ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը Երեւանում կանցկացվի Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը, որի նպատակն է Հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբումը, գիտակրթական եւ մասնագիտական համահայկական նշանակության իրավաբանական խնդիրների վերհանումը եւ քննարկումը, իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծումը:
Ըստ նախարարության՝ համաժողովին կմասնակցեն ավելի քան 60 հայ իրավաբաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լիբանանից, Ռուսաստանից: Ինչպես նաեւ 100 իրավաբան՝ Հայաստանից եւ 10 իրավաբան՝ ԼՂՀ-ից: Նախատեսված են ինչպես աշխատանքային նիստեր, այնպես էլ պաշտոնական ընդունելություններ եւ մշակութային ծրագիր:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 22-24-ին Երեւանում կայացավ «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական առաջին համաժողովը եւ Ռուսաստանից եկած ճարտարապետներ Կարեն Բալյանն ու Հրաչյա Արմենակյանը ասել էին, թե Երեւանում ճարտարապետական քաոս է, անօրինական շինարարությունը՝ շատ, կանաչ տարածությունները՝ քիչ: Դրսի հայ ճարտարապետների քննադատությունից ի՞նչ հետեւություններ է արել Հայաստանը եւ, ըստ այդմ, ի՞նչ քայլեր է անելու մեր այս հարցին Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պատասխանից պարզ էր, որ հետեւություններ չեն արվելու: «Ես կարծում եմ, պետք է հարցը ուրիշ կերպ ձեւակերպել: Խոսքը չի գնում հետեւություններ անելու մասին: Ֆորումի նպատակն է՝ մեր գործընկերների աչքերով ընկալել Երեւանը: Դա մեզ կօգնի կողքի աչքերով հասկանալ, ի վերջո, ուր ենք հասել: Այդ կարծիքները մեզ հնարավորություն կտան շատ ավելի զգոն լինել: Սխալներ եղել են բոլոր ժամանակներում»,- ասել էր Նարեկ Սարգսյանը («Առավոտ», 24 ապրիլի 2009, «Ընդամենը կողքի աչք»):