Արվածը քիչ չէ, անելիք դեռ կա
Շաբաթավերջին Տավուշում քննարկվել են ոռոգման եւ խմելու ջրի հարցերը՝ մարզի ղեկավարության ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նման քննարկումներ եղել են արդեն Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում («Առավոտ», 29 օգոստոս, 8 սեպտեմբեր): Նշված մարզերի նման՝ Տավուշում էլ խնդիրներ կան:
Ինչպես տեղեկացանք Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարել է, որ կատարված աշխատանքները քիչ չեն, բայց անելիքներ դեռեւս կան: Ըստ մարզպետի, մարզի ջրամատակարարման ցանցը հուսալիության բարձր աստիճան չունի, մտահոգիչ է ջրամբարների պահպանության խնդիրը. դրանք բաց են, բացակայում են ցանկապատերը: Հաճախակի են վթարները, հատկապես գարնանային հեղեղումների ու տեղումների ժամանակ մարզի տեղամասերի ունեցած հնարավորությունները թույլ չեն տալիս սեփական ուժերով վերացնել դրանք: Լուրջ խնդիրներ ունի հատկապես մարզկենտրոն Իջեւանը:
Ջրի մարդը՝ ՀՀ ՏԿՆ «Ջրտնտպետկոմի» նախագահ Անդրանիկ Անդրեասյանը խոսել է արվածի մասին. Դիլիջանում տեղադրվել է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մաքրման կայան, որը հանրապետությունում որպես այդպիսին առաջինն է, մարզում մեկ էլ Բերդ քաղաքն ունի մաքրման կայան, բարձրանում է վարձավճարների հավաքագրման մակարդակը, որը կնպաստի կորուստների նվազեցմանն ու շուրջօրյա ջրամատակարարման անցնելուն, նախատեսվում է Եվրոպական զարգացման բանկի ներդրումային ծրագրով իրականացնել կոյուղու մաքրման կայանի գործարկում:
ՀՀ պետական բյուջեի, «Հայաստան» հիմնադրամի եւ միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների միջոցներով նորոգվում է նաեւ մարզի ոռոգման ջրի համակարգը, կառուցվում են նոր ջրագծեր, պատվարներ եւ պոմպակայաններ: Սրա արդյունքում այս տարի ոռոգման պայմանագիր է կնքվել 3625 հեկտար հողատարածքի համար` անցած տարվա 3392 հեկտարի դիմաց: Բայց օգտագործված ոռոգման ջրի վարձերի գանձման աշխատանքներում թերացումներ կան: