Շեքսպիրյան հայտնի գործը՝ իրանցիների մատուցմամբ
Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել նաեւ Իրանի «Բազիսազան» թատերախումբը: Այն Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացավ Հասան Ազիմիի բեմադրած «Ռոմեո եւ Ջուլիետով»: Բեմադրությունն առանձնապես կապ չուներ Շեքսպիրի հայտնի գործի հետ, հատուկենտ աղերսների թվում Ռոմո եւ Ժուլիեթ անուններն էին: Ռեժիսորը ստեղծել էր գունեղ, երաժշտական, բայց շատ պարզունակ մի բեմադրություն: Այն միջնադարյան կրկեսային զվարճալի ներկայացում էր հիշեցնում՝ սազանդարներով, խեղկատակներով ու դիմածռիկներով… Այստեղ Մոնտեկիներն ու Կապուլետիներն էլ իրանական տարազներով էին, մասնավորապես կանայք՝ ծածկած դեմքերով եւ մինչեւ կոճերը հասնող հագուստներով: Ամբողջ ներկայացման ընթացքում երկու երաժիշտներ էին նվագում իրենց ժողովրդական գործիքներով, վերջում էլ նրանց միացավ երրորդը: Բեմադրության հենց սկզբում չթե վարդագույն հագուստով հերոսը հերթով ներկայացրեց բոլոր դերակատարներին, երաժիշտներին ու ինքն իրեն: Ներկայացման առանցքում հենց պորտապար պարող այդ տղամարդն էր, որի շուրջ էլ հյուսված էր ամբողջ պատմությունը, անգամ Ռոմեոյի եւ Ջուլիետի սիրո: Հասան Ազիմիի բեմադրած «Ռոմեո եւ Ջուլիետի» ժամանակ հիմնականում հնչում էր պարսկական զվարթ երաժշտություն, հերոսները պարում էին, բեմն էլ վերածվել էր խնջույքատեղիի: Հասկանալի է, թե ինչու ռեժիսորը հավատարիմ չի մնացել Շեքսպիրին. մեծ համարձակություն է Իրանի նման «փակ» երկրում «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրելը, դրա համար էլ Ռոմեոյի եւ Ջուլիետի սիրային գիշերներն ու համբույրախառն հանդիպումները ներկայացման մեջ ընդամենը սիմվոլիկ բնույթ էին կրում. օրինակ, թախտի մի ծայրից Ռոմոն, մյուսից՝ Ժուլիեթը երկարացնում էին իրենց ձեռքերը, բայց դրանք չէին հպվում իրար: Ընդհանրապես կանայք ու տղամարդիկ չէին դիպչում միմյանց: Համեմատաբար եվրոպականացված հագուստ էր կրում միայն երիտասարդ Ռոմեոն կամ Ջուլիետի լեզվով ասած՝ Ռոմոն: Հանդիսատեսը սպասում էր, թե ինչպես են երկու տոհմերի անհաշտության պատճառով զոհ գնալու երիտասարդ սիրահարները, սակայն իրանական «Ռոմեո եւ Ջուլիետում» նման բան չպատահեց. սիրահարները «հասան» իրար: Մեկ էլ հայտնվում է «քաղաքացիական» հագուստով ռեժիսորը ու նախատում իր թատերախմբին, որ հեռացել է սցենարից: Նրանք բոլորը, իսկ ամենաակտիվը ծածկած դեմքով Ջուլիետը փորձում են հիմնավորել, որ այդպիսի լուծումն ավելի արդարացի է:
Չմոռանանք նշել, որ բեմադրության լեզուն պարսկերեն էր, սակայն թարգմանչի կարիք չկար. դերասաններն ավելի շատ ցուցադրում էին, քան խոսում: Չնայած իրանական բեմադրությունը առանձնապես խորք չուներ, բայց շատ բարի էր՝ ժողովրդական հեքիաթների նման: Եվ գուցե լա՞վ է, որ նորագույն քաղաքակրթության, քաղաքական, բարոյական, տեխնածին ու այլ աղետների, նաեւ սեռական հեղափոխության դարում դեռ պահպանվել են, ասես, մանուկների համար խաղացվող ներկայացումներ:
Նշենք, որ «Բազիսազան» թատերախումբը բեմադրել է 70-ից ավելի ներկայացումներ: Ազիմին «Սրբազան պաշտպանություն», «Իրանի ավանդական թատրոն» եւ «Ֆաջր» փառատոների ժամանակ արժանացել է լավագույն դրամատուրգի եւ ռեժիսորի դիպլոմի: