Անցած տարի գյուղացիները 100 միլիոն դրամի ապառիկ առեւտուր են արել, այս տարի չեն անում
Գեղարոտը Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ծայրամասային գյուղերից է: Ծովի մակերեւույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող գյուղն ունի 152 ծուխ, 592 բնակիչ: Բնակչության եկամուտի հիմնական աղբյուրը դաշտավարությունն ու անասնապահությունն է: Սրանք մեկը մյուսով խիստ պայմանավորված են: Բարենպաստ գյուղատնտեսական տարին գյուղացիների համար ապահովում է միաժամանակ մսի, կաթի արտադրություն, ձմռան ամիսներին՝ վառելիք (աթար) եւ դաշտերը գոմաղբով պարարտացնելու հնարավորություն: Դժբախտաբար, Գեղարոտի տարեգրությունն այդպիսի տարի քիչ է արձանագրել, ու մարդիկ այդ բացը լրացրել են հիմնականում արտագնա աշխատանքով:
Գեղարոտ համայնքի ղեկավար Խորեն Մուրադյանն ասաց, որ գյուղից զանգվածային արտագաղթ եղել է 1996-97 թվականներին. «Սեզոնային արտագնա աշխատողներ եղել են, սակայն միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն այս տարի նրանց ճանապարհը փակեց: Անցյալ տարի դրսից գյուղ է մտել շուրջ $300 000: Այս տարի նույնիսկ $3000 չի մտել: Հետաքրքիր մի վիճակագրություն ներկայացնեմ: Ըստ գյուղապետարանի տրամադրած տեղեկանքների՝ անցյալ տարի 100 միլիոն դրամ վարկ է մտել գյուղ, 60 ընտանիք ապառիկով կահույք է գնել, 150 ընտանիք՝ կենցաղային տեխնիկա: Բոլորն էլ ապառիկի պարտքերը մարել են: Այս տարի նման տեղեկանքի պահանջով դիմող չի եղել: Իհարկե, համայնքն անընդհատ չպետք է մնա դրսի հույսին: Անկախ ֆինանսատնտեսական ճգնաժամից, մարդիկ, չնայած խիստ բնակլիմայական պայմաններին, ցանկանում են ապրել ու արարել հայրենի հողի վրա: Ճիշտ է, այս վերջին տարիներին գյուղում իրականացվել են կենսական նշանակության ծրագրեր (գազիֆիկացում, ոռոգման ներտնտեսային համակարգի ստեղծում, դպրոցական շենքի հիմնանորոգում եւ այլն), սակայն, ինչպես ասացի, գյուղի հիմնական եկամուտի աղբյուրը դաշտավարությունն է: Նշանակում է՝ այդ ճյուղի համար պետք է ստեղծել հեռանկարային պայմաններ: Առաջինը հակակարկտային կայանների տեղադրումն է, որոնք գոյություն չունեն Արագածի տարածաշրջանում: Ստեղծել այնպիսի համակարգ, որ գյուղացին իր արտադրած հացահատիկից, մսից, կաթից՝ վերավաճառողից ավելի քիչ եկամուտ չստանա: Արտոնություններ տալ նորաստեղծ ընտանիքներին: Բերեմ ցավալի եւ զավեշտալի մի օրինակ. մեր համայնքում 1200 քմ հողամաս ձեռք բերելու համար պետք է մուծել $1500-ին համարժեք դրամ: Նման հարցով գյուղապետարան դիմեց մեր համայնքի բնակիչ Հրահատ Շահնազարյանը: Իմանալով այս գումարի մասին՝ մի քանի օր մտածելուց հետո հրաժարվեց: Վերջերս նա Լոռու մարզում $5000-ով գնեց բնակարան՝ խնձորի եւ տանձի այգով: Չեմ կարող չանդրադառնալ կառավարության հոգատար մոտեցումներից մեկին: Երրորդ տարին է՝ հացահատիկի արտադրությունը խթանելու համար մշակովի յուրաքանչյուր հեկտարին տրամադրվում է 35 000 դրամ պետական աջակցություն: Այս տարի դրա շնորհիվ 800 հեկտար հացահատիկ է մշակվում. համայնքին տրամադրվել է 17 միլիոն դրամ պետական աջակցություն: Համոզված եմ, որ եկող տարի ավելին կմշակվի»:
Կառավարությունում շրջանառվում է համայնքների խոշորացման ծրագիրը: Գեղարոտի գյուղապետը կարծում է, որ միանշանակ կարծիք չի կարող լինել. «Այս ծրագիրն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Դրական է այնքանով, որ մի քանի համայնքների միավորմամբ՝ կգոյանա համեմատաբար մեծ բյուջե եւ, ըստ առաջնայնության, այդ համայնքներում կլուծվեն մեծ խնդիրներ: Բացասական է, քանի որ մենք պատրաստ չենք դրան: Համայնքների միավորմամբ կառաջանան մանր ու մեծ խնդիրներ, որոնց լուծումը կդժվարանա այսօրվա սոցիալական պայմաններից ելնելով, նաեւ այն հանգամանքից, որ մարդիկ հոգեբանորեն դեռ պատրաստ չեն դրան: Չհաշված՝ վտանգվելու է բարոյահոգեբանական մթնոլորտն այն պատճառով, որ ամեն գյուղ կուզենա համայնքի կենտրոնն իր համայնքում լինի: Մի քիչ ընտրական մշակույթ է ձեւավորվել համայնքներում: Ստացվում է՝ քանդել, նորից սկսել: Ես դեմ չեմ համայնքների խոշորացմանը, բայց դա ժամանակի խնդիր է»: