Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատ կաֆեներով ու առանց կինոյի երկիր

Սեպտեմբեր 16,2009 00:00

Երիտասարդ դերասանը՝ մեր բարքերի ու մեր կինոյի մասին

\"\"
Նարեկ Ներսիսյանը (ձախից) եւ աշխարհա- հռչակ Բեն Ֆոսթերը՝ նկարահանման
հրապարակում:

Օրերս «Բաց երաժշտություն» փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճում արտերկրից ժամանած մի խումբ երաժիշտներ հանդես եկան կենդանի համերգով: Երաժշտությունն ուղեկցվում էր ամերիկացի ռեժիսոր Բրայդեն Քինգի՝ Հայաստանում նկարահանված «Այստեղ» ֆիլմի ընթացքը պատմող վավերագրական կադրերով: Ֆիլմում նկարահանվել են նաեւ հայ դերասաններ: Նրանցից մեկի՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի «դրամատիկ թատրոնի եւ կինոյի դերասան» բաժնի մագիստրատուրայի ուսանող Նարեկ Ներսիսյանի հետ զրուցեց «Առավոտը»: Վերջինս համագործակցում է ֆիլմի երաժշտություն ստեղծելու համար Հայաստանում գտնվող ամերիկացի հյուրերի հետ: Համերգին օտարերկրյա երաժիշտների հետ թառ էր նվագում նաեւ 21-ամյա Նարեկ Ներսիսյանը: Մասնագիտությամբ դերասանը նաեւ դաշնամուր է նվագում ու թատերական ներկայացումների երաժշտության հեղինակ է, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում խաղում է Շեքսպիրի «12-րդ գիշեր», Պարոնյանի «Շողոքորթը», «Ատամնաբույժն արեւելյան» եւ այլ ներկայացումներում:

Կաննի եւ այլ փառատոներին մասնակցող «Այստեղ» ֆիլմում Նարեկը խաղացել է գլխավոր դերակատար Բեն Ֆոստերի հետ՝ մարմնավորելով Արցախում կռված տղայի՝ Գրիգորի կերպարը:

Օգոստոսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվող մեկ այլ՝ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմում Նարեկը մարմնավորել է աստվածաշնչյան պատմության փոքր որդու կերպարը: Սա լիամետրաժ ֆիլմում Նարեկի առաջին փորձն է եղել, ֆիլմից հետո շատ բաների սկսել է այլ կերպ նայել:

«Ամեն ինչ սկսվեց Արսեն Ազատյանի որդու դիպլոմային աշխատանքում նկարահանվելով, որից հետո մասնակցեցի քաստինգին ու անցա: Չգիտեմ՝ ինձնից գոհ կլինեմ, թե ոչ, բայց մեծ փորձ ձեռք բերեցի»,- նշեց մեր զրուցակիցը: Միայն նկարահանումներից հետո, երբ նույն ֆիլմում խաղացող Արմեն Ջիգարխանյանը իմացել է, որ համեստորեն լռող եւ Ներսիսյան ազգանունը չշահագործող Նարեկը Բաբկեն Ներսիսյանի թոռն է, այսպես է արձագանքել. «Վա՜յ, կյանքը ինչ հետաքրքիր բան է»:

Նարեկը կարծում է, որ առանց ինքնակրթության, պրոֆեսիոնալ դերասանական աշխարհի հետ շփման ու քննարկումների՝ հնարավոր չէ լավ դերասան դառնալ, իսկ ինստիտուտը միայն ուղղորդում է. «Թատերական ինստիտուտում կինոյից ոչ մեկը գաղափար չունի, որովհետեւ ոչինչ չենք սովորում: Խաղում ենք միայն բեմում, բայց ոչ կամերայի առաջ, որը պետք է լիներ»:

Ժամանակակից սերիալներում նկարահանվելու շատ առաջարկներ Նարեկին եղել են, բայց հրաժարվել է, կարծում է, որ հատկապես սկսնակ դերասանի հաստատվելու համար ավելի կարեւոր է որակով ֆիլմերում հանդես գալը:

Դասական գործերի էկրանավորումը մեր զրուցակիցը ողջունում է, բայց միեւնույն ժամանակ զարմանում է, որ «Սպանված աղավնիի» մասին ասում են՝ շա՜տ լավ ֆիլմ է: «Արվեստին այսօր մատների արանքով են նայում, «գրդոնի» սկզբունքով… Ցանկալի կլիներ, որ պետությունը իսկական կինոարվեստին ուշադրություն դարձներ, այն կինոյին, որն ամբողջ աշխարհում կմասնակցի փառատոների ու մրցանակներով մեր երկրի անունը կբարձրացնի»,- ասում է դերասանը: Մեր զրուցակիցը պնդում է, որ Հայաստանում այսօր տիրում է «ախպերաընգերական» սկզբունքը. «Շատերն ասում են՝ սա մեր ախպերն ա, պիտի էս ֆիլմում նկարվի… Այն, ինչ արվում է այսօր, ուղղված չէ կինոյի զարգացմանը, կատարվում է ինչ-որ անհատների գործը առաջ տանելու համար: «Հայֆիլմում» չոր պատեր են մնացել: Ջիգարխանյանը նկարահանումներից մեկի ժամանակ ասաց՝ «Մտա այնտեղ («Հայֆիլմ» -Լ.Խ.), լացս եկավ»:

Զրուցակցիս խոսքերով՝ օտար երկրներից գալիս են, մեզ նայում են որպես 3-րդ կարգի ինչ-որ երկիր, զարմանում են՝ ո՞նց է, որ ձեզ մոտ այսքան շատ կաֆեներ կան, բայց կինո չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել