Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստանում են եթերը աղբից մաքրել

Սեպտեմբեր 16,2009 00:00

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հեռուստաեթերից կհեռացնի ժարգոնն ու կրիմինալը:

«Եթերում այլեւս աղբ չի լինի կամ կլինի ավելի քիչ»,- երեկ «Արարատ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Սեպտեմբերի 21-ից Հանրային հեռուստաընկերությունը հեռուստադիտողին կներկայանա նոր եթերաշրջանով: «2008-ի սեպտեմբերից Հանրային հեռուստաընկերությունը բոլորովին նոր քաղաքականություն որդեգրեց, որը ծրագրվում էր իրականացնել 2 տարվա ընթացքում: Այն է՝ անցում կատարել նոր տիպի հեռուստատեսությանը: Մինչ այդ, արդարացիորեն կար այն դժգոհությունը, որ Հանրային հեռուստաընկերությունը շատ չի տարբերվում դաշտում գործող մասնավոր ալիքներից: Այդ կատաղի մրցակցության մեջ, փաստորեն, միակ խնդիրը դարձավ այն, որ Հանրային հեռուստատեսությունը լինի առաջին տեղում եւ դա անի ամեն գնով: Անցյալ տարվանից փոխեցինք մեր քաղաքականությունը եւ, կարծում եմ, դրա արդյունքում շուտով կհասնենք նրան, որ եթերից աղբ չի մատուցվի եւ էլի պահպանելով առաջատարի դիրքերը, կփորձենք դա իրականացնել որակյալ եւ մեծաքանակ հեռուստալսարան ունեցող արտադրանքով»,- նշեց Ա. Հարությունյանը:

Եթերում առկա լատինաամերիկյան եւ հայկական էժանագին սերիալների մասին ասաց. «Արդեն բավական երկար ժամանակ հրաժարվել ենք լատինաամերիկյան հեռուստասերիալներից, աստիճանաբար կհրաժարվենք նաեւ հայկական էժանագին սերիալներից, ինչպես «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն է ասում՝ այդ դաշտը եւս թողնելով մասնավոր հեռուստաընկերություններին»:

Նոր եթերաշրջանում Հանրային հեռուստատեսությունը ներկայանալու է, ինչպես շեշտեց Ա. Հարությունյանը՝ նոր գեղարվեստական ֆիլմերով եւ հանրային բնույթի մի շարք հաղորդումներով. «Սեպտեմբերի 28-ից նախատեսված էր «Սպանված աղավնի» ֆիլմի հեռուստատեսային տարբերակի ցուցադրումը, բայց քանի որ հասարակության հետաքրքրությունը ֆիլմի նկատմամբ չի մարում, կինոթատրոնների ղեկավարների խնդրանքով ֆիլմի ցուցադրումը հետաձգվում է: Բացի այդ, կցուցադրվի նաեւ Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հիման վրա ստեղծված համանուն ֆիլմը, շուտով կսկսվեն նաեւ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի էկրանավորման աշխատանքները: Մի խոսքով, այս տարին նվիրված է դասականներին: Ավարտին է մոտենում նաեւ «Պոլոզ Մուկուչ» հեռուստասերիալը, որն ամբողջությամբ նկարահանված է Գյումրիում»:

Ա. Հարությունյանի փոխանցմամբ, բացի ֆիլմերի ցուցադրումից, եթերում կլինեն նաեւ տարբեր ժանրերի հաղորդումներ: Իսկ ինչ վերաբերում է «Արարատ» մշակութային ալիքին, ըստ բանախոսի, սեպտեմբերից այն կներկայանա կրկին նոր լոգոյով: Խորհրդի նախագահի բնութագրմամբ, ընդլայնվել են հեռուստատեսության արբանյակային հեռարձակման շրջանակները. «Եթե ԱՄՆ-ում կային առանձին ափսեներով եւ «չարթր» կոչված համակարգում, հիմա ավելացել է նաեւ հեռախոսային բաժանորդագրումը, այսինքն՝ Ամերիկայում ապրող ցանկացած մարդ կարող է իր տան հեռախոսի համարի վրա ստանալ Հանրային հեռուստաընկերությունը եւ նայել իր հեռուստացույցով, իսկ Ֆրանսիայում նույնիսկ բջջային հեռախոսի վրա արդեն կա Հանրային առաջին ալիքը: Քանի որ այնտեղ շատ քիչ ալիքներ կան եւ հիմնականում ֆրանսիական եւ միջազգային հեղինակավոր ալիքներն են, հաշվի առնելով հայ համայնքի կարեւորությունը, արդեն մի քանի ամիս է՝ «Հ1»-ը նաեւ բջջայիններում է: 2010 թվականին նպատակ ունենք ծածկել ամբողջ Լատինական Ամերիկայի տարածաշրջանը եւ վերսկսել մեր հեռարձակումը Ավստրալիայում եւս»: Հեռուստադիտողի պահանջարկի մասին էլ նկատեց. «Հիմա մոդայի մեջ կրիմինալն ու ժարգոնն են, մի ժամանակ հայերը նման մի սովորություն ունեին. կանգնում էին Ամերիկայում ուրիշների շքեղ տների եւ մեքենաների մոտ եւ նկարվում՝ այստեղ տպավորություն թողնելու համար: Այսօր այդ մոդան տեղափոխվել է հեռուստատեսություն: Նկարահանում են նման հաղորդումներ, ֆիլմեր՝ սիրուն մեքենաների, տների մոտ, որոնք իրականում իրենց չեն պատկանում: Մենք նման բան չենք անի, այլեւս ոչ մի կրիմինալ եւ ոչ մի ժարգոն, հեռուստադիտողին պարտադիր չէ կրիմինալ, ժարգոն կամ ինչ-որ ապուշություններ ցույց տաս, որ անպայման նայի: Այսօր արդեն նկատելի է, որ նորմալ արտադրանքի պարագայում նրան աղբը քիչ կհետաքրքրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել