Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Խաչատրյան. «Կարող էր ավելի լավ լինել»

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"«Առավոտի» վերջին համարում խոստացել էինք, որ Էյլաթում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան պատանեկան 7-րդ առաջնությունում մեր տղաների եւ աղջիկների մրցելույթների գնահատականը կլսենք մասնագետներից:

Մեր պատվիրակությունն արդեն Երեւանում է: Երեկ զրուցեցինք մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, Իսրայելում մեր մարզական պատվիրակության ղեկավար Սամվել Խաչատրյանի հետ:

– Տասը մասնակից եւ ընդհանուր առմամբ՝ 18 մեդալ (3 ոսկե, 10 արծաթե եւ 5 բրոնզե): Գո՞հ եք արդյունքից:

– Իհարկե, թեեւ կարող էր ավելի լավ լինել: Մեր տղաները թիմային պայքարում գրավեցին երրորդ տեղն ու արժանացան գավաթի, իսկ աղջիկներն ընդամենը երկու հոգով ճանաչվեցին 10-րդը՝ իրենցից ետ թողնելով մի ամբողջ շարք բազմանդամ հավաքականների: Ինչ վերաբերում է մեդալներին, ձեր ասած 18-ից հինգը երկամարտի արդյունքով են: Նկատի ունեմ տղաներին եւ աղջիկներին միասին վերցրած:

– Այսինքն՝ բոլորն էլ արդարացրի՞ն հույսերը:

– Ոչ բոլորը: Անգամ մեդալներով տուն վերադարձածներից մի քանիսը: Շատ գոհ եմ 48 կգ քաշային Իզաբելա Յայլյանից: Պտղնեցի այս աղջնակն առաջին անգամ դուրս գալով միջազգային ասպարեզ՝ միանգամից նվաճեց մեկական փոքր ոսկի ու արծաթ, իսկ երկամարտում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Գովասանքի են արժանի հատկապես Րաֆֆի Մելիքյանը՝ 69 կգ, Հրաչիկ Ղարիբյանը՝ +94, որոնք արդյունավետ կատարեցին իրենց բոլոր վեց մոտեցումներն էլ, ինչպես նաեւ 94 կգ քաշային Համլետ Պողոսյանը:

– Իսկ ումի՞ց եք դժգոհ:

– Այդ բառը, իհարկե, որոշ վերապահումներով պիտի գործածել: Օրինակ, չեմպիոնի կոչում նվաճած 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, որն այսուհետեւ հանդես է գալու 62 կգ-ում, պետք է որ կարողանար 143 կիլոգրամով ռեկորդ սահմանել: Իսկ Քրիստինե Պետրոսյանը հաղթողի գլխավոր հավակնորդն էր, ինչը չկարողացավ կատարել: Մեր մյուս ծանրորդների մեջ էլ կային այնպիսիք, որոնք միանգամայն ի վիճակի էին պայքարել չեմպիոնության համար, սակայն ինչ-որ բան խանգարեց, ավելի ճիշտ, իրենք իրենց խանգարեցին: Եվ մի բան էլ: Եթե 85 կգ քաշային Ազատ Սայադյանը պոկումի 139 կգ մոտեցման ժամանակ ձեռքը չցավեցներ, հրումում զրո չէր ստանա: Այդ դեպքում եթե իր սովորական արդյունքից անգամ զգալի պակաս բարձրացներ, մեր տղաների հավաքականը թիմային չեմպիոն կդառնար:

– Ի՞նչ ցույց տվեց այս առաջնությունը:

– Այն, որ Հայաստանում ծանրամարտի հուսալի հերթափոխ է աճում, որը մարզումներին լուրջ մոտենալու դեպքում կարող է լիարժեք շարունակել այսօրվա ավանդույթները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել