Ալավերդու «Էյ-Սի-ՓԻ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը հանքարդյունաբերության ապագայի, Թեղուտի, գործարանի պակասորդների եւ գործազրկության մասին:
– Պարոն Արզումանյան, Ձեր նախկին հարցազրույցներում Դուք փաստել եք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը անհեռանկարային է, քանի որ անշահութաբեր է, եւ նրա արտադրության հետագա շարունակումը ձեռք չի տալիս ընկերությանը՝ նաեւ բնապահպանական առումով: Փոխվե՞լ են ընկերության այս մոտեցումները:
– Մենք ասել ենք, որ կան այդ գործունեությունը շարունակելու անորոշությունը պայմանավորող մի քանի գործոններ, որոնց թվում, իհարկե, բնապահպանական խնդիրները եղել են առաջինների շարքում, մասնավորապես այն հանգամանքը, որ ձեռնարկությունը այս պահին աշխատում է գերազանցելով ծծմբի անհիդրիդի երկօքսիդի արտանետումների սահմանային թույլատրելի չափաքանակները: Այժմ մենք փնտրտուքի մեջ ենք այն հնարավոր լուծումների, որոնք կարող են հանգեցնել բնապահպանական պահանջների բավարարմանը: Դուք ինքներդ քաջատեղյակ եք հնարավոր տարբերակներից մեկին, որը քննարկվում է բավականին լուրջ: Երբ մենք կհամոզվենք, որ որպես գաղափար այն կենսունակ է եւ կարելի է խորացնել տեխնիկատնտեսական հաշվարկները, իհարկե, մենք ավելի լայն քննարկումներ կծավալենք դրա վերաբերյալ: Մի բան պարզ է՝ մեր ձգտումն է, որպեսզի առաջին հերթին Ալավերդու բնակչության համար այդ արտանետումները լինեն թույլատրելի չափաքանակների շրջանակներում: Գուցե այդ եղանակի արդյունքում նաեւ որեւէ այլ բացասական էֆեկտ լինի, բայց մենք պետք է հասկանանք, որ առաջնահերթը իսկապես մարդկանց առողջությունն է:
– Խոսքը վերաբերում է գործարանի արտանետումների ծխնելույզը Կոշաբերդ սարի գլուխ տեղափոխելո՞ւն («Առավոտ», 29 օգոստոսի, «Ընդդեմ Լալվարի՞»):
– Այո, դա հենց այն տարբերակն է, որը հիմա մենք դիտարկում ենք:
– Դա ընդամենը գաղափար է:
– Իհարկե:
– Ծխնելույզի տեղափոխումը հետապնդում է միայն բնապահպանական խնդրի բարելավո՞ւմ, թե՞ հենք է ստեղծում նաեւ գործարանում արտադրության ծավալների հետագա ավելացման համար:
– Եթե այդ լուծումը հանգեցնի նրան, որ մենք բացարձակապես որեւէ բնապահպանական պահանջ չենք խախտում արտադրության ծավալները որոշակիորեն ավելացնելով, ես չեմ բացառում, որ դա ուղեկցվի նաեւ արտադրության ծավալների ավելացմամբ:
– Ծխնելույզի տեղափոխման առումով ինչպե՞ս եք վերաբերվում վաստակաշատ մետալուրգ, ալավերդցի Միշա Պարանյանի փաստարկներին:
– Ես խոր հարգանքով եմ վերաբերվում վաստակաշատ մետալուրգի կարծիքին, բայց նաեւ կարծում եմ, որ միայն այն հանգամանքը, որ Խորհրդային միության ժամանակ այդ տարբերակը քննարկվել եւ մերժվել է, չի կարող հիմք հանդիսանալ այժմ այդ տարբերակը չքննարկելու համար: Ժամանակները փոխվել են: Մեզ համար առաջնահերթը Ալավերդու բնակչության առողջությանը հասցվող վնասների կանխումն է: Նաեւ պետք է պարզենք, արդյոք խորհրդային տարիներին քննարկվե՞լ է այն տարբերակը, որը մենք այսօր ուզում ենք քննարկել: Մենք դա կներկայացնենք Ալավերդու հանրության քննարկմանը:
– Ի՞նչ փուլում են գտնվում «ՎՏԲ» բանկի հետ Թեղուտի հանքավայրի վարկավորման Ձեր բանակցությունները:
– Բավականին երկար ժամանակ ձգձգվում է բանկից ֆինանսավորման ստացումը, մինչեւ այժմ հիմնական վարկային պայմանագրի շրջանակներում միջոցներ դեռեւս հատկացված չեն, ստացել ենք դրա հետ փոխկապակցված միջանկյալ վարկ՝ բանկի ֆրանսիական դուստր ընկերությունից: Այս պահին բավականին ինտենսիվ բանակցություններ են ընթանում բանկի հետ, ընդամենը անցած շաբաթ եղել է բանկի նախագահի հետ հանդիպում Մոսկվայում, որտեղ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, թե ինչ ֆորմատով է բանկը իրականացնելու ծրագրի ամբողջական ֆինանսավորումը: Մենք հուսով ենք, որ այս պայմանավորվածությունները կպահպանվեն, եւ բանկը, ինչպես մեզ հավաստիացրել է, կիրականացնի Թեղուտի ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ըստ բանկի, ֆինանսավորման մեկնարկը կլինի այս տարվա ընթացքում: Հուսով ենք, որ դա տեղի կունենա:
– Այսինքն՝ այն լուրերը, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրինությունը Թեղուտի ֆինանսավորման այլ աղբյուրներ է որոնում՝ իրականությանը չե՞ն համապատասխանում:
– Այդպիսի բան տեղի կունենա, եթե ՎՏԲ բանկի ֆինանսավորումը չստացվի: Ես չէի ասի, թե որեւէ պայմանավորվածություն ունենք որեւէ գործընկերոջ հետ, բայց եւ չէի բացառի, որ այդպիսի քննարկումներ եղել են, որովհետեւ մենք մշտապես առաջարկություններ ստացել ենք Թեղուտի հանքավայրի շուրջ գործընկերության վերաբերյալ, եւ այդ առաջարկությունների որոշ մասի հետ կապված քննարկումներ եղել են:
– Ի՞նչ իրավիճակ է այս պահին Թեղուտում:
– Թեղուտում այս տարվա սկզբի համեմատությամբ մենք արդեն երկու փուլով ավելացրել ենք մեր կողմից կատարվող հողաշխատանքների ծավալները եւ այնտեղ յուրաքանչյուր ամիս ներդրումներ են կատարվում մեր ներքին միջոցների հաշվին, առաջին հերթին մեր քույր՝ ղարաբաղյան ընկերության շահույթի հաշվին: Սարքավորումների հիմնական մատակարարների հետ պայմանավորվածությունները պահպանվում են: Ժամկետների շեղումներ այս առումով չկան:
– Ալավերդիում վերջերս լուրեր են շրջանառվում, թե «Էյ-Սի-Փի»-ն Ալավերդու պղնձի հանքերը վաճառել է կամ պատրաստվում է վաճառել պարսիկներին: Հիմքեր ունե՞ն այս խոսակցությունները:
– Ոչ, նման խոսակցությունները որեւէ հիմքեր չունեն: Սակայն կարծում եմ՝ ալավերդցիները ուրախ կլինեն, եթե այդ հանքավայրի շահագործման իսկական ձեւը երբեւէ գտնվի:
– Ամիսներ առաջ պղնձաձուլական գործարանի պահեստներից մեկում տեղի էր ունեցել գողություն, որին անդրադարձել էր նաեւ «Առավոտը» (29 ապրիլի, «Գույքագրում են»): Ի՞նչ արդյունքներ գրանցվեցին այնտեղ իրականացված գույքագրումից հետո:
– Մենք նախաձեռնել ենք լայնածավալ գույքագրում ընկերության բոլոր ստորաբաժանումներում, բոլոր պահեստային միավորներում եւ հաշվի առնելով, որ աշխատանքը մեծածավալ է, այս պահին իրականացվում են ամփոփման աշխատանքներ: Կարծում եմ, մոտ ապագայում կավարտվեն այդ աշխատանքները: Պակասորդներ որոշ առումներով կան, իհարկե, աշխատանքներ կտարվեն, եւ մենք կփորձենք հասկանալ, թե այդ պակասորդները ինչի արդյունք են: Այդպիսի մեծածավալ եւ մանրամասն գույքագրում խորհրդային տարիներից ի վեր չի արվել, հեշտ չի լինելու պարզել, թե պակասորդներից որը ինչի արդյունք է:
– Ալավերդին գործազրկության առումով շատ ծանր վիճակում է: Հուսադրող ի՞նչ կասեք քաղաքի հազարավոր գործազուրկներին:
– Ես կարող եմ ասել, որ անցած տարեվերջին մեր ոլորտը առաջինն էր, որ իր վրա զգաց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածը, հավանաբար առաջինը կլինի, որ կզգա այդ ճգնաժամի ավարտի ազդեցությունը: Մասնավորապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք նկատում ենք մետաղների գների անշեղ աճ, դա վերաբերում է ոսկուն, պղնձին, վերջին 2-3 ամիսներին՝ նաեւ մոլիբդենին: Գների աճը նշանակում է ընդհանուր ոլորտում ակտիվության աստիճանի էական ավելացում, եւ, ինչու չէ, մեր կարեւորագույն ծրագրի՝ Թեղուտի հանքավայրի շահագործման առումով հեռանկարների էլ ավելի բարելավում: Կուզենայի, որ ալավերդցիները վստահ լինեն, որ զարգացումների միտումները դրական են, այն՝ ինչը, ցավոք, մենք չէինք կարող ասել անցած տարեվերջին եւ այս տարվա սկզբին: Այժմ զարգացումները բավականին դրական են: