Ազգային գրադարանի (ԱԳ) գիտական ընթերցասրահի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Երեկ տեղի ունեցավ նոր սրահի բացումը: «Առավոտի» հետ զրույցում ԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն ասաց, որ սրահը մինչեւ այժմ հումանիտար գիտությունների ընթերցասրահ էր, գործում է 1972-ից եւ մինչեւ 1990թ., մասնակի էր վերանորոգվել: Նա նշեց նաեւ, որ գիտական եւ հումանիտար ընթերցասրահները ներկայումս միավորվել են, արդյունքում՝ սպասարկվող գրականությունը ժամանակավորապես կրճատվել է. «Հումանիտար գիտությունների ընթերցասրահի գործունեության ժամանակ ամենօրյա պահանջարկ ունեցող գրականությունը կազմել է 7000- 10000: Քանի որ հիմա տեղ չկա, առձեռն ֆոնդը կրճատել ենք, այսօր այն հասնում է շուրջ 1500-ի, երբ թամանյանական շենքը շահագործման հանձնվի, այն նորից կմեծանա»: Գրադարանի փոխտնօրենի մեկնաբանմամբ, առձեռն ֆոնդի քանակի մեծացման հետ կհեշտանա ընթերցողների աշխատանքը. նրանք ավելի քիչ պատվերներ կուղարկեն գրապահոց: Գիտական ընթերցասրահի վերանորոգման համար պահանջվել է 2 մլն դրամ: Վերանորոգման հարցում գրադարանին աջակցել է R&V comfort ընկերությունը:
Գրադարանի տնօրինության հավաստմամբ, առաջիկայում նախատեսվում է նաեւ այլ ընթերցասրահների վերանորոգումը: «Ցանկանում ենք վերանորոգել նաեւ ընդհանուր ընթերցասրահը եւ Ա. Բակունցի ծննդյան 110-ամյակի առիթով այն կոչել գրողի անունով: Սրահի վերանորոգման համար աջակցություն է խոստացել Սյունիքի մարզպետը»,- ասաց Ռ. Ղազարյանը: Նրա խոսքով, թամանյանական շենքի վերանորոգումը նախատեսվում է ավարտին հասցնել 2010-ին, նորոգման աշխատանքները սկսվել են նախորդ տարվանից՝ պետական աջակցությամբ: 350 մլն դրամ պետությունը տրամադրել է նախորդ տարի, ճգնաժամի հետեւանքով կանգ առած աշխատանքները վերսկսվել են այս տարվա հուլիսից. «Այնտեղ մեր հնարավորությունները կմեծանան, մենք կբացենք թանգարան, կավելանա ընթերցասրահների թիվը, հնատիպ արխիվային եւ գրքի խնամքի ու տեխնիկական այլ բաժիններ կտեղափոխվեն այնտեղ, իսկ այս շենքում ընթերցողների սպասարկումը կդառնա հարմարավետ ու նոր որակ կստանա»:
Ընթերցասրահի վերանորոգումից ամենից շատ խանդավառված էին ընթերցողները: Իրեն գրադարանի ամենահին ընթերցող համարող Սասուն Մխիթարյանը, ողջունելով գործարարի նման քայլը՝ ասաց, որ հարգանքով է վերաբերվում այն մարդկանց, ովքեր տեր են կանգնում Մաշտոցի, Նարեկացու կամ մերօրյա գրողների վաստակաշատ գործերին: