Պաշտոնական Երեւանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է լուրերը, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
NEWS.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կլինի սեպտեմբերի 26-ից 29-ը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ լուր էին տարածել, թե համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նիստի շրջանակներում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին: Յուրի Մերզլյակովը ադրբեջանական «APA»-ին հայտնել էր, թե իրենք քննարկելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Քիշնեւում կայանալիք հանդիպումը: Ըստ համանախագահի՝ երկու երկրների նախագահները սկզբունքային համաձայնություն են տվել հանդիպելու հոկտեմբերի 10-ին, բայց վերջնական որոշում դեռ չկա: