Նրանցից շատերը պնդում են, որ հայկական ապրանքը եւս մրցունակ է
Երեկ Գյումրիում մեկնարկեց «Ագրո Շիրակ էքսպո- 2009» ամենամյա ցուցահանդես- վաճառքը, որին մասնակցեցին Շիրակի մարզի 35 ձեռնարկատերեր ու անհատ արտադրողներ: Քանի որ գործարարները մարդ տեսնելուն պես սկսում էին գովերգել իրենց արտադրանքը, մենք նրանցից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ իրենց սպառման շուկան տարիներ շարունակ Հայաստանի սահմաններից դուրս չի գալիս եւ մի՞թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ նրանց համար նոր դռներ կբացվեն: «Ոսկե մեղր» արտադրամասի տնօրեն Սամվել Քուշկյանը դժգոհեց, որ չնայած մեծ պահանջարկին՝ հայկական մեղրը չի կարողանում միջազգային շուկան նվաճել, քանզի այնքան թղթեր են պահանջում, որ գործարարի «քթից են բերում»: Մեր զրուցակիցը հայ-թուրքական սահմանի բացումից առանձնապես չի ոգեւորվում, քանի որ հայկական մեղրն արդեն իսկ արտահանվում է այնտեղ, Թուրքիայում մեղրը շատ թանկ է՝ $40-50, հայ մեղրագործն էլ առիթն օգտագործում է:
Աշոցքի պանրագործարանի արտադրության պետ Սերգեյ Մանուկյանն էլ «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց, որ սպառման շուկան անցած տարվա համեմատությամբ նեղացել է, քանի որ չափազանց շատացել են պանիր արտադրողները. «Լուծման միակ տարբերակն այն է, որ պանիրն արտահանվի, իսկ դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն: 5 տարի առաջ մենք մեր պանիրը արտահանեցինք Մոսկվա, բայց դժվարություններ առաջացան՝ կապված սանիտարական պայմանների եւ այլնի հետ: Դե, գիտեք, այսօր ամեն մի պետություն ուզում է, որ իր ներսում իր ապրանքը վաճառվի, դրա համար էլ ամեն արհեստական խոչընդոտ ստեղծում են, որ չմուտքագրվի պանիրը: Իսկ Թուրքիայի հետ կապված՝ ես հույսեր չեմ փայփայում, իմ կարծիքով, Թուրքիան ավելի կշահի, քան մենք, իրենք իրենց էժան գյուղատնտեսական ապրանքները կբերեն-կլցնեն մեր հանրապետություն ու արդյունքում կտուժի տեղի արտադրողը: Նրանք խորամանկ են, ամեն ինչ կանեն իրենց նպատակին հասնելու համար»:
Ամասիայի գլխավոր պանրագործարանի իրացման բաժնի պետ Հովհաննես Շաբոյանն էլ, որը դժգոհեց այն փաստից, որ ծայրամասային արտադրություններին պետությունը ցածր տոկոսով վարկեր չի տրամադրում, կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ իրենց համար միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն կընձեռվի: Իսկ մի՞թե գործարարը չի վախենում, որ այս դեպքում հնարավոր է հայկական շուկան հեղեղվի թուրքական էժան պանրով, ու այսպիսով տուժի տեղի արտադրողի բիզնեսը, գործարարը պատասխանեց. «Մեր արտադրանքը ուրիշ է, լեռնային, ալպիական գոտուց է, մեր գնողունակությունը կմնա մեզ հետ: Թեեւ մի փոքր մտավախություն ունեմ, հնարավոր է ձեր ասածը իրականություն դառնա, բայց հուսով եմ, որ դա չպիտի ազդի մեր արտադրանքի իրացման վրա»:
Վանաձորցի Միքայել Զուռնաչյանն էլ, որը զբաղվում է անասնակերի արտադրությամբ, խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին, կարծիք հայտնեց, որ դրանից միմիայն կշահի հայ գործարարը: «Ովքեր հզոր են, ուժեղ են, խելացի ու պրպտող են՝ կփորձեն նոր շուկա ձեռք բերել, նրանք շանս կունենան, իսկ հիմա ճահճային վիճակում ոչինչ հնարավոր չէ, ամեն ինչ պարզ է: Իսկ դա բնական են համարում, որովհետեւ մարդիկ պետք է ունենան հարեւաններ, կռվեն-բողոքեն, գնան-գան, իսկ փակ պատերի մեջ, կարծում եմ, ոչինչ տեղի չի ունենա»,- ասաց Մ. Զուռնաչյանը: Ըստ նրա, հնարավոր է, որ սահմանի բացման սկզբնական ժամանակահատվածում թուրքերը փորձեն խփել հայ արտադրողի բիզնեսին, հայկական շուկան հեղեղեն էժանագին ապրանքներով, բայց դա անցողիկ կլինի, քանի որ Հայաստանը անպայման հակաքայլ կկատարի, հարկադրված կլինի պաշտպանել իր գործարարին:
Հետաքրքիրն այն է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ ամենից քիչ մտահոգված էին տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվողները, մեր այն հարցին, թե կկարողանա՞ն մրցել եվրոպական չափանիշներով առաջնորդվող թուրքերի հետ, նրանք նեղսրտում էին, թե «մերն ինչո՞վ է պակաս»: Օրինակ, «Գեւորգ-Վահան» ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ Սուսաննա Վարդանյանն ասաց, որ իրենք արտադրում են Կանադայի, Իտալիայի համար, հետեւաբար մտահոգվելու ոչինչ չունեն: «Հայկական ապրանքը որակական չափանիշներով լրիվ մրցունակ է, էստեղ մնում է միայն վաճառքի պահը, եթե գների պահը կարգավորվի, ասենք՝ դոլարի բարձրացումը-անկումը միշտ բացասաբար է ազդում մեր արտադրանքի վրա, ամեն ինչ լավ կլինի»:
Գուլպա-նասկեղեն արտադրող «Լենտեքս» արտադրության առաքիչ Միսակ Հակոբյանը եւս կարծում է, որ հայկական արտադրանքը մրցունակ է, իսկ հայ գործարարը սահմանի բացմամբ կշահի այն իմաստով, որ գոնե կկարողանա Թուրքիայից էժան հումք՝ թել, մեքենասարքավորումներ ձեռք բերել: