ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Կասպերսկու լաբորատորիան» այսօր Երեւանում ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու խոսքերով, կողմերը միասին կաշխատեն՝ Հայաստանի պետական մարմինների եւ ուսումնական հաստատությունների տեղեկատվական տեխնոլոգիաների հակավիրուսային պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Ե. Կասպերսկու ներկայացմամբ, համաձայնագիրը նախատեսում է նաեւ «Կասպերսկու լաբորատորիայի» ակտիվ մասնակցությունը միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ որակավորման բարձրացման կենտրոնների եւ դասախոսների ու պետական ծառայողների վերապատրաստման համար կրթական ծրագրեր կազմակերպելու եւ անցկացնելու գործին:
Այսօր երեւանյան բուհերի տեխնիկական ֆակուլտետների ուսանողների համար «Կասպերսկու լաբորատորիան» կկազմակերպի «Հակավիրուսային անվտանգության օր», որը կանցնի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Այսօր Երեւանում նաեւ կբացվի «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գործընկերոջ՝ «Softline» ընկերության IT-ակադեմիան:
Այն կստեղծվի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հիմքի վրա, ուսուցումը կընթանա առաջատար IT արտադրողների բազային ապրանքատեսակների հիման վրա: