Մոտ մեկ տարի առաջ քաղաքականությունից հեռացած Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը մտադիր է թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորական մանդատի համար կայանալիք ընտրապայքարին մասնակցել: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելու արդյունքում առաջիկայում այս տարածքում ընտրություններ են կայանալու: «Առավոտի» հետ զրույցում Ուրիխանյանը հաստատեց ԱԺ-ում հայտնվելու իր մտադրությունը, սակայն առայժմ զերծ մնաց այլ մեկնաբանություններից: Տեղեկացնենք նաեւ, որ նա պատրաստվում է առաջադրվել քաղաքացիական նախաձեռնությամբ: Նրա ղեկավարած կուսակցությունը կլինի իր կողքին, սակայն էական դերակատարում չի ունենա: Ի դեպ, չնայած դեռ հստակեցված չէ այս տարածքում ընտրությունների կազմակերպման ժամանակացույցը, սակայն Ուրիխանյանի համախոհներն արդեն իսկ լծվել են ակտիվ աշխատանքի՝ նախընտրական շտաբները արդեն ձեւավորվում են: