Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ՝ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սեպտեմբեր 17,2009 00:00

\"\"ՄԱԿ-ը իսրայելական բանակին եւ Պաղեստինի գրոհայիններին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ եւ ենթադրում է, որ 2008թ. դեկտեմբերից մինչեւ 2009թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ կարող էին տեղի ունեցած լինել մարդկության դեմ իրականացված հանցագործություններ: Հակամարտությունը ծագել էր 2008թ. դեկտեմբերի վերջերին՝ Իսրայելի ու Համաս շարժման միջեւ հաշտության ժամկետի ավարտից հետո, երբ պաղեստինյան գրոհայինների կողմից Իսրայելի քաղաքները մի քանի հրթիռակոծության ենթարկելուց հետո Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածում:

«Մենք եկել ենք այն եզրահանգման, որ Իսրայելի պաշտպանության բանակը արել է գործողություններ, որոնք հավասար են ռազմական, ինչ-որ առումով նաեւ մարդկության դեմ կատարած հանցագործություններին»,- BBC-ի մատուցմամբ՝ երեկ հայտարարել է Գազայի հատվածում ՄԱԿ-ի անկախ առաքելության ղեկավար Ռիչարդ Գոլդսթոունը (նկարում): Հետաքննության արդյունքների վրա հիմնված նրա ծավալուն զեկույցի ամփոփ հատվածում նշված է, որ պաղեստինյան գրոհայինների կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումը, որտեղ եղել են ռազմական օբյեկտներ, եւս համարվելու են ռազմական հանցագործություններ: Ժնեւում Իսրայելի դիվանագիտական առաքելությունն արդեն հերքել է Իսրայելին առաջադրված մեղադրանքները՝ ասելով, թե հետաքննությունը անցկացվել է միակողմանիորեն:

Գոլդսթոունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է պահանջել Իսրայելից հետաքննել երկրի բանակի կողմից գործած հնարավոր հանցագործությունները, նաեւ ստեղծել Մարդու իրավունքների հանձնախումբը, որը կհետեւի իրավիճակի զարգացմանը: Առաջարկության համաձայն, եթե Իսրայելը դա չանի, ՄԱԿ-Ի ԱԽ-ն պետք է դիմի Հաագայի Միջազգային քրեական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել