Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչվերացը տխուր տոն չէ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Կամ ինչպես ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը սովորեց քոչարի պարել:

Սեպտեմբերի 13-ին «Արարատ հոլլ» ռեստորանում Սուրբ Խաչին կամ Խաչվերաց տոնին նվիրված տոնակատարություն էր, որը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը: Տոնի ճիշտ անվանումը Խաչվերաց է, այսինքն՝ խաչի վերացում, որը գրաբարյան տարբերակում նշանակել է խաչի բարձրացում:

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը ներկայացրեց տոնի ակունքները, ըստ որի՝ հրեաները, որ ուզում էին վերացնել քրիստոնեության ցանկացած հետք, Քրիստոսի խաչելությունից հետո խաչափայտերը աղբանոց են նետում, որոնք դարեր շարունակ աղբով պատված են մնացել: 4-րդ դարի սկզբում Բյուզանդիայի Հեղինե կայսրուհու ջանքերով 3 խաչափայտերը գտնվում են: Ավանդույթներից մեկի համաձայն, Քրիստոսի խաչափայտի միջոցով երիտասարդը հարություն է առել: Մեկ այլ ավանդույթի համաձայն, Քրիստոսի խաչափայտը պատված է եղել ռեհանի ծիլերով եւ տերեւներով, որը չի թողել, որ փայտը փչանա ու անուշահոտություն է տարածվել: 335 թվականին Քրիստոսի խաչը կանգնեցվել է Սբ. Հարություն տաճարում, իսկ հետագայում այն մասունքների է բաժանվել եւ տրվել բոլոր քրիստոնյա եկեղեցիներին: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մինչ այսօր պահվում է այդ մասունքը, որով օծում են մյուռոնը: Հայ առաքելական եկեղեցին տոնը նշում է սեպտեմբերի 11-17-ը ընկած կիրակի օրը, սակայն մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայ ժողովուրդը Խաչվերացը նշել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, եղել են բնակավայրեր, որոնք ունեցել են տոնի նշման իրենց հատուկ օրը: Այս տոնը, ի տարբերություն մեր մյուս ժողովրդական տոների, հարուստ չէ ծեսերով ու ավանդույթներով: Բայց որոշ սովորույթներ, այնուամենայնիվ, պահպանվել են, օրինակ՝ ուլ մորթելը, որը հեթանոսկան շրջանի հետեւանք է, իսկ այցելությունը գերեզման՝ կրել է ուրախ բնույթ: Տոնի հետ կապված են եղել նաեւ զանգվածային ուխտագնացությունները, ամենահայտնի սրբավայրերից է Կարնո աշխարհում գտնվող Խաչկավանքը:

«Առավոտի» հետ զրույցում Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը ասաց. «Սա ուրախության, ցնծության տոն է, միակ պատճառը, որ մենք հեռացել ենք մեր քրիստոնեական ակունքներից՝ 70 տարիների անաստված վիճակն է, որը արգելում էր մարդկանց ճշմարտությունը լսել եւ խոսել»:

Տոնին նվիրված կերակրատեսակներից են ուլի խորովուն, մշոշը, ղափաման եւ Երեւանի գաթան:

«Կարին» ավանդական երգի ու պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ պատմեց Սուրբ Խաչին նվիրված պարերի մասին. «Ամենահայտնին քոչարին է, որը շատերը պարում են ու չգիտեն՝ ինչին է նվիրված: Հիմնական իմաստը խոյի պաշտամունքն է, այսինքն՝ խոյահարելու շարժումը, որով հայերն ուզել են առնականությունը արտահայտել: Եվ քանի որ ուլը, այծը՝ որպես խաղողը փչացնող կենդանի, մատաղ են արել, մորթելուց առաջ արձակած ձայնը կոչվել է նոխազերգություն կամ քաղենվագ»:

Տոնակատարության վերջում ներկայացվեցին քոչարիի մի քանի տարբերակներ՝ Կարինի, Սասունի եւ Ալաշկերտի, հնչեցին նաեւ տոնին նվիրված հոգեւոր երգեր: Ներկաները հնարավորություն ունեին քոչարի պարել սովորել: Պարողներին միացավ նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Նա «Առավոտի» հետ զրույցում խոստովանեց, որ քոչարի պարելուց հետո ցանկություն ունի հայկական պարեր սովորել: Իսկ կերակրատեսակներից դեսպանն ամենից շատ հավանել էր դդումից պատրաստված ավանդական ղափաման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել