Երեկ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի մոտ երկու տասնյակ գեղանկարների ցուցահանդեսը: Գրադարանում նկարչին նվիրված միջոցառում էլ էր կազմակերպվել, ասմունքեցին Թումանյանի, Իսահակյանի ստեղծագործություններից, հնչեցին երաժշտական կատարումներ:
Նիկոլ Աղաբաբյանը Նկարիչների միության անդամ է 1992 թվականից, բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել եւ՛ Հայաստանում, եւ՛ արտերկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում նկարչի ու նրա նկարների մասին ասաց. «Աղաբաբյանը ինքնատիպ նկարիչ է ու քաղաքացի: Սիրում է մեր բնաշխարհը, այն ավանդները, որ կան մեր արվեստում: Այսօր կարծես արվեստի դեկորատիվ արժեքն են գնահատում՝ չխորանալով բուն էության ու փիլիսոփայության մեջ, Նիկոլի մեջ այդ փիլիսոփայությունը կա: Նրա գույների մեջ մեր ժամանակն է՝ իր տագնապով, պայքարով ու նաեւ՝ լավատեսությամբ: Նիկոլը չկորցրեց իր քաղաքացիական մտածողությունը, երբեք չտրվեց ուսադիրներ կրելու կամ չինովնիկ ու քաղաքական գործիչ դառնալու գայթակղությանը»: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը նկարչի նկարները համեմատեց շարականների հետ, որոնցից բխում է բարություն, սեր ու լույս:
Գեղանկարիչ, բանաստեղծ Հրանտ Թադեւոսյանը՝ Թաթոսը, նկարչի գործերի մասին ասաց. «Նիկոլի կապտամանուշակագույն գույների մեջ թանձր լույս է, որը զգում ես ամբողջ կտավով մեկ, այդ գույների հետ նա կարողանում է համադրել ճչացող դեղինն ու վառ գույները»: