Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՉԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"Համաներմամբ ազատ արձակված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ եկել էր խորհրդարան ու զբաղեցրեց իր տեղը ՀՀԿ խմբակցության պատգամավորների շարքում՝ Սաշիկ Սարգսյանի, Կարեն Ավագյանի եւ Գրիգոր Մարգարյանի («Բելաջիո» համալիրի սեփականատերը) կողքին: Հակոբ Հակոբյանը ջերմորեն ողջագուրվեց Սամվել Ալեքսանյանի (որն իր սանիկն է) եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Հիշեցնենք, որ այս պատգամավորների անուններն ընդգրկված են ՀԱԿ-ի կողմից փաստահավաք խմբին ներկայացված այն 9 անձանց ցուցակում, որոնք մարտի 1-ին զինվորական հանդերձանք էին ստացել ՊՆ-ից: Եվ ըստ ամենայնի՝ Հակոբ Հակոբյանին հավատ չի ներշնչում այս տեղեկությունը: Ավելի վաղ նա մամուլին հայտնել էր, թե գալու է ԱԺ՝ իրեն կալանավորելու համաձայնություն տված պատգամավորների աչքերի մեջ նայելու համար: «Հենա՝ նայում եմ»,- այս մասին «Առավոտի» հիշեցմանն ի պատասխան՝ ծիծաղելով պատասխանեց պրն Հակոբյանը եւ նշեց, թե կողմ քվեարկածներին չի դատապարտում. «Համենայնդեպս՝ ես էի բոլորին խնդրել, որ կողմ քվեարկեն, որ եղածը դուրս գա ջրի երես»: Լրագրողներից մեկի հարցին՝ «Դուք այժմ շարունակո՞ւմ եք մնալ ՀԱԿ համախոհ»՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Հայ ազգային կոնգրես, ես մնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհն անպայման»: Ի դեպ, քանի որ Հակոբ Հակոբյանի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «Ա1+»-ին հայտնել է, թե 5-օրյա ժամկետում ԱԺ նախագահը կազմելու է արձանագրություն, ուղարկելու ԿԸՀ, որից հետո կդադարեցվեն Հակոբ Հակոբյանի պատգամավորական լիազորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել