Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թենիս՝ պատի հետ

Սեպտեմբեր 17,2009 00:00

ԱԳ նախարար-ՀՅԴ բանավեճը

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե մտադիր չէ՞ քաղաքական ու հասարակական ուժերի հետ հանդիպումներում քննարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Նաեւ հետաքրքրվեց, թե նա ծանո՞թ է արձանագրություններում ՀՅԴ առաջարկած փոփոխություններին. «Եվ կա՞ արդյոք ընթացակարգ, թե ինչպես կարելի է քննարկել հնարավոր փոփոխությունները»:

Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան հայտնեց, թե մասնակցելու է խորհրդարանական լսումներին եւ տեղյակ է նաեւ ՀՅԴ առաջարկներին. «Ինչ վերաբերում է փոփոխություններին՝ պետք է իմանաք, որ որեւէ երկրում դուք չեք կարող երեւակայել, որ բանակցությունները վարվում են խորհրդարանների միջեւ, պատգամավորների կողմից առաջարկվող փոփոխություններով: Այդ դեպքում ոչ մի բանակցություն եզրակացության չի գա, եւ որեւէ բանի չենք հասնի»: Հավելեց, թե պատգամավորներն իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն կունենան այդ արձանագրություններն ԱԺ-ում վավերացման ժամանակ. «Եթե խորհրդարանի մեծամասնությունը համաձայն լինի ձեզ հետ՝ ուղղակի չի վավերացվի փաստաթուղթը»:

Վահան Հովհաննիսյանը խոստովանեց, թե հենց նման պատասխան էլ ակնկալում էր. «Այսինքն՝ այն 6 շաբաթը, որը նախատեսվել է քննարկումների համար, պարզվում է՝ ոչ թե քննարկումների համար է, այլ իրազեկման: Սրանք բոլորովին տարբեր բաներ են: Քննարկումը ենթադրում է փոփոխությունների հնարավորություն, իսկ հիմա պարզվում է, որ այդ փոփոխությունների հնարավորությունը չկա, եւ Ազգային ժողովից պահանջվում է միայն քվեարկել դեմ կամ կողմ»: Համաձայնելով, թե իրականում խորհրդարանները չէ, որ պիտի բանակցեն՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը հետաքրքրվեց, թե ինքը՝ ԱԳՆ-ն որեւէ առաջարկ ունի՞ այս փաստաթղթերը բարեփոխելու համար. «Թե՞ համարում եք, որ դրանք իդեալական են»:

Արտգործնախարարը հարցին զարմացած արձագանքեց. «Ասելը, թե ԱԳՆ-ն փոփոխության ի՞նչ առաջարկ ունի նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ՝ կարծում եմ, մի փոքր տարօրինակ է: Հենց արտգործնախարարությունն է, որ վարել է մյուս ԱԳՆ-ի հետ բանակցությունները, եւ դրանից հետո, ստորագրումից հետո հանդես գալ առաջարկներով, որ պետք է փոխե՞լ… Մի՛ պատկերացրեք, որ դիվանագիտական հարաբերությունները թենիս են պատի հետ: Այստեղ երկու կողմ կա՝ եթե մենք ինչ-որ առաջարկություն ենք անում մեր կողմից, ապա նրանք էլ կանեն իրենց կողմից: Հարցն այն չէ, որ մենք ինչ ասում ենք՝ պետք է ստիպենք, որ իրենք ընդունեն: Այդ բանակցությունների ժամանակ թուրքական կողմից բազմաթիվ առաջարկներ են եղել, որոնք չեն ընդունվել: Եկել, հանգել ենք այս փաստաթղթին, որը ներկայացրել ենք հանրային քննարկման՝ այդ միջոցով հանրությանը նաեւ տեղյակ պահելու եւ վավերացման գործընթացում ԱԺ կողմից քննարկումներին նախապատրաստելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել