Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱՐԿՆ ԱՎԵՐՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբեր 17,2009 00:00

«Ատոմէներգասեյսմանախագիծ» ընկերության տնօրեն Հրահատ Հակոբյանը վստահեցնում է, որ դեռեւս 2 տարի առաջ գործող հարուստ հիմնարկը սնանկացվել է էներգետիկայի նախարարի գիտությամբ:

«Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ն պետական այն սեփականություններից է, որն ընդամենը մի քանի տարի առաջ բավականին հաջող գործում էր ու, պատվերով սեյսմահետախուզական աշխատանքներ կատարելով, պետբյուջեին խոշոր եկամուտ էր բերում: Այժմ ընկերությունը ոչ միայն պետությանը որեւէ օգուտ չի տալիս, այլեւ այնքան է խրվել պարտքերի մեջ, որ միլիոնավոր դրամների հարկային պարտավորություններ է կուտակել:

Դեռ 2007-ի հունիսին մեր թերթին տված հարցազրույցում ընկերության նորանշանակ տնօրեն Հրահատ Հակոբյանը վստահեցրել էր, որ «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտն աչքի լույսի պես է պահելու («Առավոտ», 15.06.2007թ.): Խոսելով իր մասնագիտական կարողությունների մասին՝ պարոն Հակոբյանն ասել էր. «Երբ Էյնշտեյնը ծնվեց, ժամանակին գիտեի՞ն, որ նա Էյնշտեյնն է: Ես էլ իմ գիտելիքներն ունեմ ու կարող եմ դրանք դրսեւորել»: Այսօր արդեն մեռած ու չգործող ընկերության մասին մեր թերթին պարզաբանումներ տալիս՝ նույն տնօրենը խոստովանում է, որ, իսկապես, ընկերության գործերը շատ վատ են, մատների վրա հաշված գույք է մնացել եւ աշխատողներին ստիպված ուղարկել է հարկադիր արձակուրդի, որպեսզի աշխատավարձ չտա:

Նախկինում, երբ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ինստիտուտի տնօրենի պաշտոնից հանեց նախկին բազմափորձ տնօրեն Ֆրիդրիխ Առաքելյանին ու նշանակեց Հ. Հակոբյանին, լուրեր էին շրջանառվում, որ Հրահատը ազգակցական կապեր ունի նախարարի հետ: Հ. Հակոբյանը հերքեց դա՝ ասելով, որ ինքը նախարարին միայն մեկ անգամ է իր կյանքում հանդիպել: Արդեն երկու տարի անց Հ. Հակոբյանը «Առավոտին» հավաստիացրեց, որ ինչ գույք էլ վաճառել է ընկերությունից, ունեցել է նախարարի համաձայնությունը: Այսինքն՝ ինքնագլուխ ոչինչ չի արել. «Ես ի՞նչ ռիսկ ունեմ ու ինչքա՞ն պլոճիկ ունեմ, որ մենակս նման բան անեմ, ամեն ինչի համար նախարարի թույլտվությունն ունեմ»:

Ներկայումս ընկերությունն ունի ընդամենը 18 աշխատակից, որից 9-ը պահակ է: Սա այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ աշխատողների թիվը հասնում էր 70-ի: Տնօրեն նշանակվելուն պես Հ. Հակոբյանը գրեթե ամբողջ ինժեներատեխնիկական անձնակազմին, մասնագիտական որակավորում ունեցող բանվորներին ու վարորդ-օպերատորներին իրենց հաշվին հարկադիր արձակուրդի է ուղարկել: Դրանից հետո քիչ-քիչ սկսել է վաճառել ընկերության ողջ արժեքավոր մեքենաներն ու հաստոցները: «Առավոտին» դիմած ընկերության աշխատակիցներ Գայանե Մինասյանը, Հասմիկ Հունանյանը եւ Ստելլա Գրիգորյանը պատմում էին, որ իրենք էլ հարկադիր արձակուրդի ուղարկվածների ցուցակում են եւ հիմա չգիտեն՝ գործազո՞ւրկ են, թե՞ ոչ: Ընկերության Աշտարակի բազայի պահակ Աղվան Կարապետյանի խոսքերով. «Պահեստում այլեւս նորմալ տեխնիկա չի մնացել, ամբողջը տնօրենը վաճառել է, ամեն օր մարդիկ գալիս են՝ տնօրենի կարգադրությունը ձեռքներին, որ այս կամ այն մեքենան վաճառվել է, տնօրենը մեզ ասում է, թե իբր վաճառել է, որ մեզ աշխատավարձ տա, բայց ամեն մի մեքենայի վաճառքից մեզ մի հատ պապիրոսի փող է տալիս: Արդեն 9 ամիս է՝ ես աշխատավարձ չեմ ստացել»:

Վերջին երկու տարիների ընթացքում՝ Հ. Հակոբյանի պաշտոնավարման ընթացքում, պետական կազմակերպության պահեստից դուրս են գրվել սարքին վիճակում գտնվող «ՈՒՐԱԼ-4320» մակնիշի սեյսմիկ թրթռիչ սարքը՝ համալրված երկու շարժիչներով, «ՈՒՐԱԼ-4320» մակնիշի ավտոմեքենան, «ԶԻԼ- 1310» մակնիշի մեքենան, «ԿԱՄԱԶ» մակնիշի ինքնաթափը, «Բելառուս» մակնիշի տրակտոր-էքսկավատորը, «ՈՒԱԶ-469», «ՈՒԱԶ-452» մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաները եւ եւս 12 նման մեքենաներ, ամբարձիչներ, ջրատար մեքենաներ ու բեռնաթափներ:

Հ. Հակոբյանը չհերքեց այս ամենը. «Ես ամեն ինչ նախարարի հրամանով եմ վաճառել, որով փակել եմ հարկայինի պարտքերը: Դրա արդյունքում հիմա միայն մոտ 300 հազար դրամի սոցվճարումներն են կուտակվել, մի 3 մլն դրամի էլ աշխատավարձի պարտք ունենք: Ես այժմ ամեն ինչ անում եմ, որ գոնե պահակների աշխատավարձը տամ, որովհետեւ, եթե նրանք էլ թողնեն-գնան՝ այստեղ ընդհանրապես խայտառակություն կլինի: Ես ի՞նչ անեմ, գործ չկա: Մենք մրցակից ընկերություններ ունենք, նրանք մեր գործը ձեռքներիցս խլում են»:

Աշխատակիցների պատմելով՝ իրենց տնօրենը կազմակերպության արժեքավոր գույքը վաճառելուց հետո նույնիսկ գլխամասային տարածքից փորել-հանել ու վաճառել է 10 մ երկարությամբ եւ 1 մ տրամագծով ջրատար խողովակները: Դրանք հանելու համար էլ ոչնչացրել է տարածքի հաստաբուն ծառերը: Հ. Հակոբյանի խոսքերով՝ «Այդ խողովակները վաղուց չէին աշխատում, լցված էին ավազով ու անպետք բան էին, դրա համար էլ վաճառել եմ, որպեսզի աշխատավարձ տամ: Եթե այն հանելիս ծառեր են խանգարել, բնականաբար, ով էլ լիներ՝ կվերացներ: Հիմա մեր հիմնարկի տարածքում ընդամենը մի 4-5 ծառ կա՝ չորացած, պիտի դրանք էլ կտրենք, ձմռանը վառենք»:

Ընկերության աշխատակիցները նաեւ փաստում էին, որ ամբողջ գույքը վաճառվել է շուկայականից ցածր գներով: Ըստ տնօրենի՝ «Ուրիշ տեղերում նման գույքին ընդհանրապես ծիծաղելի գին էին տալիս, իսկ մենք ահագին չարչարվել ենք, որ լավ գնորդ ենք ճարել ու աշխատավարձ տվել»: Մեր դիտարկմանը, որ աշխատակիցներն ասում են՝ 9 ամիս աշխատավարձ չեն ստացել, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Այո, որովհետեւ 9 ամիս է՝ ոչինչ չեմ վաճառել: Մենք սպասում ենք նախարարի հրամանին, երեւի ինձ կհանի տնօրենի պաշտոնից, ես ուրախ կլինեմ, որովհետեւ արդեն չարչի եմ դարձել, ամբողջ օրը վազում եմ այստեղ-այնտեղ՝ փող ճարելու, թող ազատի, ավելի լավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել