Առանց որեւէ պատկերացում ունենալու, թե ինչ է կատարվում դատաբժշկական փորձաքննության ընթացքում՝ իրավապահների հետ առնչվող ՀՀ քաղաքացիները փորձաքննություն անցկացնելու պահանջի տակ փրկություն են տեսնում: Սովորաբար փորձաքննություն է պահանջում տուժող կողմը, սակայն նրանցից ոչ բոլորն են հնարավորություն ունենում ներկա գտնվել փորձաքննություններին, իսկ գտնվողներից քչերն են հասկանում, թե ինչ է տեղի ունենում իրականում:
Օգոստոսի 20-ին ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյում X գործով կատարվեց լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննության մարմինը քրեական գործի նյութերն ազգային բյուրո էր ուղարկել մայիսի 12-ին: «Մայիսի 12-ից մինչեւ օգոստոսի 20-ը բյուրոյում հասցրել են ընդամենը կազմել դատաբժշկական փորձաքննության եզրակացության, այսպես կոչված, արձանագրային մասը, այսինքն՝ գրել էին հանձնաժողովի անդամների տվյալները եւ արտատպել քննիչի հարցադրումներն ու նախկին երկու եզրակացությունների բովանդակությունը: Նշեմ, որ փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2009թ. համար սահմանված է 458 դրամ»,- պատմում է տուժողի ներկայացուցիչը:
Ըստ վերջինի էլ, հանձնաժողովի օգոստոսի 20-ի նիստին մասնակցեց երկու հաստիքային դատաբժիշկ, որ բարեխիղճ եւ բանիմաց անձինք էին, եւ երեք բարձրակարգ մասնագետ՝ բժշկագիտության տվյալ ոլորտների ամենակարկառուն ներկայացուցիչները. «Նիստի ժամանակ դատաբժիշկներից մեկը, ներկայացնելով քննիչի հարցադրումները, վերոհիշյալ արձանագրային մասից կարդաց իր տեսանկյունից կարեւոր մի քանի հատվածներ: Ներկաները շարադրեցին հարցերի պատասխանները: Սրանով դատաբժշկական փորձաքննությունն ավարտվեց: Հարցերի քննարկումներով, թեթեւակի բանավեճերով, զրույցներով եւ առաջադրված մոտ 50 հարցերին պատասխանելով՝ ամբողջ փորձաքննությունը տեւեց մոտ 3 ժամ: Մինչդեռ, ներկայացված փաստացի նյութերի միայն թերթելը մի քանի անգամ ավելի ժամանակ կխլեր»: Տուժողի ներկայացուցիչը չի հերքում, որ մասնագետների կարծիքները ծանրակշիռ էին, տրամաբանական ու համոզիչ, իսկ եզրահանգումները՝ աներկբա. «Բայց դրանք հիմնված էին միայն խորը գիտելիքների եւ հարուստ գործնական փորձի վրա: Այսինքն՝ նախադեպային էին եւ ենթադրական բնույթի: Անաչառության համար նշեմ, որ մասնագետները, այնուամենայնիվ, ինչ-որ տվյալներ հիշում էին՝ ավելի քան ինն ամիս առաջ նմանատիպ նիստի ընթացքում այն ժամանակվա եզրակացության արձանագրային մասի ընթերցման մակարդակով: Ներկայացված մի քանի հատորանոց քրեական գործի նյութերը նրանք չէին հետազոտել, տեղեկություն չունեին հիվանդության պատմության մեջ շարադրված բուժման գործընթացներից, դրանցում առկա ջնջումներից եւ ուղղումներից, նախկին դատաբժշկական փորձաքննության մեջ տեղ գտած աղաղակող թերություններից: Հանձնաժողովի անդամներին հայտնի չէին նաեւ կատարված ներարկումների եւ ինֆուզիաների տեսականին, քանակը, ժամկետները, տարբեր պահերի հետազոտությունների արդյունքները, վիրահատությունների կատարման որակը, դրանց ընթացքում եւ հետո բուժանձնակազմի գործողությունները»:
Տուժողի ներկայացուցչի խոսքից ակնհայտ է, որ փորձաքննությունը մարդկային կյանքի կորստին է վերաբերում: «Խոսքը վերաբերում է մի փորձաքննության, որը նպատակ ուներ պարզաբանելու բուժման ընթացքում թույլ տված հնարավոր մասնագիտական սխալներն ու բացթողումները: Գործի նյութերը դեռ մի կողմ, անհասկանալի էր, թե դրանք նախաքննության մարմինն ինչո՞ւ էր ուղարկել, փորձագետներին նույնիսկ արձանագրային մասը նախապես չէին տվել, որ գոնե ինչ-որ բանից տեղյակ լինեին»,- նշում է տուժողի ներկայացուցիչը:
Մինչդեռ, ներկայացվելիք փորձագիտական եզրակացության մեջ պարտադիր պետք է նշված լինի, թե գործի ո՞ր նյութերն են օգտագործվել, ինչպիսի՞ իրեղեն ապացույցներ, նշումներ եւ այլ օբյեկտներ են հետազոտվել, ինչպիսի՞ հետազոտություններ են կատարվել եւ ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվել: Սա ՀՀ Քրօրի 250 հոդվածի պահանջն է: Տուժողի իրավահաջորդին այլ բան չի մնում, քան արձանագրել. «ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների բյուրոյում այսպես են պատկերացնում փորձաքննության կատարումը, այսպիսին է այստեղի դրվածքը: Կարծում եմ, ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ կա դատաբժշկական փորձաքննության իրականացումը կանոնակարգող ներգերատեսչական հրահանգում, որն այդպես էլ ինձ ցույց չտվեցին, երեւի հույժ գաղտնի փաստաթուղթ էր, բոլորովին այլ գործառույթներ են նկարագրված: Ցավալի է, որ նման ֆարսին մասնակից էին դարձրել այդպիսի պատվարժան մարդկանց՝ նրանց կտրելով իրենց հիմնական, ազգօգուտ գործունեությունից: Հավանաբար՝ բյուրոն վարկանիշային խնդիրներ ունի»:
Հիշեցնենք, որ «ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն է: Այն ստեղծվել է ՀՀ կառավարության 2004թ. թիվ 1127 որոշմամբ: Նրա գործունեության նպատակներն են՝ ա/ քրեական հետապնդում եւ արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակում, փորձարկում եւ ներդրում. բ/ իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների ապահովմանն ու բարելավմանը նպատակաուղղված գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտափորձնական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը. գ/ փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ եւ փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը. դ/ դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգում, նորերի մշակում, դրանց փորձարկումը եւ գործածության համար երաշխավորումը. ե/ փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հաստատումը եւ այլն: Բյուրոյին թույլատրված է նաեւ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
Ավելորդ չէ նշել, որ 2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ, պետբյուջեի վերաբաշխման միջոցով, նորոգման աշխատանքների իրականացման նպատակներով, Փորձաքննությունների ազգային բյուրոյին հատկացվել է 11 մլն դրամ՝ որպես ԳԱԱ նվիրատվություն: Սա միակ նվիրատվությունը չէ. 2008թ. ԱՄՆ կառավարությունը մոտավորապես $280 հազարի սարքավորումներ է նվիրաբերել ԳԱԱ-ին: Մինչեւ այսօր ԱՄՆ կառավարությունը բյուրոյին տրամադրել է $630 հազարից ավելի օժանդակություն: 2009թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, նորոգման աշխատանքների իրականացման եւ սարքեր ու սարքավորումներ ձեռք բերելու համար, նույն բյուրոյին հատկացվել է 27 100 000 դրամ՝ որպես նվիրատվություն: