Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, այս պահին բյուջեի վերանայման անհրաժեշտություն չկա:
«Առավոտի» նախորդ համարում անդրադարձել էինք 2009-ի պետական բյուջեի վերանայման վերաբերյալ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի այն դիտարկմանը, որ մեր բյուջեն կազմվել է առանց ճգնաժամի հետեւանքները հաշվի առնելու: Պարոն Ասատրյանի համոզմամբ. «Այսօր մենք ապրում ենք մի բյուջեով, որը նախատեսում է 9,2% տնտեսական աճ, բյուջեի դեֆիցիտ՝ ՀՆԱ-ի 1%-ի չափով, որ անգամ Ամերիկան կնախանձեր»: Ճգնաժամի պայմաններում, երբ, ասենք, ՌԴ-ն 4 անգամ վերանայեց իր բյուջեն, ըստ տնտեսագետի, մեր երկրի ֆինանսական ոլորտի պատասխանատուներն այդ մասին անգամ չեն էլ մտածում:
Այս հարցի առնչությամբ երեկ տպագրել էինք կառավարության եւ ֆինանսների նախարարության մեկնաբանությունը, որտեղ ասվում էր, որ բյուջեի վերանայման անհրաժեշտություն չի առաջացել՝ շնորհիվ պետբյուջեի մուտքային մասի կորուստները վերականգնող վարկային միջոցների:
«Առավոտը» փորձեց ճշտել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը՝ բյուջեի վերանայման հարցի շուրջ: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքերով. «Եթե այս պահին վերանայենք, վաղը չէ մյուս օրն էլ պետք է վերանայենք, քանի որ չենք կարող ծախսերը համաչափ կտրել ու օպերատիվ աշխատանք իրականացնել, ինչպես բյուջեի հնարավորությունների սահմաններում ենք իրականացնում: Հիմա, ենթադրենք, գնում ենք սեկվեստորի, ի՞նչ գումարներով ենք գնում. այսինքն շաբաթը մեկ կանչենք- ասենք՝ բյուջեն փոխե՞նք, ընդհանուր առմամբ ես համաձայն եմ, որ բյուջեի վերանայման խնդիր կա, բայց վերանայել ե՞րբ: Տարեվերջին մենք կնայենք ծախսերն ու եկամուտներն ինչքան են եւ կտեսնենք ինչ կանենք: Հիմա վերանայելը իմաստ չունի»:
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանն էլ «Ա1+»-ին տված հարցազրույցում անընդունելի էր համարել առանց ԱԺ-ի հաստատման վարկերի՝ խրախուսական միջոցների հատկացումը տնտեսվարող սուբյեկտներին: Նրա խոսքերով. «Այսօր կառավարությունը երաշխիք, փող է տալիս կառուցապատողին, իսկ դա նվազեցնում կամ պակասեցնում է կառավարության ակտիվը եւ անպայման ԱԺ-ն պետք է հաստատեր այդ երաշխիքը, այնպես, ինչպես պետությունը վարկ է վերցնում, պառլամենտը հաստատում է: Հիմա ո՞ր երաշխիքն է հաստատվել պառլամենտում: Բանը հասել է նրան, որ ԱԺ նախագահի նամակի հիման վրա կառավարության ղեկավարը որոշում է կայացնում եւ փող հատկացնում ԱԺ-ին՝ առանց օրենքում փոփոխություն անելու, չէ՞ որ բյուջեի ծախսային մասի փոփոխություն է տեղի ունենում»:
Այս առնչությամբ էլ «Առավոտը» կառավարությունից եւ ֆինանսների նախարարությունից ստացավ հետեւյալ միասնական պատասխանը. «ՀՀ Ազգային ժողովին աշխատակազմի գծով, «Հայաստանի Հանրապետության 2009-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսվածից բացի՝ բյուջետային միջոցները հատկացվել են ոչ թե ՀՀ վարչապետի, այլ ՀՀ կառավարության որոշմամբ, որն ընդունվել է կառավարությանը օրենքով վերապահված իրավասության սահմաններում»: