Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԻԿՈՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ

Սեպտեմբեր 17,2009 00:00

\"\"Այսպես է բնութագրում 2008թ. մարտյան դեպքերի վերաբերյալ երեկ հրապարակված զեկույցը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:

«Սվաղել են». սա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առաջին տպավորությունն ու արձագանքն է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի երեկ հրապարակած զեկույցին: Հիշեցնենք, որ դեռ նախորդ օրը կուսակցության վարչությունն իր անհամաձայնությունն էր հայտնել հանձնաժողովի գործելաոճի առնչությամբ, իսկ ավելի վաղ Արամ Կարապետյանն «Առավոտին» տեղեկացրել էր, որ իբրեւ հանձնաժողովի դիտորդ անդամ՝ ինքը սեփական զեկույցն է հրապարակելու, որը հանձնվելու է նաեւ Եվրոպական կառույցների դատին: Հարցին՝ ե՞րբ պատրաստ կլինի զեկույցը, երեկ ՆԺԿ ղեկավարը պատասխանեց. «Մենք ուզում ենք այնպես անել, որ հասցնենք ԵԽԽՎ լիագումար նիստին: Կուղարկենք ինչ-որ տեղ հանկարծակի, բայց այնպես կհասցնենք, որ մարդիկ կարողանան ծանոթանալ»: Առայժմ առանց մանրամասների՝ Արամ Կարապետյանը ասաց, թե ինչ կլինի իր զեկույցում. «Հանձնաժողովի հրապարակած զեկույցից որոշակի հարցերի պատասխաններ չենք ստանում: Մեր զեկույցում, ելնելով Փաստահավաք խմբի տրամադրած զեկույցներից, մեր ունեցած պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկատվությունից եւ այլն, կներկայացնենք մեր եզրակացությունը: Այն այդքան ծավալուն չի լինի, բայց այնտեղ ներառված կլինեն մոտեցումներ, որոնց ԵԽԽՎ-ն ուշադրություն կդարձնի»:

Իսկ մինչ այդ, արդեն հրապարակված խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մասով մեր զրուցակիցը շարունակում է. «Ինչ վերաբերում է զեկույցի այն հատվածին, թե հանձնաժողովը չէր կարող զբաղվել մահվան հանգամանքների բացահայտմամբ, այդ դեպքում հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման մեջ ինչո՞ւ էիք գրում, որ պարզելու եք մահվան հանգամանքները: Այն ժամանակ թող պարոն Նիկոյանը եւ մյուսները ասեին, որ դա նախաքննական մարմնի գործն է, հանձնաժողովը չի կարող անել»: Արամ Կարապետյանը հիշեցնում է, որ նմանատիպ հանձնաժողովների ստեղծման հիմնական նպատակն է՝ պարզաբանել, թե քաղաքական ի՞նչ որոշումների հիման վրա են նման իրադարձություններ զարգացել. «Այսինքն՝ կատարվածին պետք է տրվեր նաեւ քաղաքական գնահատական, որտեղ պետք է ներառվեր, թե ովքեր են եղել մեղավորները, հրաման տվողները, ինչպես, ինչ գործողությունների արդյունքում են իրադարձությունները նման զարգացում ունեցել, ինչի արդյունքում է մահը վրա հասել, համարժեք եղե՞լ են ոստիկանների գործողությունները, որոնցից էլ պիտի ածանցվեին մնացյալ հարցերը: Բայց հանձնաժողովը այդ ամենն անելու փոխարեն ուղղակի լղոզել է: Սա քաղաքական դրդապատճառների չպարզաբանման եւ քաղաքական գնահատականներ չտալու փորձի արդյունքում գրված զեկույց է, որն ընդհանրապես արժեք չունի»:

Այսօր արդեն հիմնվելով հանձնաժողովի մեկուկեսամյա աշխատանքի եւ դրա արդյունքների վրա՝ ՆԺԿ ղեկավարը հստակ հայտարարում է, որ հանձնաժողովի ստեղծման նպատակը նախ՝ Եվրոպայի աչքերին «թոզ փչելն» էր, ապա հիշեցնում է Իլյիչի հայտնի խոսքերը՝ եթե մի բան ցանկանում եք կոծկել՝ հանձնաժողով ստեղծեք: «Առավոտի» դիտարկմանը, որ ԵԽԽՎ-ում հիմարներ չեն նստած եւ զեկույցը կարդալով՝ կհասկանան, թե ինչ է իրականում կատարվել, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Մեկ տարի առաջ ամեն ինչ շատ սուր էր, նոր էր, այլ էր: Հիմա Սերժ Սարգսյանը որոշակի քայլեր է արել, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասով, որը աշխարհաքաղաքական առումով պիտի որ բավարարի ԵԽ երկրներին: Եթե մինչեւ այսօր անձնական շահը կար, եւ որոշակի չինովնիկներ որոշակի անձնական հարցեր էին լուծում, ապա այժմ հարցը գեոքաղաքական է: Կասեն՝ դե, հանձնաժողովն աշխատեց, էսպես աշխատեց, հարցը փակենք՝ գնա»:

«Առավոտի» հարցին՝ ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված հանձնաժողովում դաշնակցական ներկայացուցիչների անհամաձայնությունը եզրակացության հետ եւ ներկայացրած հատուկ կարծիքը՝ այն դեպքում, երբ այս ողջ ընթացքում ՀՅԴ-ն ոչ միայն չի ընդվզել մարտյան իրադարձությունների առիթով, այլեւ դրանց արդյունքում կազմավորված իշխանական կոալիցիայի անդամ դարձավ, Արամ Կարապետյանն ասաց. «Քաղաքական իմաստով Դաշնակցությունը շատ ծանր կացության մեջ է՝ ոչ իշխանություն են, ոչ ընդդիմություն: Եվ ուզեն, թե ոչ՝ պիտի ամեն տեղ փորձեն ապացուցել, որ ընդդիմություն են, որոշ հարցերում ինչ-որ դիրքորոշումներ պիտի կարծրացնեն: Որպես հանձնաժողովի անդամ՝ Արծվիկ Մինասյանը սպանությունների մասով միշտ էլ փորձել է այնպես անել, որպեսզի ինչ-որ մեկը պատասխան տա: Իսկ ընդհանուր քաղաքական ենթատեքստում Դաշնակցությունը հասկանում է, որ նոր ընտրությունների պարագայում շանսեր չունի, մանավանդ, որ Երեւանի ավագանու ընտրություններն էլ ցույց տվեցին, թե ինչ վիճակում են իրենք: Հիմա, եթե պատկերացնենք, որ հայ-թուրքական պայմանագրերը ստորագրվում են, ուրեմն ՀՅԴ-ն, որպես գաղափարախոսություն, վերանում է՝ եւ այստեղ, եւ սփյուռքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել