«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության համաձայն, այս տարեվերջին բոլոր զարգացող երկրները կդադարեն ամենահզոր օզոնաքայքայիչ նյութերի օգտագործումը:
Երեկ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրն էր: Օրվա առիթով բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանը հանդիպեց Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ, որոնք օրվա առիթով մի շարք համայնքներում պատերին պետք է օզոնաանվտանգ ներկերով նկարեին: «Այսօրը իսկապես այն օրն է, որ մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է բարձրաձայնի կամ գոնե ցույց տա, որ ուզում է տեսնել այն իրավիճակը, որ դեռեւս կար 20-30 տարի առաջ: Հայաստանը մասնակցում է օզոնային շերտի պահպանությանն ուղղված աշխատանքներին, այդ խնդիրը մեկ պետությանը չէ, եւ անհրաժեշտ է միասնական օրենսդրական դաշտով, միասնական ճակատով ու մեկս մյուսին հորդորելով՝ կարողանանք խնդիրների դեմ պայքարել»,- ասաց նախարարը: Նրա համոզմամբ, ոլորտի ամենակարեւոր խնդիրը քիմիական նյութերի, գազերի կրճատումն ու փոխարինումն է այլ գազերով: Նախարարի խոսքով, արդեն երկու տարի իրենք համագործակցում են «Հայկենցաղքիմ» եւ «Սագա» կազմակերպությունների հետ ու օգնում՝ Հայաստանում կիրառելի դարձնել փոխարինող գազերի օգտագործումը. «Շուրջ 700 մասնագետ է վերապատրաստվում ու ձեռք բերում նյութեր եւ այս ուղղությամբ բոլոր գիտական հաշվարկների ու հիմնավորումների նախնական տվյալներով՝ դեռեւս 40-50 տարի է անհրաժեշտ, որ օզոնի շերտի համապատասխանությունը հասցնենք 80-ականների մակարդակին»:
«Առավոտի» հետ զրույցում «Հանուն կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը հավաստիացրեց, որ մեր երկիրը օզոնի շերտի քայքայման հարցում մեծ խնդիրներ չի առաջացնում. «Միայն օդի աղտոտվածության խնդիրն ու քաղաքների կանաչապատման եւ անտառների պահպանման հարցը պետք է շուտափույթ լուծենք»: Տիկին Դանիելյանը օզոնի շերտի պաշտպանության կարեւորագույն նախապայմանը համարում է թունավոր արտանետումների նվազումն ու օդի աղտոտվածությանը չնպաստելը: Նրա խոսքերով՝ դեռ լավ է, որ արդյունաբերությունը ակտիվ չի գործում մեր երկրում, Հայաստանում օզոնի շերտի հետ կապված կարող էին լուրջ խնդիրներ առաջանալ հատկապես «Նաիրիտի» ակտիվ գործունեության ժամանակ. «Սկզբունքորեն այն քիմիական արդյունաբերությունը, որ Հայաստանում ժամանակին գործել է ու հիմա փորձ է արվում վերականգնել, այդ ժամանակ լուրջ խնդիրներ կբարձրանան. դրան հետեւել է պետք»: Տիկին Դանիելյանի կարծիքով, օզոնի շերտի քայքայմանը ինչ-որ կերպ նպաստում են նաեւ վերջին տարիներին լայն տարածում գտած ծառահատումները. «Մի ժամանակ ուսումնասիրություններ էին արվում այդ ուղղությամբ եւ կապն իրոք ակնհայտ էր. ուսումնասիրությունները ցույց էին տալիս Հայաստանում օզոնային շերտի չափումները՝ օզոնի պարունակությունը բարձր մակարդակների վրա եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների քանակությունը ու դրա հետեւանքով մաշկի քաղցկեղի աճը»:
1987-ին ընդունված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը անդամակցում են աշխարհի գրեթե բոլոր երկրները: 22 տարվա գործունեության արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող ուսումնասիրությունները վկայում են, որ վերնոլորտում օզոն քայքայող հիմնական նյութերի պարունակությունը նվազում է եւ 1986թ. համեմատութամբ՝ օզոն քայքայող նյութերի օգտագործումը կրճատվել է ավելի քան 97%-ով:
Այս փաստարկներին համամիտ չէ «Կանաչների միություն» հ/կ նախագահ Հակոբ Սանասարյանը. «Ես առաջընթաց կամ դրական քայլեր չեմ նկատում, միջազգային կոնվենցիաներով սահմանվել էր յուրաքանչյուր երկրի օզոնաքայքայիչ նյութերի արտանետման չափաքանակ, իսկ ահա վերջին տարիներին հզոր գերտերությունները փորձում են հետ վերցնել այդ իրավունքը. այդ առումով ընդունվեցին մի շարք կոնվենցիաներ, սահմանվեցին պատժամիջոցներ, բայց հզորները թույլերին չեն լսում»: Պարոն Սանասարյանի հավաստմամբ, օզոնի քայքայման գործում Հայաստանը մեծ վտանգ չի ներկայացնում. Հայաստանում վերջին շրջանում ապօրինի անտառահատումները եւս խիստ վտանգավոր ազդեցություն չեն կարող ունենալ օզոնի վրա: Սեպտեմբերի 16-ից մինչեւ ամսվա վերջ բնապահպանության նախարարությունը Օզոնի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրազեկող մի շարք միջոցառումներ է կազմակերպել. առաջիկայում միջնակարգ դպրոցներում կանցկացվեն սեմինարներ եւ Երեւանի գիտատեխնիկական գրադարանում կկազմակերպվի ցուցահանդես: