Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» անցել են սպառնալիքների՞

Սեպտեմբեր 16,2009 00:00

Թեեւ հրապարակավ «Ժառանգության» գործիչները այլեւս երկրորդական են դիտում ներկուսակցական իրենց խնդիրներին անդրադարձը:

«Ժառանգությունից» հեռացված, սակայն այդ կուսակցության խմբակցության անդամ մնացող Վարդան Խաչատրյանը երեկ էլ ԱԺ նիստերի դահլիճում շարունակում էր նստած մնալ «Ժառանգության» համար նախատեսված տեղերում: Եվ նա, եւ «Ժառանգության» այլ պատգամավորները, որոնք հայտարարություններով հանդես եկան՝ ԱԺ ամբիոնն օգտագործեցին բացառապես հայ-թուրքական հարաբերությունների մասին իրենց տեսակետը հայտնելու համար եւ չանդրադարձան ներկուսակցական խնդիրներին։

Երեկ «Հայացք» ակումբում «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով դեռեւս 2008-ի հուլիսին իր ներկայացրած հատուկ կարծիքին եւ դիմումին, որը գրել էր որպես 5-րդ համագումարում վարչության անդամների ընտրությունների անցկացման վերաբերյալ թերություններն ու խախտումները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Վարչության անդամները, որոնք այսօր հրապարակել են այդ դիմումը եւ իմ հատուկ կարծիքը՝ այդ ժամանակ որոշում էին կայացրել, որ գնում են առաջ: Եվ շատ ցավում եմ, որ նման իրավիճակ է ստեղծվել իմ բացակայության ժամանակ մեր վարչությունում: Խորհուրդ եմ տալիս լրագրողներին մեծ աղմուկ չբարձրացնել: Սա սովորական վիճակ է, որը կարող է լինել ցանկացած կուսակցությունում, ու մենք հաղթահարելու ենք, կարելի է ասել՝ արդեն իսկ հաղթահարել ենք: Եվ բացարձակ կարիք չկա նորից անդրադառնալ այդ հարցին»: Սակայն նաեւ հավելեց, որ կարելի էր այդ մարդկանց հարցնել, թե ինչո՞ւ մեկ տարի առաջ համաձայնեցին իր հատուկ կարծիքում արտահայտած առաջարկին՝ փորձությունը հաղթահարել փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության ու սխալը ուղղելու ճանապարհով. «Ընդունեցին, որ պետք է գնանք այդ ճանապարհով՝ միմյանց ներելով ու հանդուրժողականությամբ: Ցավում եմ, որ այս անգամ դա չի ստացվել, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կարելի է վերականգնել, որովհետեւ ոչ մեկս այստեղ իրար թշնամի չենք: Իրար հետ անցել ենք շատ դժվար ճանապարհ՝ ես բոլորի հետ եղել եմ այնպիսի իրավիճակներում, որ իրենց կյանքին վտանգ է սպառնացել՝ թե՛ Արմեն Մարտիրոսյանի, թե՛ Զոյա Թադեւոսյանի: Եվ այժմ այս միմյանց չհասկանալը շատ վատ է, բայց ամեն ինչ հաղթահարելի է»:

Նշենք, որ հնարավոր չէ ունկնդիր լինել այս հորդորներին՝ այլեւս չանդրադառնալ «Ժառանգության» այս պատմությանը՝ այն պայմաններում, երբ կուսակցությունից հեռացվածները շարունակում են տրամադրել նոր տեղեկություններ: Ահա երեկ երեկոյան էլ «Ժառանգության» վարչության նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը մեզ հայտնեց. «Մալաթիայում իմ կուսակցական ընկերները, որոնց հետ ճանապարհ ենք անցել, որոնց շնորհիվ կուսակցությունը ձայներ է ստացել ու վաստակել այդ 7 տեղերն ԱԺ-ում՝ անընդհատ ինձ զանգում, հարցնում են, թե ինչ է պատահել: Ես էլ պատասխանում էի, թե հեռախոսով պատմելու բան չի՝ եկեք ինձ հետ կուսակցության գրասենյակի մոտ, կասեմ այդ մասին: Այդ լուրը հասնում է Մամիկոն Սարգսյանին, որը Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականն է եւ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը: Զանգեց ինձ եւ «արա»-ով խոսելով՝ սպառնաց, թե դու ի՞նչ իրավունք ունես մարդկանց հետ խոսելու՝ հեռացված ես կուսակցությունից: Պատասխանեցի, թե չի կարող արգելել ինձ խոսել իմ կուսակցական ընկերների հետ: Եվ հետո՝ ասացի, թե իմ իրավունքն է տեղեկատվություն տալ, դու ո՞վ ես, որ ինձ արգելես: Պատասխանեց, թե լսի, արա՛՝ ոչ մի շարժում չանես, թե չէ ընե՜նց բան կանենք քո եւ ընտանիքիդ գլխին, կմնաս տեղում: Իհարկե՝ դա ինձ բոլորովին չի անհանգստացնում. նա ո՞վ է՝ Թալինից է եկել, Բազմաբերդից, ու Կրիվոյի տղու հետ է խոսում: Թող Թալինի Բազմաբերդում ինքը բազմանա՝ իր գիտելիքներով: Ես չե՛մ վախենում, բայց երեւույթն է դառը, որ կարող են փորձ անել ահաբեկել քաղաքակիրթ մի մարդու, որն ավելի շատ գիտելիք ունի, քան իր ողջ գերդաստանը միասին»:

Մենք կփորձենք նաեւ պարզել Մամիկոն Սարգսյանի տարբերակը՝ տեղի ունեցածի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել