«Թուրքիայի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտ է, բայց ոչ այս փուլում։ Մենք չենք կարող հասկանալ, թե ինչ ենք ստորագրում»,- երեկ «Ազդակ» ակումբում հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։ Ողջունելով հայ-թուրքական բանակցային գործընթացը՝ նա կարծում է, որ Թուրքիայի հետ որեւէ փաստաթղթի ստորագրումից պետք է խուսափել, քանի որ, ըստ նրա, սակավ փորձառություն ունեցող ՀՀ ղեկավարությունը կարող է հեշտությամբ ընկնել դիվանագիտության ոլորտում մեծ փորձառություն ունեցող Թուրքիայի թակարդը։ Իսկ թակարդներից մեկն էլ արցախյան ազատամարտի հերոսը համարում է այն, որ թեեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, բայց ենթատեքստում շատ «բայցեր» կան: