Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հղում կատարելով Armenia-today պորտալին, «Նաբուկկո» գազամուղը, որը պետք է միջինասիական գազը հասցնի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, չի անցնի Հայաստանի տարածքով: Այդ մասին երեկ հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկայի հարցերով եվրոկոմիսար Անդրիս Պիեբալգսը: Վերջինս ասել է, որ նախագծի մասնակիցների ցուցակում Հայաստանը չկա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին թուրքական ԶԼՄ-ները, իրենց սեփական աղբյուրներին հղում կատարելով, հայտնել էին, որ ԵՄ-ն քննարկում է «Նաբուկկոյի» ուղեգիծը փոխելու հնարավորությունը. նախատեսվում էր անկայուն եւ պայթյունավտանգ Վրաստանի փոխարեն Հայաստանը ծրագրի մեջ մտցնելու տարբերակ:
«Նաբուկկո» գազամուղը ԵՄ-ի ամենախոշոր ծրագրերից մեկն է, որը պետք է դառնար Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը: Այնուհետեւ Էրզրումից «Նաբուկկոն» պիտի իր ճանապարհը շարունակի Թուրքիայով, բալկանյան հանրապետություններով դեպի Ավստրիա: «Նաբուկկոյի» գազամատակարար կարող են դառնալ 4 երկիր՝ Ադրբեջանը, Թուրքմենիան, Ղազախստանը եւ Իրանը: Վերջինի վրա տարբեր միջազգային սանկցիաներ են կիրառվում, իսկ Ղազախստանի եւ Թուրքմենիայի գազի հիմնական մասը վաճառվում է Ռուսաստանին: Միայն Ադրբեջանի ռեսուրսները բավական չեն «Նաբուկկոյի» նման նախագծի համար: 2009-ի հուլիսին Թուրքմենիան, այնուամենայնիվ, համաձայնություն է տվել իր վառելիքի մի մասը Եվրոպա տեղափոխել «Նաբուկկոյի» խողովակներով: