Սա «Մարտի 1-ի» հանձնաժողովի գնահատականն է, որը, սակայն, իր վերջնական եզրակացությունում առավել շատ մեղադրել է ընդդիմությանը:
Ծանոթ-անծանոթ զեկույցը
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը երեկ պատգամավորներին բաժանվեց նիստը սկսվելուն պես՝ ժամը 12-ին, թեեւ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պնդում էր, թե փաստաթուղթն ավելի վաղ ուղարկվել էր խմբակցություններին: Ժամը 12.30-ին արդեն փորձ արվեց սկսել եզրակացության քննարկումը, սակայն ընդդիմացան «Ժառանգության» պատգամավորները՝ նշելով, թե կես ժամում հնարավոր չէր ծանոթանալ 138 էջանոց այդ եզրակացությանը: Ի վերջո՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 2 ժամով հետաձգեց քննարկումը:
Եզրակացությանն անծանոթ լինելու պատճառով դրա ներքո չի ստորագրել նաեւ հանձնաժողովում ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը (հիշեցնենք, որ փաստաթղթին չի միացել նաեւ հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը): Արտավազդ Վարդանյանն «Առավոտին» հայտնեց. «Իսկապես չեմ ծանոթացել՝ Արամ Կարապետյանն էլ չէր ծանոթացել: Ես հանձնաժողովի ամենաակտիվ անդամներից եմ եղել, բայց այն չափով եմ ընթերցել եզրակացությունը, որքանով ինձ հնարավորություն է ընձեռվել, այսինքն՝ 8 օր առաջ մի փոքր հատված, 3-4 օր առաջ՝ էլի մի փոքր հատված, եւ ընդհանուր առմամբ, մի 30 էջ: Բայց սա գեղարվեստական ֆիլմ չի, որ դնես՝ սահուն ընթերցես: Պետք է մտածես՝ ինչքանո՞վ է ճիշտ կամ սխալ եւ այլն: Զեկույցի ամեն մի ենթավերնագրի ամեն շաբաթ պիտի մի նիստ նվիրվեր, ու բանավիճեինք իրար հետ, գայինք մի ընդհանուր հայտարարի: Բայց դա չի եղել»: Ըստ Արտավազդ Վարդանյանի՝ այս եզրակացության մեջ նաեւ չեն տրվել իր բազմաթիվ հարցերի պատասխաններ: Ասենք, պատասխան չկա, թե ովքեր են զոհերի համար մեղավորները. «Եթե բացահայտված չեն մեղավորները, եթե տրված չեն դրանց անունները, ապա դրա կրկնությունը չի բացառվում»:
Եզրակացությունը հատուկ կարծիքով են ստորագրել հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչները, սակայն նրանց փաստարկները կներկայացնենք այս փաստաթղթից որոշ մեջբերումներ անելուց հետո:
Անհանդուրժողության մասին՝ միակողմանի
Եզրակացության նախաբանում իսկ նշված է, որ ժամանակավոր հանձնաժողովը «գիտակցում է այս փաստաթղթի ամբողջ կարեւորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, հասարակական համաձայնության եւ օր առաջ ազգային միասնության մթնոլորտի հաստատման գործում, ինչպես նաեւ առաջնորդվում է անհանդուրժողականությունն ու թշնամանքը Հայաստանի քաղաքական դաշտից արմատախիլ անելու ցանկությամբ։ Մենք համոզված ենք, որ մարտի 1-2-ի իրադարձություններից հետո ստեղծված բարդ եւ ճգնաժամային պայմաններում այս փաստաթղթի իմաստն այդ իրադարձություններին այնպիսի գնահատական տալն է, որը կօգնի մեր ժողովրդին ու նոր ձեւավորվող ժողովրդավարական-քաղաքական համակարգին այլեւս երբեք նման դեպքեր թույլ չտալ»: Ահա թե ինչպես են փորձել լուծել այս խնդիրը:
Եզրակացության 2-րդ գլուխը՝ շուրջ 12 էջ, անդրադարձ է նախագահական ընտրությունների նախընտրական զարգացումներին, եւ նշված է, թե որոշ քաղաքական ուժեր ձեւավորել էին «անհանդուրժողականության մթնոլորտ», խոսվում է նաեւ «սեւ քարոզչության, հայհոյախառն պիտակավորումների» մասին: Դրանից հետո մեջբերվում են գրեթե բոլոր այն որակումները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանը տվել էր իշխանության հասցեին: Ասենք՝ հիշատակված է, որ 2007թ. նոյեմբերի 1-ի ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը որակել էր «անառականոց», իսկ իշխանություններին՝ «ավազակախումբ»: Եզրակացությունում նաեւ ակնարկ կա հեռուստաընկերությունների կողմից քարոզարշավի կողմնակալ լուսաբանման մասին, սակայն այս դեպքում այլեւս առատորեն չեն մեջբերվում «քոռ շուն» ու հնչած նման այլ որակումները: Ընդամենը հիշատակվում է, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժումը հասարակության մի մասի կողմից գնահատվեց որպես «քաղաքական աղանդ»:
Այսուհանդերձ՝ հարցական է, թե ինչու է ժամանակավոր հանձնաժողովը ընդհանրապես որոշել անդրադառնալ քարոզչությանը: Այս հարցերը չեն քննարկվել հանձնաժողովի նիստերում, եւ այս խնդիրը չի բխում հանձնաժողովը ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշումից, որով հստակ սահմանված է, թե եզրակացություն պիտի ներկայացվեր հետեւյալ հարցերի վերաբերյալ՝
ա) տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաեւ ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը.
բ) զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը.
գ) նման իրադարձությունների կրկնությունը բացառող քաղաքական, իրավական եւ այլ լուծումների վերաբերյալ առաջարկների ներկայացումը:
Թե ինչպես է հանձնաժողովը պատասխանել այս հարցերին՝ հաջորդիվ: Բայց հարց է առաջանում՝ արդյոք քարոզչական ֆոնի վերաբերյալ այս ծավալուն հատվա՞ծը չի ներառվել եզրակացությունում՝ որպես հետագա զարգացումների յուրօրինակ արդարացում:
Ինչպես են լուծվել առաջադրված խնդիրները
Այժմ ներկայացնենք այն հարցերի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը, որոնց պատասխանելն այս մարմնի խնդիրն էր:
Նախ՝ մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնությունների մասին. «Հանձնաժողովն արձանագրում է, որ հրապարակային միջոցառման կազմակերպիչների կողմից պետք է ձեռնարկվեին անհրաժեշտ բոլոր միջոցները` ոստիկանության հետ բախումները կանխելու համար»: Բացի այդ՝ «Հանձնաժողովը արձանագրում է, որ ոստիկանությունն իր գործողություններով զանգվածային միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին համապատասխան ողջամիտ ժամկետ ու հնարավորություն է ընձեռել զանգվածային միջոցառումն ինքնակամ դադարեցնելու համար»: Այսուհանդերձ՝ որոշ քննադատություն կա նաեւ իրավապահների հասցեին: Ասենք, որ Ազատության հրապարակում գտնվող զենքի եւ զինամթերքի մասին տեղեկությունները «մանրամասն օպերատիվ մշակման չեն ենթարկվել, որի դեպքում հնարավոր կլիներ ավելի հստակ պատկերացում կազմել այնտեղ գտնվող զենքի եւ զինամթերքի տեսակների ու քանակի, դրանց պատկանելության մասին, ինչպես նաեւ պարզել, թե այդ զենք-զինամթերքը որտեղի՞ց, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նպատակով են բերվում Ազատության հրապարակ»: Նաեւ անընդունելի է համարվել այն փաստը, որ ոստիկանությունը խլել ու փչացրել է լրագրողների տեսանյութերը, բռնություն կիրառել Ազատության հրապարակն արդեն իսկ լքած մասնակիցների հանդեպ:
Մարտի 1-ի երեկոյան ծավալված դեպքերի մասին հատվածը հիմնականում կարծես փոխադրություն լինի «7»-ի գործով մեղադրական եզրակացությունից: Եվ պատահական չէ, որ հանձնաժողովի եզրակացության մեջ կան մեջբերումներ նաեւ «Մարտի 1»-ի գործով հարցաքննություններից, գաղտնալսված ձայնագրություններից եւ այլն:
Բայց էլի նաեւ մի քիչ էլ քննադատել են իրավապահներին. «Հանձնաժողովը գտնում է, որ ոստիկանությունն անպատրաստ է եղել ու չի կարողացել նախօրոք կանխատեսել իրադարձությունների նման զարգացումները, ինչը իրենց հնարավորություն կընձեռեր վերահսկել ու կառավարել իրադարձությունների ամբողջ ընթացքը, այնինչ նրանք կարողացել են դժվարությամբ դիմակայել զանգվածային անկարգության մասնակիցների գործողություններին»: Անգամ նշել են, թե որոշ ոստիկաններ «մատնվել են խուճապի»:
«Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառման մասին նշված է. «Միգուցե պարտադրված է եղել իրավիճակով, այնուամենայնիվ՝ եղել է ոչ իրավաչափ»:
Զոհերի մահվան հանգամանքների ճշտման խնդիրը հանձնաժողովը տապալել է: Միայն մեջբերել են փաստահավաք խմբի անդամների զեկույցները եւ դրանց ՀՔԾ-ի հակափաստարկները, եւ հիմնականում համաձայնել վերջիններիս՝ նշելով, թե «զեկուցողների» դիրքորոշումը համոզիչ չէ»: Սակայն նաեւ քննադատել են նախաքննական մարմնին, որ չեն բացահայտել 10 անձանց մահվան բոլոր հանգամանքները, բացի այդ՝ «Շուրջ 1,5 տարվա ընթացքում չեն պարզվել հետախուզվող մեղադրյալների գտնվելու վայրերը: Ավելին, իրավապահ մարմիններին կամովին ներկայացած Նիկոլ Փաշինյանն ու Համլետ Հովհաննիսյանը նույնիսկ չեն բացակայել Հայաստանից» եւ այլն:
Եզրակացության մեջ նշել են. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով 10 օր շարունակ գլխավորել էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող զանգվածային միջոցառումը, բարոյական առումով պարտավոր էր չենթարկվել պահպանության ծառայության հորդորներին ու թեկուզ առանց պահպանության՝ ներկայանալ ցուցարարներին եւ օգտագործելով նրանց վրա ունեցած իր մեծ ազդեցությունը, կանխեր իրադարձությունների հետագա զարգացումը: Նման պահվածքը հանգեցրեց ծանր հետեւանքների»: Հավելել են. «Ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է հավատարիմ մնար նախընտրական շրջանում իր ընտրազանգվածին ներշնչած բարոյական այն արժեքներին, որոնք իր կողմից ձեւակերպվել էին չարենցյան հայտնի խոսքերով. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»:
Քննադատություն կա նաեւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, բայց ահա այսպիսի. «Եթե «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը հայտարարվեր ավելի վաղ, երբ տեղի են ունեցել առաջին պայթյունները, կրակոցներն ու մահվան դեպքերը՝ գուցե հնարավոր լիներ խուսափել նման ծանր հետեւանքներից»:
Եվ վերջապես՝ նշված է, թե տեղի ունեցածը ծանր հարված հասցրեց Հայաստանի՝ «որպես ժողովրդավար պետության միջազգային վարկանիշին: Կատարվածում իրենց մեղքի բաժինն ունեին թե՛ իշխանությունները եւ թե՛ ընդդիմությունը»:
Լրացուցիչ քննության պահանջ
Սամվել Նիկոյանին երեկ 90 րոպեն չբավականացրեց այս եզրակացությունը ներկայացնելու համար, քանի որ շա՜տ մանրամասն էր շարադրում բոլոր մեջբերումները Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից: Այնքան մանրամասն, որ Զարուհի Փոստանջյանը տեղից դժգոհեց. «Էս ինչ ա, է՜, համը հանում», նրան հակադարձեց Գալուստ Սահակյանը:
Հանձնաժողովի նախագահն անգամ չհասցրեց ներկայացնել այն լուծումները, որոնք իրենք տեղին են համարում նման իրադարձությունների կրկնությունը բացառելու համար: Մինչդեռ այստեղ կան խիստ ուշագրավ առաջարկներ: Ասենք, մեկը վերաբերում է նրան, որ սահմանափակվի դատարանների անմիջական մերձակայքում հավաքներ անցկացնելու իրավունքը, քանի որ դրանք «կարող են բացասաբար ազդել արդարացի դատաքննության իրականացման վրա՝ հանդիսանալով դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու եղանակ»:
Նման առաջարկներ պարունակող եզրակացությունն ԱԺ-ն պետք է քվեարկությամբ ի գիտություն ընդունի, եւ կարելի է կանխատեսել, որ դեմ կլինի միայն «Ժառանգությունը»: ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու, թեեւ ներկայացրել են հատուկ կարծիք: Անհամաձայնության գլխավոր պատճառն այն է, որ մարտի 1-ին ոստիկանության ձեռնարկած գործողությունները հանձնաժողովը գնահատել է ընդհանուր առմամբ իրավաչափ ու համաչափ: Իսկ Արծվիկ Մինասյանն ու Արտուշ Շահբազյանը համակարծիք չեն այդ գնահատականին՝ հիմնավորելով, թե մարտի 1-ի առավոտյան, «թեկուզ մասնակի դեպքերում, կիրառվել է անհարկի ուժ, հետեւաբար ոստիկանության գործողությունների համաչափությունը կասկածի տակ է առնվում»: Իսկ մարտի 1-ի երեկոյան ոստիկանության «իրավաչափ» գործողությունների վերաբերյալ գնահատականին հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչները հակադարձել են. «Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքներում «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի ոչ իրավաչափ գործադրումն արդեն իսկ խոսում է մասնավորապես անհամաչափության դրսեւորման, իսկ ընդհանրապես՝ նաեւ ոչ իրավաչափության մասին»: Նրանք նախաքննության մարմնին ավելի խիստ գնահատական տալու կողմնակից են. «Արձանագրված բացթողումները եւ թերացումները չեն երաշխավորում անկողմնակալության ու վստահելիության չափանիշներին ամբողջությամբ բավարարելու արժանահավատությունը»: Եվ ըստ հատուկ կարծիքի՝ «Այդ բացթողումներն ու թերացումները վերացնելու, հասարակության մոտ առկա կասկածները փարատելու, ինչպես նաեւ ապագայում նման իրադարձությունները բացառելու երաշխավորությունը (ինչն, ի դեպ, հիմնական խնդիրներից է) պահանջում է լրացուցիչ քննություն»: