնականների» ի հայտ գալը նույնպես չի կարելի բացառել:

Ինչ վերաբերում է երրորդ «ձեռքբերմանը»՝ հանրային քննարկումների վերաբերյալ, ապա ի սկզբանե ակնհայտ էր, որ Հայաստանում հանրային քննարկումները լինելու են այնպիսին, ինչպիսին է Հանրային խորհուրդը. ձեւավորվելու է նախագահական նստավայրի հրահանգով ու ցուցակով՝ ազդեցության մեխանիզմների բացարձակ բացակայությամբ: Այդուհանդերձ, այն մեկ դրական արդյունք ունեցավ՝ լիովին բացահայտեց զգալի թվով հասարակական, քաղաքական կառույցների ու դերակատարների գործունեությունում սկզբունքների ու արժեքների իսպառ բացակայությունը:

Միջազգային արձագանքները եւ հետագա զարգացումները

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ եվրոպական կառույցների արձագանքներին մանրամասն անդրադառնալու անհրաժեշտություն չկա, քանի որ առիթներ եղել են (Տ. Թորոսյան. Հարավային Կովկասը օգոստոսյան պատերազմից հետո, 2009թ.) ցույց տալու, որ Հարավային Կովկասում ազդեցությունների վերաբաժանման տեսակետից այդ երեք կողմերն էլ շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ընդ որում, հարցի գինն այնքան բարձր է, որ բացարձակապես նշանակություն չունի, թե կողմերից ում հաշվին է կարգավորումն իրականացվելու: Ավելին, քանի որ Հայաստանը հնազանդորեն կատարում է ցանկացած հրահանգ, իսկ Թուրքիան հմտորեն խուսանավում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ՝ ավելի ու ավելի ամրապնդելով իր դիրքերը, ապա միանգամայն պարզ է, թե ինչու են հայ-թուրքական խնդիրների լուծումներն Արձանագրություններում ստացել այնպիսի ձեւակերպումներ, որոնց իրականացումը հանգեցնելու է միակողմանի օգուտների, ինչը Հայաստանի համար կարող է ճակատագրական լինել: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ հզոր պետությունների վերաբերմունքն այս կամ այն լուրջ գործընթացին՝ բխում է սոսկ իրենց շահերից: Հետեւաբար նրանց դրական վերաբերմունքը զարգացումներին կարող է դիտարկվել որպես դրանց շահավետության նշան իրենց համար, այլ ոչ թե Հայաստանի:

Ակնհայտ է, որ Արձանագրությունների ճակատագիրը մեծապես կախված է ղարաբաղյան խնդրի հետագա զարգացումներից: Ըստ Today’s Zaman թուրքական թերթի մեկնաբան Ի. Դաղիի (07.09.2009), «Արձանագրությունում բացակայում է տարածաշրջանային կարգավորման բանալին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը: …Դժվար է հասնել խաղաղության՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, երբ վերջինս գրավել է Թուրքիայի եւ թուրքերի բարեկամ Ադրբեջանի տարածքները: Հետեւաբար, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ իրական կարգավորումը պահանջում է Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքականության եւ սոցիալական հոգեբանության կարգավորում, ինչը պահանջում է անդրադառնալ ղարաբաղյան հարցին»:

Ավելի կոնկրետ է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Եվրասիական ռազմավարական նախագծի տնօրեն Ք. Ուելթի հետեւյալ դիտարկումը նախաստորագրված փաստաթղթերի ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կապի մասին. «Կա երկու տարբերակ: Կամ արդեն կնքվել է գաղտնի պայմանագիր ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, որի արդյունքում պետք է սպասել առաջընթաց, կամ Թուրքիայի կառավարությունը պետք է խորհրդարանին հնարավորություն տա Արձանագրությունների վավերացումը հետաձգել մինչեւ ղարաբաղյան հարցում զգալի առաջընթացը»:

Ամփոփում

Հեշտ է նկատել, որ հոդվածում դիտարկվել են Արձանագրությունների իրավական ու քաղաքական նշանակությունն ու հետեւանքները եւ անդրադարձ չկա խնդրի բարոյական կողմին, թեեւ այն շատ ծանրակշիռ է: Այդուհանդերձ, անգամ այդ դեպքում ակնհայտ է, որ առաջարկվող Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերություններում առկա երեք խնդիրների համար էլ պարունակում են լուծումներ, որոնք բացահայտորեն թուրքամետ են եւ նվաստացուցիչ հայկական կողմի համար: «Առանց նախապայմանների» արտահայտությունն այլեւս կորցրել է իր իմաստը, քանի որ դրանք այս կամ այն չափով արդեն իրականություն են դարձել: Հայ-թուրքական հարաբերություններում առկա երեք խնդիրների համար արվող չափազանց մեծ զիջումների դիմաց Հայաստանին առաջարկվում է սոսկ թուրքական շրջափակման վերացում, մի բան, որ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ Թուրքիան պարտավոր էր շուտափույթ անել: Ընդ որում, թուրքական «բաց սահմանի» հետեւանքները Հայաստանի համար չգնահատված են, վերացական ու առասպելականացված:

Եթե նախաստորագրված Արձանագրությունները վավերացվեն, ապա Հայաստանի իշխանությունների թողտվությամբ եւ մասնակցությամբ Թուրքիան կիրականացնի իր վաղեմի երազանքի՝ վերջին հարյուր տարիների հայ-թուրքական հարաբերությունների խմբագրման ամենահաջող փորձը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել