Հայ- թուրքական հարաբերություններն ազդարարող արձանագրություններն ամփոփում են կտրուկ փոփոխությունների առաջացման եւ նոր իրողությունների հաստատման այնպիսի պոտենցիալ, որը շոշափում է ոչ միայն երկու երկրների եւ տարածաշրջանային պետությունների, այլեւ գերտերությունների շահերը:
Լայնամասշտաբ այս տեղաշարժի պայմաններում առանձնակի նշանակություն են ստանում ե՛ւ բուն գործընթացը, ե՛ւ այն սպասարկող նախադրյալների առկայության անհրաժեշտությունը, որով եւ պայմանավորվելու է այդ աննախադեպ համակարգի պաշտպանվածությունն ու անշրջելիությունը: Արդյո՞ք Հայաստանում ստեղծված են պայմաններ նման շրջադարձի համար: Քաղաքական զարգացումներն այս իմաստով մտորելու տեղիք են տալիս: Ռուսականության ազդեցության պահպանման համար նոր ու առավել կատաղի պայքարի, մարտի 1-ի չհաղթահարված լինելու պայմաններում, Հայաստանը հանդես է բերում մեծ վճռականություն՝ կատարելու քաղաքական այնպիսի շրջադարձ, որն աննախադեպ է ե՛ւ իր մասշտաբայնությամբ, ե՛ւ դրանով պայմանավորված հսկայական պատասխանատվությամբ: Նախ, սակայն, մարտի 1-ի մասին, որը միտված էր սպասարկելու կոնկրետ նպատակների իրականացում, որոնք որեւէ առնչություն մեր ազգային-պետական շահի հետ չունեն: Ասել է թե, այն դուրս էր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների տրամաբանության շղթայից եւ այդքանով անակնկալ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ միջազգային հանրության, ե՛ւ, առավելաբար, եվրոպական կառույցների համար: Դա, պարզապես, հորինված էր եւ դրանից խուսափել չէր կարելի՝ բոլորովին այլ տեղում կատարված եւ հեռահար նպատակներ հետապնդող քաղաքական հաշվարկի պատճառով: Մարտի 1-ի հեղինակները մի կրակոցով (մարտի 1-ով) խփում էին երկու նապաստակ: Նախ վերակենդանացնում էին ընդդիմությանը, որի լավագույն ձեւը «քաղբանտարկյալներ» ունենալն էր, երկրորդ՝ խարխլում էին նորընտիր նախագահի քաղաքական դիրքերը, հետո՝ ի լուր աշխարհի հայտարարելու, թե նա այն աստիճան թույլ է (լեգիտիմության իմաստով), որ նախագահի աթոռը պահելու համար՝ արտաքին ճնշումների առաջ տեղի տալով, գնում է ազգակործան զիջումների: Սադրանքը պայմանավորված չէր ընտրությունների արդյունքով, այլ դրանց տրված դիտորդական առաքելությունների, մասնավորաբար՝ եվրոպական դիտորդների գնահատականով, համաձայն որի, Սերժ Սարգսյանը հանդես էր գալիս որպես օրինական ճանապարհով ընտրված լեգիտիմ նախագահ, եւ ներկայանալու էր աշխարհին, պատկերավոր ասած, ճերմակ թիկնոցով: Այդ թիկնոցը հարկավոր էր արյունոտել: Ու արյունոտեցին: Մյուս պատճառը քաղաքական այն ուղեգիծն էր, որին տեղյակ էին նախագծի հեղինակները եւ որի կանխմանն էլ հետագայում ծառայելու էր մարտի 1-ը: Եվ ամենակարեւորը՝ դա արվեց պրոֆիլակտիկ նկատառումներով, եթե Սերժ Սարգսյանը Արեւմուտքի հետ մերձենա ավելի, քան դա կթույլատրի Ռուսաստանը, նրան հիշեցնեն, որ իր թիկնոցն այնքան էլ ճերմակ չէ եւ ընդդիմությանը նորից դուրս բերեն փողոց: Իսկ ի՞նչ է նշանակում այսօր մերձենալ Արեւմուտքին ավելի, քան թույլ կտա Ռուսաստանը: Դա նշանակում է՝ նախեւառաջ կոնկրետ քայլեր հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ եւ վճռականություն՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այս խնդիրների լուծումը, ի վերջո, հանգեցնելու է ռուսական ռազմաբազաները Հայաստանում պահելու նպատակահարմարությանը: Այսինքն, Հայաստանը վերականգնելու է քաղաքական անկախությունը, ձերբազատվելով ռուսական ֆորպոստի նվաստացուցիչ դերից: Որովհետեւ ռուսական բազաների առկայությամբ ոչ մի երկիր Հայաստանը, որպես անկախ պետական միավոր, լուրջ չի ընդունում եւ առաջին հերթին Ռուսաստանը: Սրա մասին, սակայն, հայ-թուրքական հարաբերությունների դեմ սուր ճոճող, դրանք հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող, մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը նսեմացնող համարող, երկրի անկախության վերականգնման, ազատության, արդարության ու արժանապատվության համար պայքարող ու այդ վեհ նպատակների համար դատվելու, ծեծվելու, տաժանակրության գնալու, ինչպես մեծ անգլիացին կասեր՝ կոկորդիլոս ուտելու պատրաստ ուժերը, կազմակերպված լռում են: Կարելի է մտածել, թե այդ բազաները մեր անկախության խորհրդանիշն են: Սրա պատճառն այն է, որ մեր քաղաքական հորջորջվող ուժերը առաջնորդվում են ոչ թե ազգային իրական շահով, այլ զբաղված են Ռուսաստանին իրենց հավատարմության դափնին վիճարկելով, այսինքն՝ կեղծ, ազգային- պետական շահի հետ որեւէ առնչություն չունեցող արժեքների մանիպուլյացիայով: Ռուսականությունը բացահայտ կողմնորոշումային պարտադրանք է մի քանի անձերի կամ իրենց քաղաքական համարող ուժերի կողմից՝ մի ամբողջ ժողովրդի: Որովհետեւ առ այսօր տրված չէ պատասխանն այն հարցի, թե այդ ո՞վ է որոշել, որ մեր ռազմավարական դաշնակիցը հենց Ռուսաստանն է եւ ոչ թե, ասենք, Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան կամ մեկ այլ պետություն: Իսկապես, ո՞վ է որոշել: Հասան Ջալալյա՞նը՝ Պետրոս Մեծին ուղղած իր ստրկագրերով, պատմության կեղծումով ռուսականության ներմուծման հայր հռչակված Իսրայել Օրի՞ն, որը Ռուսաստանի տեղն «իմացավ» Հովհան Վիլհելմից: Թե՞ մեր դարավոր բարեկամության փորձը, որ տխուր, իրարամերժ ու կասկածելի հետեւությունների տեղիք է տալիս: Այս պարտադրանքն ընդունողներն էլ ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ, կարող են վիժեցնել հայ-թուրքական հարաբերությունները, ձախողելով նաեւ Հայաստան-Արեւմուտք հարաբերությունները, դրանից բխող ծանրագույն հետեւանքներով, կանգնեցնելով երկիրը հերթական հեղաշրջման փաստի առաջ: Մարտի 1-ով լուծվում էր ոչ միայն Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմության, այլեւ Հայաստանում հերթական հեղաշրջման լեգիտիմության հարցը: Միշտ չէ, որ հեղաշրջումն ուղեկցվում է իշխանափոխությամբ: Մեր պարագայում այն կարող է դրսեւորվել մեծ շրջադարձի կասեցումով: Այս պայմաններում մտածելու բան ունեն ոչ միայն իշխանությունները, նաեւ ընդդիմությունը, որի պնդումները, թե հայ-թուրքական հարաբերություները, մասնավորաբար՝ նախաստորագրյալ արձանագրությունները, կասկածի տակ են դնում ցեղասպանությունը, կատարյալ անհեթեթություն է: Այն, որ արխիվները ուսումնասիրելուց հետո, պատմաբանների ենթահանձնաժողովը կհերքի ցեղասպանության իրողությունը, ոչինչ չի փոխում ոչ հայերիս, ոչ միջազգային հանրության համար եւ ոչ էլ ցեղասպանության ճանաչման գործընթացում: Որովհետեւ նրանք հիմա էլ դա չեն ընդունում: Սակայն փոքր չէ հավանականությունը, որ հենց թուրք պատմաբանները կասեն թուրք ժողովրդին, որ եղել է ցեղասպանություն: Եվ դա ռոմանտիկայի ժանրից չէ: Ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը. երբ 1991թ. Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը փորձեց ԳԽ նիստի օրակարգ մտցնել Կարսի պայմանագիրը չեղյալ համարելու մասին որոշման նախագիծ, Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական ջանքերով խմբակցության փորձը ձախողվեց: Այդ պայմանագիրը չեղյալ չհամարեց նաեւ Ռ. Քոչարյանի ազգայնական իշխանությունը: Եվ մենք շարունակում ենք ճանաչել հայ-թուրքական առկա սահմանը:
Այսպիսով, ընդդիմադիր այս վայնասունի իրական պատճառը ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն ու դրանց հարուցած մտահոգություններն են, այլ Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների սպառնալիքը:
Արժանին մատուցելով Սերժ Սարգսյանին եւ արձանագրելով, որ բացելով հայ-թուրքական հարաբերությունների ճանապարհը, նա բացում է ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղի հարցի լուծման, Հայաստանի ապաշրջափակման, Հայաստանը իրապես անկախ, արժանապատիվ պետություն դարձնելու ճանապարհը, այնուամենայնիվ, ինձ թույլ եմ տալիս կասկածելու, որ հայ-թուրքական հարաբերությունները կկանգնեն այնպիսի մակարդակի վրա, որ ռուսական բազաները Հայաստանից հանելու խնդիր չի առաջանա: Այսինքն, հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսին, չեն լինի եւ հայ-թուրքական սահմանը երբեք չի բացվի: Հակառակ պարագայում, եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, ռուսական 11-րդ բանակը նորից կմտնի Հայաստան: Մանավանդ որ, դրա հնարավորությունը լիուլի տալիս է Ռուսաստանի Պետդումայի՝ «Պաշտպանության մասին» օրենքում տառացիորեն վերջերս կատարած փոփոխությունը, որով Ռուսաստանը առանց պատերազմ հայտարարելու կարող է զորք մտցնել արտերկիր՝ իր ռազմակայանները, քաղաքացիներին եւ այլ բաներ պաշտպանելու համար: Դրան գումարած, այդ երկրում մեծ թափով ծավալված՝ Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության քարոզչությունը: Ոչինչ չի կարելի բացառել, եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ ռուսականությունը մեծամասնություն ունի ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության մեջ: Ավելին, մարտի 1-ի չհաղթահարված մնալու, ռուսականության պահպանման նոր թափով ծավալված պայքարի արդյունքում ստեղծված կացությունը կարող է ոչ միայն կասեցնել դրական զարգացումների ընթացքը, այլեւ խափանել նոր պայմաններում պետության լիարժեք ինքնադրսեւորման, ազգային-պետական շահի արդյունավետ իրացման, նոր հարաբերությունների ձեւավորման ցանկացած փորձ: Եվրախորհրդի՝ մարտի 1-ի հաղթահարմանն ու նոր տեղաշարժերն սպասարկող նախադրյալների ստեղծմանը միտված բանաձեւերի հետագա անտեսումը կամ դրանց մասնակի կատարումը այն փորձաքարն է, որի վրա կարող է վերջնականապես ջախջախվել Հայաստանը տնտեսաքաղաքական նոր տիրույթ տեղափոխող նախագիծը: Մարտի 1-ի հեղինակներն ու ռուսական ուղեգծի պահապանները պետք է հասկանան, որ փոխվել են ժամանակները, եւ պատմության անիվը հետ շրջելը ոչ միայն անհնար է, այլեւ հղի՝ անկանխատեսելի հետեւանքներով: Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ: Ցանկացած փորձ՝ վիժեցնելու այդ գործընթացը, հարուցելու է պատասխանատվություն սերունդների առաջ: