Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՂԱՆԱԿՈՎ

Սեպտեմբեր 16,2009 00:00

Երեկ այսպես սկսվեցին ՀՅԴ բողոքի գործողությունները, որոնք շարունակական են լինելու

\"\"Անցած 2 տարիների ընթացքում խիստ սակավ դեպքերից էր, որ ՀԱԿ-ի հավաքն արտոնեցին, իսկ դաշնակցականներինն՝ արգելեցին: Եվ այս հանգամանքն անմիջապես օգտագործեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ ԱԺ ամբիոնից երեկ հայտարարելով. «Այն, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է այս միջոցառումները, իսկ մեկ այլ՝ ընդդիմադիր ներկայացող քաղաքական ուժի թույլ է տվել՝ 5 օրվա քարտ-բլանշ տվել, որ ինչ ուզեն՝ քաղաքում անեն, խոսում է այն մասին, թե ով է իրական ընդդիմությունը մեր երկրում»:

\"\"
Հացադուլավորները սկզբում թերթերի վրա էին նստած, իսկ ավելի ուշ հայտնվեցին աթոռներ:

Սակայն չնայած քաղաքապետարանի արգելքին՝ ոստիկանությունը դաշնակցականներին երեկ չխոչընդոտեց ո՛չ հացադուլ կազմակերպել ԱԳՆ շենքի առջեւ, ո՛չ էլ փորձեցին արգելել, որ տեղավորվեն կառավարության շենքի աստիճանների վրա: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը միայն հրահանգեց. «Մուտքը բաց թողեք», եւ նստացուցարարները, որոնց մեջ էր, ի դեպ, նաեւ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը՝ կառավարության դռնից մի քիչ հեռու նստեցին:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է բողոքի իրենց գործողությունները՝ ասաց. «Կարծում եմ, նախ սխալ են արել, որ չեն արտոնել: Իրենք ենթադրել են, թե մենք զանգվածային միջոցառում ենք իրականացնում: Բայց սա ոչ զանգվածային միջոցառման կարգով է ընթանալու, եւ պահպանելու ենք այդ՝ 100 մարդուց ոչ ավելի պահանջը։ Այստեղ շատ կարգ ու կանոնով, կազմակերպված նստացույց է լինելու, որովհետեւ նպատակը հասարակական կարգը խանգարելը չէ, այլ մեր պահանջները բարձրաձայնելը։ Դա մենք անելու ենք ամենայն քաղաքակիրթ եղանակով: Եվ այստեղ որեւէ արգելք, իհարկե, մեզ չի կարող կասեցնել: Չնայած մենք որոշել ենք նաեւ քաղաքապետարանի այդ որոշումը բողոքարկել դատարանում, քանի որ արգելքը տեղին չէ եւ չի վերաբերում այն միջոցառման տրամաբանությանը, որն այստեղ իրականացնելու ենք»:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալն այդ ընթացքում հեռախոսով ինչ-որ մեկին պատմում էր, թե քանիսն են ցուցարարները, ինչ կարգախոսներ են պարզել: Իսկ դաշնակցականները կառավարության եւ ԱԳՆ-ի առջեւ ստենդներ տեղադրեցին, որոնց վրա շարադրված էին ՀՅԴ առաջարկած փոփոխությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում: Այդ փոփոխությունները՝ գրքույկի տեսքով, ու նաեւ թռուցիկներ բաժանում էին անցորդներին: Իսկ հացադուլավորներն ու նստացուցարարները ժամանակ առ ժամանակ բացականչում էին. «Ոչ մի զիջում թուրքերին», «Ո՛չ նախապայմաններին», «Նալբանդյան, հեռացի՛ր»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է, որ չեն փորձում խոչընդոտել նրանց գործողություններին՝ երեւի վերեւից հրահանգի՞ են սպասում՝ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ոչ մի հրահանգի էլ չենք սպասում: Կարգը խախտեն՝ տեղում կարգի կհրավիրենք»:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ու քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը, որը ինչպես եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սիմոն Սիմոնյանը, քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գեւորգյանը, Արարատի նախկին փոխմարզպետ Արտակ Չոբանյանը՝ հացադուլ հայտարարած 24 անձանցից էր՝ մեր խնդրանքով կանխատեսում անելով, թե ինչ գործողություններ կարող են լինել ոստիկանների կողմից՝ ասաց. «Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ ոստիկան նման պահանջների դեմ քայլ չի ձեռնարկի»: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, որը զրուցում էր բարձրաստիճան ոստիկանների հետ՝ հետո մեզ համոզմունք հայտնեց, թե «Զանգվածային միջոցառումների մասին» օրենքի սահմաններում է իրենց ակցիան. «Եվ օրենքի համաձայն, կարծում եմ, որ որեւէ խոչընդոտ չի կարող հարուցվել»: Այնուամենայնիվ՝ հաշվի առնելով մեր երկրում հացադուլավորների եւ նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնության նախադեպերը՝ դաշնակցականները եւս չէին բացառում, որ իրենց նկատմամբ էլ բռնություն կկիրառվի, եւ Վահան Հովհաննիսյանն այս կապակցությամբ վստահեցրեց, թե պատասխանը համարժեք կլինի. «Մենք կդիմադրենք՝ կախված միջամտության ձեւից»:

Նստացույցին, եթե այն իրոք տեւի մինչեւ հոկտեմբերի 13-ը՝ ինչպես նախատեսված է, մասնակցելու են 50 հոգի, որոնք փոխարինվելու են 3 օրը մեկ: Հացադուլավորները փոխարինվելու են 2 օրը մեկ: Արմեն Ռուստամյանը հայտնեց, թե ՀՅԴ խմբակցության պատգամավորները մասնակցելու են միայն նստացույցին, «որովհետեւ իրենք շատ գործեր ունեն անելու»: Սակայն Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, թե ինչպես ինքը, այնպես էլ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ինչ-որ պահից նույնպես կմիանան հացադուլին: Նկատենք, որ հացադուլավորների կողքով անցնող քաղաքացիներից մեկը նրանց հենց դա էլ հարցրեց. «Էդ ձեր ղեկավարներն ինչի՞ չեն նստում՝ մենակ դուք եք»: Սակայն դաշնակցականներից մեկը խիստ բորբոքված պատասխան տվեց. «Դո՛ւ խի չես նստում: Դու հա՞յ չես»:

Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսում համատեղ հանրահավաք են անելու ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն եւ ՌԱԿ-ը՝ բողոքելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ:

Հ. Գ. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի Հանրապետության պատմությունից կարո՞ղ է նախադեպ մտաբերել, որ բողոքի նման գործողությունը՝ հացադուլը կամ նստացույցն արդյունավետ լինի, որ Դաշնակցությունն էլ նման միջոցառումներով հույս ունի ինչ-որ փոփոխությունների հասնել. «Նայած թե արդյունք ասելով՝ ինչ եք հասկանում, ում վրա եք ուզում ազդել: Մենք առաջին հերթին ուզում ենք ազդել քաղաքական ուժերի, ժողովրդի վրա եւ վերջում՝ պետության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել