«Նոյյան տապանը», հղում անելով «Ջիհան» գործակալությանը, տեղեկացնում է, որ Փարիզի միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն, Թուրքիայի հարցերով փորձագետ Դիդիե Բիյոնը հայտարարել է, թե հայկական սփյուռքը, որ ամեն կերպ փորձում է խոչընդոտել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը, հարկ է, որ նայի ապագային, պետք է վերջ դնի անցյալի շահարկումներով ատելություն սերմանելու փորձերին:
Ըստ ֆրանսիացու, Թուրքիայի հետ մերձեցման հեռանկարում սփյուռքի՝ Հայոց ցեղասպանության փաստը որպես նախապայման առաջ քաշելու պահանջը մեծ սխալ է. «Թուրքական եւ հայկական իշխանությունները շատ խելացի վարվեցին, երբ որոշեցին գործի անցնել առանց որեւէ նախապայման առաջ քաշելու: Արձանագրություններում տեսնում ենք, որ պատմական ուսումնասիրությունների համար թուրք, հայ, շվեյցարացի եւ այլազգի մասնագետներից կազմված ենթահանձնաժողով է ստեղծվելու: Սփյուռքը հայ երեխաներին սնում եւ մեծացնում է թուրքերի նկատմամբ ատելությամբ: Ես հավատացած եմ, որ հնարավոր չէ ապրել միայն անցյալով: Պետք է նայել ապագային: Հայկական սփյուռքի ներսում կան քաղաքական խմբեր, որոնք էլ փորձում են իրենց շահերի համար օգտագործել անցյալի ցավոտ կողմերը: Քաղաքական նախաձեռնությունը ի զորու կլինի հաղթահարել մոլեռանդ ազգայնականությանը»:
Ըստ Դիդիե Բիյոնի, Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ Թուրքիային նույնպես պետք է ներառել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Չպետք է մոռանալ ղարաբաղյան հակամարտության մասին, որովհետեւ քանի դեռ այդ հարցը չի լուծվել, որեւէ հարց չի լուծվի»,- ամփոփել է Դիդիե Բիյոնը: