Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամոթն էլ լավ բան է

Սեպտեմբեր 17,2009 00:00

Ում եւ ինչու դուր չի գալիս Դաշնակցության խոսքը

Հայ–թուրքական հարաբերությունների հիմնախնդիրների, նախաստորագրված հայտնի փաստաթղթերի շուրջ ծավալվող գործընթացները յուրօրինակ կերպով բացահայտում են եւ դեռ բացահայտելու են մեր հասարակական–քաղաքական կյանքի իրողություններն ու առկա իրական պատկերը:

Սա մի հարց է, որի պարագայում շատ դժվար է «գլուխ պահել» հերթապահ, ոչինչ չասող, բոլորին բավարարող ընդհանուր բնույթի ձեւակերպումներով. խնդիրը հստակ է եւ պահանջում է հստակ վերաբերմունք: Այստեղ արդեն յուրաքանչյուրը դրսեւորում է իր արժեհամակարգից բխող իրական էությունն ու քաղաքական կողմնորոշումը:

Հարցն ունի համահայկական տարողություն, առնչվում է բոլորիս եւ պահանջում է լուրջ, անկեղծ, սկզբունքային մոտեցում եւ պատասխանատու վերաբերմունք:

Յուրաքանչյուրը՝ անհատ, հասարակական եւ քաղաքական կազմակերպություն, փորձագետ կամ լրատվամիջոց, այս տրամաբանությամբ ու պատասխանատվությամբ պետք է մոտենա հարցին: Այս լրջագույն հարցն առիթ չպետք է դառնա քաղաքական եսասիրության, ինչ-որ մեկին դուր գալու կամ կոնյունկտուրային ինքնադրսեւորումների համար: Բոլորի ու բոլոր տեսակետները պետք է լսելի ու քննարկելի լինեն՝ ի շահ ճիշտ, մեր ազգային ու պետական շահերից բխող դիրքորոշման որդեգրման:

Նաեւ պետք է խուսափենք այն իրողություններից, երբ տեսակետի փոխարեն ներկայացվում է հաճոյախոսություն, պետք է խուսափենք նրանցից, ովքեր հերթական ստացած կամ ստանալիք դրամաշնորհն են «արդարացնում», պետք է որոշներին հստակ ասենք՝ կան հարցեր, որոնք, կներեք, ձեր հասկացողության «չափսով» չեն, պետք է այլոց հիշեցնենք, որ նույն թեմայով հինգ օրում հինգ տարբեր տեսակետ հայտնելը «փորձագետին» չի սազում:

Բայց ամենատխուրն ու ամենատգեղը նրանց ինքնադրսեւորումն է, ովքեր այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում Դաշնակցության ասածն ու արածը նսեմացնելու կամ վարկաբեկելու համար: Սրանք այն նույն շրջանակներն են, ովքեր իբրեւ թե խոսքի ազատության կողմնակից են, բայց չեն հանդուրժում իրենց ֆինանսավորողների շահերին հակասող որեւէ խոսք:

Նրանք են, ովքեր իբրեւ թե ժողովրդավար ու լայնախոհ են, բայց թշնամի են համարում բոլոր նրանց, ովքեր իրենց կողքին չեն:

Նրանք են, ովքեր իրենց ազգային են համարում, բայց միշտ նսեմացրել, նույնիսկ ծաղրել ու իրենց «եվրոինտեգրված» գեղացի հալով հետամնացություն են համարել ազգայինը:

Նրանք են, ում համար ազգային գաղափարախոսությունն ու արժանապատվությունը ավելորդություն են, քանզի իրենք չունեն մարդկային եւ անհատական արժեք ու արժանապատվություն:

Հարց է առաջանում. ինչպե՞ս է լինում, որ ցանկացած այլ հարցով ձեր արած բողոքը, հանրահավաքը կամ հացադուլը ձեր կարծիքով «քաղաքական» են ու հերոսական, իսկ համազգային տարողության հարցերի կապակցությամբ Դաշնակցության արածը՝ «հարցը ուտել-չուտելու մակարդակի իջեցնել», ինչպե՞ս է լինում, որ այլ հարցերով ձեր հայհոյանքը «իսկական» ընդդիմադիրի կեցվածք է, իսկ մեր իրոք այլընտրանքային նախագծերն ու բովանդակային քննադատությունը՝ ոչ:

Պատասխանն ակնհայտ է. այսօր շատերին խանգարում է իրական՝ բովանդակային, գաղափարական ու ծրագրային այլընտրանքի ձեւավորումը մեր երկրում: Խանգարում է, որովհետեւ դա խափանելու է այս երկիրը զանազան արտաքին ազդեցությունների խաղադաշտ սարքելու, սեփական ամբիցիաները քաղաքական պայքարով քողարկելու, պարզունակ աթոռակռիվը հասարակությանը պարտադրելու, ցանկացած հարց սեփական շահերին ծառայեցնելու մտադրություններն ու պատրաստակամությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել