«Նոր ժամանակներ» կուսակցությունը անընդունելի է համարում ՀՀ Ազգային ժողովի մարտիմեկյան հանձնաժողովի ղեկավարի որդեգրած գործելաոճը՝ կապված հանձնաժողովի վերջնական զեկույցի ընդունման ձեւի հետ, ինչի հետեւանքով փաստաթուղթը դառնում է ոչ լեգիտիմ: Անցյալից ժառանգած «կոմսոմոլական» մերժելի գործելաոճով փորձ է արվում հանձնաժողովականներից առանձին-առանձին կորզել ստորագրություն՝ փաստացի հնարավորություն չստեղծելով անցկացնել հսկայածավալ փաստաթղթի (145 էջ) համակողմանի բաց քննարկում: Հանձնաժողովականներին չի բաժանվել զեկույցի նախագիծը, այն չի ներկայացվել հանձնաժողովի նիստի քննարկմանը եւ չի դրվել քվեարկության:
Ստեղծված իրավիճակում «Նոր ժամանակներ» կուսակցությունը հայտարարում է.
1. 2008թ. Մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած արյունալի դեպքերն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը իրավունք չունի առանց համակողմանի քննարկումների եւ առանց բաց քվեարկության ընդունված զեկույցը ներկայացնել ՀՀ ԱԺ քննարկմանը:
2. Կուսակցությունը գտնում է, որ ժամանակավոր հանձնաժողովի ողջ գործունեությունը այդօրինակ քայլերի արդյունքում դառնում է անիմաստ: Նման միջոցներով ստեղծված փաստաթղթերն ու եզրակացությունները Հայաստանի հասարակության համար կդառնան անընդունելի:
3. «Նոր ժամանակներ» կուսակցությունը իրեն իրավունք է վերապահում իր սկզբունքային անհամաձայնության մասին բարձրաձայնել՝ հանդես գալով առանձին եզրակացությամբ, եւ այդ մասին տեղյակ պահել միջազգային ատյաններին, այդ թվում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին:
Հ. Գ. «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ սեպտեմբերի 21-ին Սերժ Սարգսյանի հրավիրած տոնական միջոցառմանը, բայց ինչպես ասել է «Ա1+»-ին՝ հաստատ մասնակցելու է սեպտեմբերի 17-ի քննարկմանը՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, «որպեսզի հանկարծ չստացվի տպավորություն, թե վախեցան Սարգսյանի դեմքին ճշմարտությունն ասելուց»: