Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՄԻՏԱՑԻԱ ՈՒ ԹԱՏՐՈՆ

Սեպտեմբեր 17,2009 00:00

\"\"Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսպես արձագանքեց ե՛ւ քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ե՛ւ ՀՅԴ-ի բողոքի ակցիային:

Վերջին երկու օրերի ընթացքում ազատ արձակվեցին մարտիմեկյան դեպքերի առնչությամբ ավելի վաղ ազատազրկման դատապարտված երկու քաղբանտարկյալներ՝ Արմեն Սիրունյանն ու Արմեն Սարգսյանը: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել էր ՀՀՇ Գյումրիի կառույցի ներկայացուցիչ, 2008թ. նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Շիրակի մարզի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը՝ ապացույցների անբավարարության պատճառով: Սրան նախորդել էր նաեւ այն, որ ՀՔԾ-ն որոշել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ փոխել ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքը՝ երկրից չբացակայելու մասին ստորագրության դիմաց:

«Մարդասիրության» այս դրսեւորումները մի տեսակ չեն տեղավորվում այլախոհներին մինչեւ վերջ պատժելու՝ գործող իշխանությունների փիլիսոփայության շրջանակներում, նույնիսկ, երբ վերը մատնանշված մարդիկ իրականում չեն կատարել այն հանցանքները, որոնց մեջ նրանք մեղադրվում են կամ, որ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել: Ուրեմն, ո՞րն էր իշխանությունների այսօրինակ ակցիաների շարժառիթը, առավել եւս, որ հայտնի է՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցը, գոնե աշնանային նստաշրջանի օրակարգում, ընդգրկված չէ: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի դիտարկմամբ, դա ԵԽԽՎ մոտնիտորինգի հանձնաժողովում սեպտեմբերի 28-ին Հայաստանի հարցի քննարկմանն ընդառաջ արված քայլ է: «Իշխանությունները նորից փորձում են դրանով Մոնիտորինգի հանձնաժողովում իրենց համար դրական ֆոն ապահովել: Սա էժանագին հնարք է՝ հնարավոր ճնշումները մեղմացնելու նպատակով: Ցավոք, մինչեւ հիմա իշխանությունները չեն կարողանում հասկանալ, որ խնդիրը ոչ թե մոնիտորինգի հանձնաժողովին «փափկեցնելն» է, այլ սեփական ժողովրդի հետ հաշտ ապրելն ու երկխոսության կամուրջներ փնտրելը: Իսկ այդպես կլինի միայն այն դեպքում, երբ ազատ արձակվեն անխտիր բոլոր քաղբանտարկյալները»,- ասաց Լ. Զուրաբյանը՝ մեր հարցին ի պատասխան հավելելով, թե Կոնգրեսում բավարարված չեն իշխանությունների մինչ այս արած քայլերով: Նրա ասելով, մինչեւ վերջին քաղբանտարկյալն ազատ չարձակվի, իրենք բավարարված չեն լինի եւ կշարունակեն իրենց կոշտ պայքարը:

Այս օրերին պայքարում է նաեւ խորհրդարանական կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ն, բայց ոչ թե հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման, այլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու արձանագրությունների դեմ: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն սեպտեմբերի 15-ից բողոքի ակցիաներ է սկսել, որոնք շարունակվելու են մինչեւ հոկտեմբերի 13-ը: Արդեն երկու օր է, ինչ դաշնակցական ակտիվիստները շուրջօրյա նստացույց եւ հացադուլ են հայտարարել եւ գիշերում են մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում եւ հենց ԱԳՆ շենքի դիմաց: Ոստիկանները, սակայն, ի տարբերություն ՀԱԿ-ի ակցիաների, դրանց չեն միջամտում, չեն նեղում եւ չեն հայտարարում, թե նրանք խանգարում են հասարակական կարգը, խոչընդոտում երթեւեկությանը կամ քայքայում մեր պետության հիմքերը: Լ. Զուրաբյանը ձեռնպահ մնաց ոստիկանություն-Դաշնակցություն հարաբերությունները մեկնաբանելուց: Փոխարենն ասաց. «Թատրոնը մեկնաբանելը թատերագետների գործն է, իսկ ես համարում եմ, որ այդ ամենն ուղղակի ներկայացում է»: Երեկ ՀՀ խորհրդարանում մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովն իր զեկույցում վերլուծել եւ հաշվել էր, թե 2008թ. փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ընդդիմությունը քանի օր եւ քանի ժամ հանրահավաքներ ու շուրջօրյա նստացույցեր է անցկացրել, որոնց ընթացքում, իբր, խախտվել է հասարակական կարգը, խոչընդոտվել է երթեւեկությունը եւ այլն:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՅԴ-ի բողոքի ակցիաների շարունակության դեպքում նրա հետ վարվեն այնպես, ինչպես վարվեցին Համաժողովրդական շարժման հետ՝ նստացույցը ցրելու գիշերային գործողության տեսքով: «Այդ պիեսի հեղինակների մտահղացումներին տեղյակ չեմ»,- կարճ նետեց Լ. Զուրաբյանը: Անդրադառնալով «Մարտի 1»-ի հանձնաժողովի հրապարակած զեկույցին էլ՝ ասաց, թե այդ զեկույցը «հաստատեց այն, ինչ մենք ասում ենք արդեն ավելի քան մեկ տարի: Նրանք (հանձնաժողովի անդամները) ուղղակի «Մարտի 1»-ի հանցագործության հանցակիցներ են, որովհետեւ քաղաքական եւ բարոյական աջակցություն ցուցաբերեցին մարտիմեկյան հանցագործությունը կատարած անձանց եւ, բացի դա, ստանձնեցին այդ հանցագործության պարտակման եւ կոծկման գործը: Բոլոր այդ արարքների համար Հայաստանի Քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածներ կան»:

Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ի բողոքի ակցիաները իրենց ազդեցությունն ունենան այդ արձանագրությունները ընդունել-չընդունելու համատեքստում: «Բացարձակապես ոչ: Այս ամբողջի իմաստը միայն իմիտացիան է: Դաշնակցությունը փորձում է իր դեմքը փրկել, իսկ իշխանությունները փորձում են բողոքների իմիտացիա ստեղծել, որպեսզի կարողանան միջազգային հանրությանը ցույց տալ, թե իրենց համար որքա՜ն դժվար է այդ արձանագրությունները ստորագրելը»: Որ դրանք մինչեւ երկու երկրների խորհրդարանների վավերացմանը ներկայացնելը ստորագրելու են ե՛ւ թուրքական, ե՛ւ հայկական կողմերը՝ ՀԱԿ համակարգողը վստահ է, իսկ թե՝ արդյոք դրանք կվավերացվե՞ն Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից՝ նա դժվարացավ ասել. «Դա անորոշ է հարց է հատկապես Թուրքիայի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել