Երեկ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց սեպտեմբերի 1-10-ը հանրապետության տարածքում «Զգուշացեք, երեխաներ են» նշանաբանով անցկացված անվտանգ երթեւեկության տասնօրյակի արդյունքները:
Տասնօրյակի ընթացքում Ճանապարհապարեկային ծառայության անձնակազմի կողմից հայտնաբերվեց ճանապարհային երթեւեկության կանոնների 20457 խախտում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ 9382-ով ավելի:
Անվտանգության ամրագոտիներից չօգտվող վարորդների նկատմամբ այդ օրերին կազմվել է 1646 արձանագրություն, ինչը նշանակում է, որ «գոտի չունեցողներից» յուրաքանչյուրը կպատժվի 5000-ական դրամ տուգանքով: Պետական վիճակագրական հաշվառման է վերցվել ճանապարհատրանսպորտային 59 պատահար, որի հետեւանքով զոհվել է 5 եւ վիրավորվել 70 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր ճանապարհատրանսպորտային 72 պատահար, որի հետեւանքով զոհվել էր 14 եւ վիրավորվել 89 մարդ: Դեպքերի քանակը նվազել է 13-ով, զոհերի թիվը՝ 9-ով, վիրավորներինը՝ 19-ով:
Տուն-դպրոց-տուն ճանապարհին դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ ոչ մի պատահար չի գրանցվել: