Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑ

Սեպտեմբեր 16,2009 00:00

Հացպանյանի մեղքն այն է, որ «հեռակա չի սիրել» հայրենիքը

\"\"Սեպտեմբերի 9-ին պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության (ԶՍՊ) վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ա. Սարգսյանը դիմել է արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Դ. Զաքարյանին եւ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի վարչական ապարատի ղեկավար Հ. Մուղսի-Հովեյանին՝ «սուտ մատնության» հոդվածով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի՝ ՊՆ հասցեագրած դիմումի կապակցությամբ:

ՊՆ վարչության պետն ակնարկում է, որ դիմումն առնչվում է ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հետ, ինչը, ըստ նրա, կարգավորվում է ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշմամբ: Ս. Հացպանյանը դիմել է կարգավիճակ ստանալու, որովհետեւ օրեր անց ավարտվող համաներումը տարածվում է նաեւ այն անձանց վրա, ովքեր մասնակցել են հայրենիքի սահմանների պաշտպանությանը:

«Ս. Հացպանյանը մինչեւ կալանավորվելը չի դիմել ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն, հետեւաբար չէր կարող ունենալ ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ»,- հայտնում է գնդապետ Ա. Սարգսյանը: Գնդապետին կալանավոր Հացպանյանն իր ուղարկելիք նամակում այս կապակցությամբ գրում է. «Ես չգիտեմ էլ ինչպես բացատրել, թե ինչու պիտի «հաշվառված» լինեի մի վարչությունում, երբ ինքս դրա գոյության մասին չեմ իմացել, չեմ դիմել երբեք: Ավելին, եթե չլիներ իմ բանտարկված լինելու հանգամանքը եւ համաներման մասին օրենքը, ես չէի իմանա, որ ինչ-որ ԶՍՊ վարչությունում պետք է հաշվառված լինեմ, որ ինձ էլ ինչ-որ տեղեկանք պետք է տրվի: Այսինքն, եթե ես հաշվառված չեմ, ուրեմն մարդ չե՞մ: Իսկ ով է մասնակցել, դուք՝ «հաշվառվածնե՞րդ», որոնք պատերազմի ժամանակ փոքր մաս էին կազմում: Մարտակերտում իմ պատկանած ջոկատում եղած, կռված, վիրավորված, նույնիսկ զոհված տղաների մեծ մասը ձեր այդ վարչությունում «հաշվառված չեն», ուրեմն, համարենք, թե նրանք չկա՞ն, մենք չե՞նք եղել: Թե ձեր վարչությունը ռետին է, որ որոշի՝ ում թողնի, ում ջնջի մեր հաղթանակի իրական պատմությունից»:

ՊՆ հիշյալ վարչության պետը գրում է նաեւ, որ Հացպանյանի դիմումն ընդունվել է որպես հիմք՝ մասնակցի կարգավիճակ ստանալու խնդրանքի վերաբերյալ. «Սակայն նշված դիմումը ՊՆ համապատասխան հանձնաժողովի քննարկմանը հնարավոր է ներկայացնել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին նրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի՝ ջոկատի, զորամասի հրամանատարի տեղեկանքի, ՊՆ եւ ԼՂՀ ՊՆ արխիվային բաժինների կողմից տրված տեղեկությունների առկայության դեպքում»:

Ս. Հացպանյանը պատասխան նամակում գրում է. «Ֆրանսիայից ես եկել եմ 1990-ին եւ բնակվում եմ Հայաստանում: 1991թ. նոյեմբերից մինչեւ 1995 թ. հունվարը իբրեւ կամավոր գտնվել եմ Արցախի Շահումյանի եւ Մարտակերտի շրջաններում: Նախ՝ Լեոնիդ Ազգալդյանի, ապա՝ Վլադիմիր Բալայանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ռազմական կառույցում, իսկ հետո էլ ԼՂՀ N զորամասում՝ «Հետախուզության-հակահետախուզության» վաշտում, իբրեւ սպա: Ունեմ զինգրքույկ, որն ինձ է տրվել ԼՂՀ ՊՆ N զորամասի հրամանատարության կողմից՝ շտաբի պետի ստորագրությամբ, կնիքով, եւ իմ մասին բոլոր տվյալները փաստագրված են: Կա մեկ այլ տվյալ էլ. ԼՂՀ ՊՆ արխիվային տվյալների համաձայն, ԼՂՀ ՊԲ հրամանատարի 29.10.1996թ. հրամանով պարգեւատրվել եմ անձնական ատրճանակով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, իսկ ոստիկանության կողմից ինձնից առգրավված ատրճանակը հաշվառված է եղել ԼՂՀ ՊԲ զորամասում, ամրակցված լինելով ինձ: Իմ՝ պատերազմին մասնակցելու փաստն առաջին հերթին հենց ձեզ է պետք, քանի որ դուք եք այսօր իմ եւ ինձ նման հազարավոր հայորդիների քրտինք-արյունով կայացած բանակում ծառայում, քանի որ դուք եք գնդապետներ ու գեներալներ ու ոչ թե ես ու իմ նմանները»:

Ինչ վերաբերում է համաներմանը, այն ավարտվելու է 15 օր հետո:

Այս հարցի հետ կապված՝ Ս. Հացպանյանը գրում է. «Դուք փոխանակ ձեր ամբողջ վարչությամբ նախարարությունը ոտքի հանեիք՝ 1-ի փոխարեն 101 փաստաթղթով ֆրանսահայիս «արտահերթ» կարգով մասնակցի կարգավիճակ տալու, որպեսզի ցույց տայիք, որ ՊՆ-ում վաստակը գնահատող սպաներ կան, ցույց տայիք գոնե, որ շահագրգռված եք, քանի որ երկու մանկահասակ երեխա ունի, մահամերձ հիվանդ հայր: Հետո՞ ինչ, որ «հաշվառված» չեմ, որ շատ հանգիստ Փարիզում նստած կարող էի հայրենիքը հեռվից սիրել: Այնքան կուզեի, որ ՊՆ-ում կամ ձեր վարչությունում գտնվեին հայ սպաներ, որոնք առնվազն իմ չափ սիրեին մեր Հայրենիքը: Հավատացեք ինձ, հայ գնդապետ, հայ մարդիկ, դրանից ամբողջ ազգը կշահեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել