Գիտության զարգացման ռազմավարության նախագիծը որոշ գիտնականների սրտով չէ
«Դեկլարատիվ». երեկ Գիտության պետական կոմիտեում (ԳՊԿ) կազմակերպված քննարկման ժամանակ գիտական համայնքի ներկայացուցիչներն այսպես բնորոշեցին Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Չնայած նախագծի վրա մի քանի ամիս աշխատանքներ են տարվել, սակայն երեկվա քննարկումից պարզ դարձավ, որ նախագիծը ոչ բոլորի սրտով է: Այնինչ, փաստաթղթում փոփոխություններ կատարելու համար ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է մնացել, քանի որ, ինչպես տեղեկացրեց ԳՊԿ տնօրեն Սամվել Հարությունյանը, այն մինչեւ սեպտեմբերի վերջ կներկայացվի ՀՀ կառավարությանը: Մինչ քննարկմանն անցնելը, Ս. Հարությունյանը ներկայացրեց ռազմավարության առանձնապես կարեւոր դրույթները: Աչքի անցկացնելով նախագիծը՝ կարելի է նկատել, որ այստեղ շատ քիչ բան է նշված գիտության ոլորտի ֆինանսավորման մասին: Պատահական չէր նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի բնորոշումը. «Փաստաթուղթը մի քիչ դեկլարատիվ տպավորություն է թողնում, մյուս կողմից էլ այն կոչվում է ռազմավարություն, ուստի գաղափարը պիտի դեկլարատիվ ծագում ունենա»:
ԳՊԿ-ի ստեղծումից հետո նմանատիպ քննարկումներն անցնում են բավականին լարված մթնոլորտում, երբ կրքերը բորբոքվում են այն աստիճանի, որ քննարկման հարթությունը տեղափոխվում է անձնական վիրավորանքների դաշտ: Իհարկե, երեկ բանը դրան չհասավ, սակայն գիտնականների դեմքի արտահայտությունից նկատելի էր նրանց դժգոհ լինելը: Օրինակ, ԳԱԱ ակադեմիկոս, Համաճարակաբանության ինստիտուտի գիտական խորհրդական Յուրի Ալեքսանյանը հետաքրքրվեց. եթե այժմ ՀՀ-ում գիտության զարգացման համար հատկացվող ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0.2%-ը, ապա որքա՞ն է կազմելու 2020-ին: Ս. Հարությունյանը պատասխանեց. «Ենթադրում ենք, որ 2020-ին դա գոնե կազմի ՀՆԱ-ի 1.5-1.8%-ը, համապատասխան միջին եվրոպական չափանիշին»: ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վիլեն Հակոբյանը նկատեց. «Ճգնաժամը եկող տարի ավելի է խորանալու, իսկ մինչեւ ճգնաժամից դուրս գանք՝ կդառնա 2011թ.: Այս համատեքստում սա արդյո՞ք ավելի ցանկությունների, քան իրականության փաստաթուղթ է: Կամ ակադեմիական ինստիտուտներում 65 տարեկանից բարձր բոլոր տնօրեններին հանեցին, իսկ մյուս ճյուղային ինստիտուտներում վաղուց 65-ն անց մարդիկ շարունակում են աշխատել: Արդյո՞ք սա խտրականություն չէ»: Ս. Հարությունյանը պատասխանեց. «Ճգնաժամի հետ կապված կանխատեսումները շատ ավելի լավատեսական են, քան Դուք ներկայացրիք: Եվ եթե մոտակա ժամանակներս մեր երկիրն ապաշրջափակվի, գուցե ավելի լավ վիճակում հայտնվենք: Ինչ վերաբերում է հարցի մյուս հատվածին, ապա ինքս դեմ եմ, որ վաստակաշատ գիտնականին տարիքի պատճառով ազատեն. եթե կոլեկտիվը գտնում է, որ նա դեռ լավ աշխատում է, ապա տարիքը պիտի նշանակություն չունենա: Բայց մյուս կողմից՝ պետք է տեղ տանք նաեւ շնորհաշատ երիտասարդներին»: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը հավանություն տվեց ռազմավարությանը, նշելով նաեւ որոշ վրիպումներ. «Օրինակ՝ հայագիտության ուղղությամբ գործ է արվել ոչ միայն 2008-ին, ինչպես նշվում է նախագծում, այլեւ ակադեմիայի 2005-2006-ի տարեկան ժողովներին այդ ուղղությամբ առաջարկվել են կարճաժամկետ եւ կոնկրետ ծրագրեր»:
Այնուհետեւ արդեն ամբիոնից վրդովված ելույթ ունեցավ ակադեմիկոս Յուրի Ալեքսանյանը. «Մեր ինստիտուտը տեղեկացված չի եղել: Փաստորեն, Համաճարակաբանության ինստիտուտն այս ռազմավարական ծրագրի համար ոչինչ չի ներկայացնում, այդ ինստիտուտն ըստ երեւույթին գոյություն չի ունեցել: Հնարավորություն տվեք մեզ, որ կարճ ժամանակում ներկայացնենք մեր նկատառումները ու դուրս չմնանք գործընթացից»: ԳՊԿ տնօրենն էլ պատասխանեց. «Այն փաստաթղթերը, որ կոմիտեից գնալու են կառավարություն, մեր կայքէջում դրված են լինում: Ցավոք, մեր գիտնականների մեծամասնությունը չի սիրում կայքեր նայել, հակառակ դեպքում վաղուց ծանոթ կլինեիք»: Ֆիզիոթերապիայի եւ կուրորտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանն էլ փոխնախարարին հիշեցրեց. «2006-ի ընթացքում գիտնականների մի խումբ զբաղված էր հայեցակարգ մշակելով, այն մի քանի անգամ քննարկվեց նախարարությունում, հետո ստեղծվեց միջգերատեսչական խումբ՝ այն մշակելու եւ կանոնակարգելու, կառավարություն ներկայացնելու համար: Այդտեղ ամփոփվում էր, որ նշված դրույթները ապահովելու դեպքում ՀՀ գիտությունը կդառնա առաջատար երկրներին հավասար գիտական համակարգ: 2006-ից անցել է 3 տարի, որեւէ բան ես ինձ վրա չեմ զգացել: Ինչո՞վ է այս ռազմավարությունը, որին Դուք հավանություն տվեցիք, իհարկե, Ձեր կարծիքը չեմ կիսում, նախկինից լավը եւ դրա՝ կյանքի կոչվելու ի՞նչ երաշխիքներ կան»: Ա. Ավետիսյանը պատասխանեց. «Նախկինը հայեցակարգ էր, սա՝ ռազմավարություն: Հայեցակարգը տալիս է գաղափարախոսությունը ընդհանուր առմամբ, ռազմավարությունը պիտի ծրագրին նախորդող հայեցակարգին համապատասխան մեխանիզմները տա»: