Շիրակի ու ՌԴ Ուլյանովսկի մարզերի միջեւ տնտեսական, ավիացիոն, կրթամշակութային համագործակցություն սկսելու նպատակով երեկ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում գյումրեցիների աչքի առջեւ կնքվեց փոխադարձ պաշտոնական համաձայնագիր: Գյումրի ոտք դնելուն պես Ուլյանովսկի մարզպետ Սերգեյ Մորոզովը առաջին հերթին հույս հայտնեց՝ զարգացնել բիզնես-համագործակցությունը: Այդ նպատակով Ուլյանովսկի՝ 10 հոգուց բաղկացած կառավարական պատվիրակությունն այսօր մասնակցելու է «Շիրակ էքսպո 2009» ամենամյա տնտեսական ցուցահանդեսին ու պարզելու է, թե Շիրակի մարզը ունի՞ այդքան պոտենցիալ համագործակցություն ձեռնարկելու համար:
Նշենք, որ Ուլյանովսկի պատվիրակության՝ Շիրակի մարզ կատարած այցը ուներ մեկ կարեւոր նպատակ եւս. հիշել ու հարգել երկրաշարժի առիթով 1989 թ. սեպտեմբերի 20-ին աղետի գոտուն օգնություն բերող Ուլյանովսկի՝ Մարալիկում կործանված ինքնաթիռի զոհերի հիշատակը: Երեկ Ուլյանովսկից ժամանել էին նաեւ զոհերի հարազատները, որոնք եղան Մարալիկում ու ծաղկեպսակ դրեցին հանգուցյալների հիշատակին կառուցված հուշակոթողին: