Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՎԱՐԱ՞Ր ԵՆ

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունից հետո ԵԽԽՎ վեհաժողովի համար պարզ կդառնա՝ կա՞ լրացուցիչ քննության անհրաժեշտություն:

Ամենայն հավանականությամբ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահն այսօր կհրապարակի իր եզրակացությունը: Թեպետ երեկ օրվա առաջին կեսին այդ եզրակացության տակ դեռ չէին ստորագրել ԲՀԿ-ն, ԱԺՄ-ն, Մարդու իրավունքների պաշտպանը եւ Դաշնակցությունը:

Առաջին երեքի դեպքում խնդիրը պարզ է, նրանք հաստատ կստորագրեն առանց լրացուցիչ բարդություն ստեղծելու, մինչդեռ ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, պատրաստվում է հատուկ կարծիքով հանդես գալ եւ ներկայացնել իր առանձին դիտարկումները: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 24-ին ԵԽԽՎ 23-րդ նստաշրջանում ընդունված 1677 բանաձեւն ամբողջությամբ նվիրված էր մարտիմեկյան դեպքերին: Բանաձեւում հույս էր հայտնված, որ ժամանակավոր հանձնաժողովը կկարողանա այնպիսի եզրակացություն ներկայացնել, որը կբավարարի նաեւ եվրոպական կառույցներին: Փաստաթղթում, մասնավորապես, գրված է. «Վեհաժողովը գտնում է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցից պարզ կդառնա, թե արդյոք անկողմնակալության եւ վստահելիության չափանիշները բավարա՞ր են, եւ արդյոք անհրաժե՞շտ է լրացուցիչ քննություն»:

Երեկ աշխատանքային քննարկումների ժամանակ հանձնաժողովի անդամները դարձյալ միակարծիք չեն եղել: Շատերը հարցեր են բարձրացնում, որոնք արդեն կան եզրակացության մեջ, ուրիշները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում պնդել, որ եզրակացության մեջ հստակ լինեն իրավապահների գործողությունների իրավաչափության եւ համաչափության հարցերը: Նույնը պնդում է նաեւ Դաշնակցությունը: Ի դեպ, Դաշնակցությունը գտնում է, որ նախաքննական մարմնի անցկացրած քննության մակարդակը բավարար չէ՝ անկողմնակալ եւ ճշգրիտ գնահատականի համար: Դաշնակցությունը գտնում է նաեւ, որ անհրաժեշտ է լրացուցիչ քննություն՝ զոհերի մահվան հանգամանքների պարզաբանման համար:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եզրակացության հրապարակումից հատուկ սպասելիք չունի եւ, իր ասելով, իրեն չի հետաքրքրում, թե քաղաքական որ ուժը ինչպիսի վերաբերմունք կդրսեւորի այդ եզրակացության հանդեպ. «Հաճախ քաղաքական ուժերի վերաբերմունքը ոչ թե տվյալ երեւույթի ճիշտ մեկնաբանմանն է ուղղված, այլ՝ ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծելուն։ Ինձ ավելի շատ հետաքրքրում են այն իրավական-քաղաքական բնույթի առաջարկները, որոնք մեկ նպատակ ունեն՝ այնպես անել, որ նման երեւույթներ այլեւս մեր երկրում չկրկնվեն»: Հանձնաժողովի անդամ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները եւս կհրավիրվեն խորհրդարան, իսկ ՀԱԿ-ի անդամներից որեւէ մեկը, հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ, այսօր չի հրավիրվի եզրակացությունը լսելու: Մեր հարցին՝ չի՞ պատրաստվում հանձնաժողովը հրավիրել փաստահավաք խմբի անդամներին, ՀԱԿ-ի ներկայացուցիչներին, զոհերի ծնողներին՝ այս եզրակացությունը լսելու, պարոն Նիկոյանն ասաց. «Ինչի՞ համար, իրենք ի՞նչ կապ ունեն հանձնաժողովի զեկույցի հետ: Հանձնաժողովի զեկույցի հետ կապ ունեն միայն հանձնաժողովի անդամները: Որեւէ կանոնակարգով նման բան նախատեսված չէ, եթե որեւէ մեկն ապացուցի, որ դա անհրաժեշտ է, կփորձենք դա անել, բայց, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա»:

Պարոն Նիկոյանին հարցրինք նաեւ՝ ինքը եւ հանձնաժողովը ունեի՞ն հատուկ պատվեր՝ գնալ ՊՆ եւ տեղում փորձել «սխալ հանել» փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի կողմից տրամադրված տեղեկությունները: (Ի դեպ, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին երեկ «Առավոտը» հարցրեց՝ ինքը մարտի 1-ին քանի՞ բաճկոն է ստացել իր «տղերքի» համար. «Ինչ բաճկոն, ինչ բան, այ քուր ջան, ես իմ համար մեր գյուղում նստած եմ»,- եղավ պատասխանը): Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դեմ էր ՊՆ պահեստները ստուգելուն, եւ ՊՆ գնալու մասին որոշումը ծնվել է հանձնաժողովի նիստի ժամանակ, եւ մարդիկ գնացել ու տեղում պարզել են, որ նման բան չկա:

Եզրակացությունը հրապարակային դարձնելուց առաջ Սամվել Նիկոյանի զգացողությունը հետեւյալն է. «Ես ի սկզբանե ասել եմ, որ զեկույցը ուղղելու եմ հանրության լայն շերտերին, ես հասկանում եմ, որ իմ զեկույցը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալու: Որեւէ մեկի կարծիքին եթե զեկույցը չհամընկնի, ապա այն քննադատվելու է եւ քարկոծվելու է, բայց դա ինձ առանձնապես չի մտահոգում, որովհետեւ ի սկզբանե ես գիտեի, որ այդպես է լինելու: Իմ զեկույցը հաստատ դուր չի գալու պետական որոշ մարմինների եւ, իհարկե, ծայրահեղ ընդդիմության ղեկավարների մի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել