Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՍՈՎԻ ԿՎԵՐԱՆՈՐՈԳԵՆ

Սեպտեմբեր 17,2009 00:00

Շենգավիթ համայնքի Մանթաշյան 28 շենքի բնակիչները, արդեն 5 օր է՝ խմելու ջուր չունեն: «Մեր կենցաղային կարիքների համար ստիպված խանութներից ջուր ենք գնում կամ հարեւան շենքերից դույլերով կրում: Այդ խնդրով պետք է զբաղվի մեր համատիրությունը, բայց երբ նրանց դիմում ենք, ասում են, որ կողքի շենքի նկուղում վթար է եղել, պիտի վերացնենք, ու այդպես էլ մատը մատին չեն տալիս: Արդեն համատիրությունից մեր զանգերին չեն էլ պատասխանում: Երբ ասում ենք, որ կդիմենք քաղաքապետին, արհամարհական պատասխանում են՝ դիմեք ում ուզում եք, մենք խողովակներ վերանորոգելու գումար չունենք»,- «Առավոտին» այսպիսի բողոք են ներկայացրել բնակիչները: Ներցանցային խողովակների վերանորոգման աշխատանքները պետք է կատարեն համատիրությունները: Ըստ բնակիչների, «համատիրության աշխատակիցները մեզանից ամեն օր գումարներ են հավաքում, շենքի տանիքը մեր միջոցներով ենք վերանորոգել, մուտքերի լուսավորությունը մենք ենք ապահովել, էլ ինչի՞ համար է համատիրությունը մեզնից անընդհատ գումար հավաքում, չգիտենք»: Խնդրի առնչությամբ Մանթաշյան 28 շենքը սպասարկող «Լիլիթ» համատիրությունից մեզ պարզաբանեցին, որ «երբ բնակիչներից վթարի վերաբերյալ ահազանգը ստացել ենք՝ անմիջապես արձագանքել ենք, պարզապես մի խողովակը չսարքած, մյուսն է վթարի ենթարկվում: Ամբողջ ներքին ցանցը պետք է փոխվի: Մեր մասնագետները բնակիչների աչքի առաջ մինչեւ ուշ գիշեր վթարավերականգնողական աշխատանքներ են կատարում: Խոստովանում ենք, որ այդ վթարը վերացնելու համար բավարար միջոցներ չունեինք, ուստի նոր խողովակներ գնելու համար գումարի մի մասը բնակիչներից ենք հավաքել: Դա մեծ գումար չէ՝ ընդամենը 2000-ական դրամ»: Համատիրությունից խոստացան, որ վաղը այդ շենքի բնակիչներըն խմելու ջուր կունենան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել