Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ը ԴՈՒՐՍ Է ՄՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Սեպտեմբեր 16,2009 00:00

Ռուսաստանը մի քանի անգամ փորձել է միջամտել հայ-թուրքական բանակցություններին, սակայն գործը գլուխ չի եկել: Այդ ժամանակ միջամտել են նախագահ Օբամայի նոր խորհրդականները, ձեռքից խլվել է նախաձեռնությունը, եւ Ռուսաստանին ուղղակի դուրս են մղել բանակցային գործընթացից՝ չնայած արտաքուստ Ամերիկայի ձեռքն այստեղ տեսանելի չէր: «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը: «Մոսկվայում հասկանում են, որ Հայաստանն այլեւս մեկուսացման մեջ չի կարող գտնվել, իսկ Թուրքիան պատրաստ է ցամաքային ճանապարհ տրամադրել արտաքին աշխարհի հետ կապի համար: Ըստ որում, արձանագրությունների մասով ուշադրություն է գրավում այն, որ ղարաբաղյան հարցը, որպես հարաբերությունների կարգավորման կամ սահմանի բացման նախապայման, փաստաթղթերում ոչ մի տեղ չի հիշատակվում: Կողմերը միայն մատնանշել են «երկու երկրների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման եւ պահպանման կարեւորությունը, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ ուժ գործադրելու սպառնալիքից ձեռնպահ մնալու եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու վճռականություն ցուցաբերել»,- նշել է նա: Ըստ որում, Զախարովը նշել է, որ այս ամենն ամրագրվել էր դեռ 2008 թ. նոյեմբերի 2-ի Մայնդորֆյան հռչակագրում, երբ Մոսկվայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Բայց արդեն երկու ամիս անց պայմանավորվածությունները խախտվել են Ղարաբաղն ուժով վերադարձնելու Իլհամ Ալիեւի հայտարարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել