Երեկ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարները, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, աշխատանքային այցով եղան ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցներով երկու ծրագրերի իրականացման վայրերում՝ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի նորոգված հատված եւ կաթիլային ոռոգման համակարգը փորձնական կիրառած ֆերմերային տնտեսություն՝ Կարբի գյուղ:
Հայաստանի ոռոգման համակարգի նորոգումը «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստանի» ամենամեծ ծրագիրն է: Առաջիկա երկու տարում Հայաստանի վեց մայր ջրանցքներից չորսում՝ Արզնի-Շամիրամ, Շիրակ, Ստորին Հրազդան եւ Արտաշատ, կնորոգվի 30 կմ ջրանցք, կկառուցվի 262 ջրային կառուցվածք, ոռոգման ծախսերը նվազեցնելու համար կկառուցվի ինքնահոս ոռոգման յոթ համակարգ, ջուրը խնայողաբար եւ արդյունավետ օգտագործելու դասընթացներ կկազմակերպվեն, աջակցություն կլինի փոքր եւ միջին բիզնեսին: Միայն Արզնի-Շամիրամ ջրանցքի նորոգումից հետո Կոտայքի եւ Արագածոտնի մարզի 30 համայնք՝ մոտ 60 հազար բնակիչ, կօգտվի բարելավված ջրանցքով մատուցվող ջրից:
Թե մեր պաշտոնյաները, թե ԱՄՆ դեսպանը գոհ են եւ ուրախ, որ ՀՄՀ-ը Հայաստանում ակտիվ է եւ աշխատանքի արդյունքներն էլ նկատելի են: ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ասաց, որ երկու տարի անց ՀՄՀ ծրագրերը Հայաստանում կվերջանան, ծախսված կլինի $180 միլիոն եւ հույս հայտնեց, որ ծրագրերը հաջողությամբ իրականացված կլինեն:
Երեկ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի նորոգված հատվածում՝ Նոր Երզնկա գյուղում, եւ կաթիլային ոռոգման համակարգը փորձնական կիրառած ֆերմերային տնտեսությունում՝ Կարբի գյուղում, տրամադրությունը տոնական էր, պաշտոնյաների պակաս չկար: Իսկ տոնը ենթադրում է միայն հաճելի ու դրական պահեր: Ու հենց այս պատճառով ոչ ոք չասաց, որ ՀՄՀ ծրագրով Հայաստանում պետք է իրականացվեին ոչ թե 180, այլ 230 միլիոն դոլարի ներդրումներ եւ ծրագրեր: Սակայն մարտի 1-ը ու դրան հաջորդած զարգացումները չէին համապատասխանում ժողովրդավարության ամերիկյան չափանիշներին ու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան դադարեցրեց Հայաստանում ծրագրերի ֆինանսավորումը: